Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-327-08.06.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-110-Ն քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասը «դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ.

«Ընդ որում դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով կամ 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի չափը փաստացի հաշվարկում է պատասխանողի կողմից հայցապահանջը ամբողջությամբ կատարելու օրվա դրությամբ եւ այդ պահից սկսած մինչեւ դատարանի վճիռ կայացնելը պատասխանողի նկատմամբ որեւէ տույժ կամ տուգանք չի կարող հաշվարկվել:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Համաձայան 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված եւ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի քաղաքացիական գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետեւանքով գործի վարույթը կարճվելու դեպքում դատարանը դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա: Սույն օրենսգրքով` դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար դատական ծախսերի մաս կազմող պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա, որի մեջ մտնում են նաեւ պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) եւ տոկոսների գումարները: Սակայն սույն օրենքով չի հստակեցվում տուժանքի եւ տոկոսների հաշվարկման ժամկետները, դրանք սահմանվում են ստորադաս իրավական ակտով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի թիվ 129 որոշմամբ, որով դատարանը հաշվարկում է  վերը նշած տուժանքներն ու տոկոսները դատարանի վերջնական դատական ակտ կայացնելու օրվա դրությամբ: Ինչպես հայտնի է մեր դատական պրակտիկայում դատական գործերը դատարաններում կարող են քննվել ամիսներով ու տարիներով, եւ վերջնական դատական ակտը կարող է կայացվել քաղաքացու, նույն ինքը պատասխանողի կողմից, հայցապահանջը ամբողջությամբ կատարելու օրվանից հետո մի քանի ամիս անց միայն: Այդ պատճառով առաջարկում եմ նախ վերադաս իրավական ակտով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ամրագրել  տուժանքի եւ տոկոսների հաշվարկման ժամկետները, ինչպես նաեւ  ազատել քաղաքացուն (պատասխանողին) անիմաստ եւ ոչ օբյեկտիվ գործոններով պայմանավորված լրացուցիչ գումարների վճարումից:

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ  ՀՈԴՎԱԾՆ է 110-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ

Հոդված 110. Դատական ծախսերի բաշխումը հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում

1. Հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետեւանքով գործի վարույթը կարճվելու դեպքում դատարանը դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա:

3. Հաշտության համաձայնություն կնքելիս գործին մասնակցող անձինք անդրադառնում են դատական ծախսերի բաշխմանը, այդ թվում նաեւ ներկայացուցիչների ծախսերի հատուցման հարցին:

4. Եթե հաշտության համաձայնություն կնքած անձինք դատական ծախսերը բաշխելու հարցը չեն կարգավորել հաշտության համաձայնությամբ, ապա դատարանը հաշտության համաձայնություն կնքած անձանցից դատական ծախսերը բռնագանձում է հավասարաչափ:
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

          ՀԱՐԳԵԼԻ՜ ՊԱՐՈՆ ԲԱԲԼՈՅԱՆ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը:  Նախագծին կից ներկայացվում են`

1. օրենքի  ընդունման հիմնավորումը,

2. օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,

3. օրենքում փոփոխվող հոդվածը:

Խնդրում ենք սահմանված կարգով օրենքի նախագիծը դնել շրջանառության մեջ:

Առդիր` 4(չորս) էջ:
 
Հարգանքով`
Տիգրան Ուրիխանյան /065/