Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-328-11.06.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում լրացնել նոր՝ 4-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Անձը չի կարող նույն հիմքով կրկին անգամ ապաստան հայցել»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 47-րդ հոդվածում լրացնել 2.1 մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1 ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած կամ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ում ազատությունը օրենքով սահմանված կարգով սահմանափակված կամ ով ազատությունից զրկված է կամ ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ տարածքում, դիմում է ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար այդ իրավունքի մասին ծանուցման պահից՝ 15 օրացուցային օրվա ընթացքում: Սույն մասում նշված անձանց արգելանքի վերցնելուց հետո անհապաղ իրենց հասկանալի լեզվով, այդ թվում՝ գրավոր, պարզաբանվում է ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմելու վերջիններիս իրավունքը եւ ապահովում դրա իրացումը»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությունում «երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ապաստան հայցողին» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 52.1 հոդվածի 7-րդ մասում նախատեսված դեպքի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 52.1 հոդվածում՝.

1) 1-ին մասում լրացնել 3-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3) ներկայացված են սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1 մասում նախատեսված սուբյեկտների կողմից»:

2) լրացնել 7-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով հարուցված հայցերով կայացված որոշումն անհապաղ տրամադրվում է դիմողին»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասում «դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «բացառությամբ 52.1 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հայցերով կայացված որոշումների, որոնք ենթակա են բողոքարկման դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փախստականների եւ ապաստանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորվում է միջազգային իրավական պաշտպանության այնպիսի միջոց, ինչպիսին ապաստան հայցելու իրավունքն է:

Առկա վիճակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք դեպքերում օրենքով նախատեսված կարգով անազատության մեջ հայտնված անձանց կողմից փախստականի կարգավիճակ կամ ՀՀ-ում ապաստան ստանալու իրավունքից օգտվելը դիտվում է որպես իրենց նկատմամբ օրենսդրությամբ սահմանված որոշակի սահմանափակումներից խուսափելու միջոց:

Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է օտարերկրյա պետությունների կողմից հետախուզման մեջ գտնվող եւ ՀՀ տարածքում ձերբակալված կամ կալանավորված անձանց:

Այսպես՝ ՀՀ տարածք ապօրինի մուտք գործած անձանց կողմից հետագայում փախստականի կարգավիճակ կամ ապաստան հայցելն ընկալվում է որպես իրենց կողմից կատարված հանցագործության «արդարացում»:

Մինչդեռ հիշյալ հարցի կապակցությամբ «Փախստականների կարգավիճակի մասին» ՄԱԿ-ի 1951թ. կոնվենցիայի 31-րդ հոդվածի համաձայն՝ ապաստան տված երկրում անօրինական կարգով գտնվող փախստականների նկատմամբ պայմանավորվող պետությունները պատժամիջոցներ չեն կիրառում իրենց երկիր ապօրինի մուտքի կամ ներկայության համար, եթե փախստականները ուղղակիորեն եկել են այն տարածքից, որտեղ նրանց կյանքը կամ ազատությունը վտանգվում էր 1-ին հոդվածի իմաստով, մուտք են գործել իրենց տարածք կամ գտնվում են այնտեղ առանց թույլատրության, պայմանով, որ նրանք անձամբ, առանց ձգձգման, ներկայանան իշխանություններին եւ մատնանշեն իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառ։

Նույնաբովանդակ դրույթ է ամրագրված նաեւ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածով, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածում:

Սակայն, փորձը ցույց է տալիս, որ մի շարք դեպքերում ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուց եւ այդ հանցավոր արարքը իրավապահների կողմից բացահայտվելուց տեւական ժամանակ հետո այն կատարած անձինք դիմում են լիազոր պետական մարմնին՝ իրենց ՀՀ-ում փախստականի կարգավիճակ կամ ապաստան շնորհելու հայցով՝ այդպիսով նպատակ ունենալով խուսափել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից:

Մեկ այլ խնդրահարույց իրավիճակ է ստեղծվում օտարերկրյա պետությունների կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց կողմից ՀՀ տարածքում ձերբակալվելու եւ կալանավորվելուց հետո չվերադարձվելիության սկզբունքի ուժով փաստացի «հանձնման անձեռնմխելիություն» ձեռք բերելու նպատակով փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի հայցով դիմելիս:

Նման պայմաններում երբեմն իրավապահ մարմիններն անձի հանձնումը թույլատրելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման առկայության պայմաններում փաստացի զրկված են լինում անձի հանձնումն իրականացնելու հնարավորությունից՝ հաշվի առնելով միջազգային եւ ներպետական օրենսդրությամբ նախատեսված արգելքները:

Նման իրավիճակներում անձը գտնվում է կալանքի տակ (որի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 8 ամիսը) եւ հետախուզումը նախաձեռնող պետությանը հանձնվելուց խուսափելու կամ այդ գործընթացը հետաձգելու նպատակով դիմում է վերը նշված իրավական մեխանիզմներին՝ պատճառաբանելով, որ իր վերոգրյալ իրավունքը նախկինում իրեն պարզաբանված չի եղել: Նման իրավիճակներում անձի փաստացի հանձնումը հետաձգվում է՝ մինչեւ իր հայցի վերաբերյալ վերջնական որոշման, այդ թվում՝ դատական ատյանների բողոքարկման արդյունքում ընդունված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Ավելին, Օրենքում չկա որեւէ դրույթ, որն անձին կարգելի նույն հիմքով կրկին դիմում ներկայացնել լիազոր մարմնին: Մինչդեռ ՀՀ քրեադատավարական օրենքով նախատեսված առավելագույն ժամկետի ավարտից հետո հանձնման նպատակով կալանավորված անձը ենթակա է անհապաղ ազատ արձակման, ինչը կարող է հետագա բարդությունների, այդ թվում՝ հանձնման անհնարինության հանգեցնել՝ վերջինիս ՀՀ-ում փախստականի կարգավիճակ կամ ապաստան շնորհելու հայցը մերժելու դեպքում:

Վերոգրյալի կապակցությամբ պետք է նշել, որ թեեւ ՀՀ օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրված չեն անձի կողմից փախստականի կարգավիճակ կամ ապաստանի հայցով դիմելու ժամկետներ, սակայն տվյալ խնդիրը բազմիցս քննադատության է արժանացել տարբեր մարմինների կողմից եւ ընդգծվել տվյալ ոլորտում իրավունքի չարաշահման հնարավորության բացառման անհրաժեշտությունը:

Այսպես՝ փախստականների կարգավիճակի շնորհման եւ քննարկման գործընթացի նվազագույն ստանդարտների վերաբերյալ ԵԽ 2005/85/EC 01.12.2005թ. հրահանգի 23-րդ հոդվածի 4-րդ մասի «i» կետը, սահմանելով հայցի ուսումնասիրման ընթացակարգերը, ամրագրել է, որ հայցը պետք է արագացված կարգով քննարկվի, եթե հայցող անձը առանց որեւէ հիմնավոր պատճառների իր հայցն առավել վաղ չի ներկայացրել՝ ունենալով այդպիսի հնարավորություն:

Պետք է նշել, որ նույն հրահանգի 10-րդ հոդվածի 1-ին մասի «a» եւ 35-րդ հոդվածի 3-րդ մասի «b» կետերով սահմանված է ապաստանի հայցով դիմելու իրավունքը անձին «ժամանակին» պարզաբանելու պետության պարտականությունը:

Ռախիմովն ընդդեմ Ռուսաստանի գործով վճռում (91-րդ կետ) մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ անձի կողմից այլ պետության տարածք ժամանելիս ապաստանի հայցով անմիջապես չդիմելը էական է նրա պնդումների արժանահավատությունը գնահատելիս:

1.2 Անդրադառնալով հիշյալ ոլորտում առկա մյուս խնդրին՝ փախստականի կարգավիճակ հայցելու կամ ապաստան հայցելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ իրականացվող վարչական վարույթների քննարկման ժամկետներին, հատկանշական է, որ Օրենքի 45-րդ հոդվածի համաձայն՝ փախստականի կարգավիճակի եւ ապաստանի տրամադրման վարչական վարույթը կարող է իրականացվել սույն օրենքով սահմանված ընդհանուր կամ արագացված ընթացակարգերով: Ապաստան ստանալու մասին դիմումը լիազոր մարմինը քննարկում է դիմումը լիազոր մարմնում գրանցվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված արագացված ընթացակարգերի կիրառման դեպքի: Լիազոր մարմնի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ երեք ամիս ժամանակով, եթե առկա են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչական վարույթի ժամկետի երկարաձգման հիմքեր:

Նույն Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապաստան հայցողները եւ փախստականներն իրավունք ունեն դատական կարգով բողոքարկելու ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման առնչությամբ հարուցված ապաստանի ընթացակարգի, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված վարչական այլ ընթացակարգերի հետեւանքով լիազոր մարմնի կայացրած ցանկացած բացասական որոշում՝ դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները) վերանալուց հետո ապաստան հայցողը 15 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ապաստանի հայցի առնչությամբ լիազոր մարմնի կայացրած որոշման ընդունման մասին տեղեկանալու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում, կարող է բողոք ներկայացնել դատարան:

Վարչական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածն իր հերթին ամրագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելը եւ բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում:

Նման պայմաններում ստեղծվում է իրավիճակ, երբ անձի հանձնումը թույլատրելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման առկայության պայմաններում անազատության մեջ գտնվող անձի կալանավորումը շարունակաբար երկարացվում է եւ նա փաստացի չի հանձնվում օտարերկրյա պետությանը՝ դատական ատյաններում իր բողոքի վերաբերյալ քննությանը նրա մասնակցությունն ապահովելու նպատակից ելնելով:

Նույն խնդիրն առկա է նաեւ ստորադաս դատական ատյանի որոշման դեմ վերադաս դատարան բողոք ներկայացնելու եւ այն դատարանի կողմից քննարկելու գործընթացներում:
Հետեւաբար, անհրաժեշտություն կա հստակեցնել անազատության մեջ գտնվող անձի կողմից փախստականի կարգավիճակ կամ ապաստան հայցելու դիմումների քննարկման եւ դրանց կապակցությամբ ընդունված որոշումների բողոքարկման ընթացակարգերը՝ սահմանելով հստակ եւ կանխատեսելի ժամկետներ:

1.3 Թեեւ ՀՀ կառավարության 14.06.2007թ. ?818 որոշմամբ սահմանված է մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող` ծանուցման ենթակա իրավունքների ցանկը եւ ծանուցման կարգը, սակայն նշված իրավունքների ցանկը չի ներառում անձի՝ փախստականի կարգավիճակ կամ ապաստանի հայցով դիմելու իրավունքը:

Հետեւաբար՝ փախստականի կարգավիճակ կամ ապաստան հայցելու իրավունքի ներառումը անմիջապես ծանուցման ենթակա իրավունքների ցանկում կնպաստի վերը թվարկված իրավիճակներում միջազգային իրավունքի դրույթներով ամրագրված վերը նշված իրավունքի անթույլատրելի չարաշահման բացառմանը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող կարգավորման նպատակն է օրենքով սահմանված կարգով ազատությունը սահմանափակված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու, այդ թվում՝ Օրենքով նախատեսված իրավասու մարմնի կողմից կայացված բացասական որոշումը դատական կարգով բողոքարկելու ողջ ընթացակարգը ենթարկել ժամկետային կարգավորման, բացառել նույն հիմքով երկրորդ անգամ լիազոր մարմնին դիմելու պրակտիկան՝ ապահովելով իրավական որոշակիությունը, բացառելու իրավունքի չարաշահման հնարավորությունը եւ ապահովելու քրեադատավարական հարաբերությունների բնականոն ընթացքը:

Այսպես՝ Նախագծերով առաջարկվում է.

Հատկանշական է, որ նմանատիպ կարգավորում առկա է նաեւ Վրաստանի օրենսդրությամբ:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման եւ միջազգային-իրավական համագործակցության վարչությունների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ կհստակեցվի օրենքով սահմանված կարգով ազատությունը սահմանափակված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու, այդ թվում՝ Օրենքով նախատեսված իրավասու մարմնի կողմից կայացված բացասական որոշումը դատական կարգով բողոքարկելու ընթացակարգը՝ սահմանելով հստակ եւ կանխատեսելի ժամկետներ՝ ապահովելու համար իրավական որոշակիությունը, քրեական պատասխանատվության եւ պատժի անխուսափելիությունը, քրեադատավարական հարաբերությունների բնականոն ընթացքը եւ բացառելով իրավունքի չարաշահման հնարավորությունը:

Տեղեկանք

«Փախստականների եւ ապաստանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ

«Փախստականների եւ ապաստանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Եզրակացություն

«Փախստականների եւ ապաստանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

«Փախստականների եւ ապաստանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

11 մայիսի 2018 թվականի N 565-Ա

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. մայիսի 21
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 11-ի N 565-Ա որոշումը։

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ