ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածը լրացնել 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումներ շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությանը կցվում է բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը եւ պետական լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան միջնորդությունը:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի` տվյալ զինծառայողին բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով` սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «ժամկետից» բառից հետո լրացնել «, կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 139-րդ կամ 142-րդ կամ 266-րդ կամ 272-րդ կամ 327Ա-րդ կամ 327ա-րդ կամ 327?-րդ կամ 362-րդ հոդվածներով կամ 363-րդ հոդվածի 2-րդ եւ/կամ 3-րդ մասերով նախատեսված արարքներ կատարելու համար» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 5-րդ կետերում, 26-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «ունակության» բառից հետո լրացնել «առնվազն» բառը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 25-րդ հոդվածում՝
1. 3-րդ մասի.
1) 1-ին կետում «որոշում է կայացնում» բառերը փոխարինել «եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին» բառերով.
2) 2-րդ կետում «վերաբերյալ կամ մերժում է նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ քաղաքացու դիմումը» բառերը փոխարինել «կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ» բառերով.
2. 4-րդ մասի 2-րդ կետում «որոշում է կայացնում» բառերը փոխարինել «եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին» բառերով.
3. 6-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.
4. 7-րդ մասի 2-րդ կետում «որոշում է կայացնում» բառերը փոխարինել «եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին» բառերով.
5. 8-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.
6. 9-րդ մասում «որոշումները (եզրակացությունները)» բառերը փոխարինել «եզրակացությունները» բառով.
7. լրացնել 11-րդ եւ 12-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«11. Սույն հոդվածի համաձայն շարքային եւ պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով՝ սույն հոդվածով սահմանված համապատասխան հանձնաժողովների եզրակացությունները հաշվի առնելով:
12. Սույն հոդվածի համաձայն շարքային եւ պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու եզրակացությունների կամ քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննական եզրակացությունների հիման վրա տրված հրամանները, դրանց կայացման օրվանից երկամսյա ժամկետում, կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ դատարան` օրենքով սահմանված կարգով: Բողոքների ներկայացումը` մինչեւ տրված հրամանների վերանայումը, չի կասեցնում այդ հրամանների կատարումը:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասում «եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մասնագիտությունների ցանկում ներառված մասնագիտություն ունեցող շարքային կազմի եւ ռազմաբժշկական կամ ռազմադասախոսական բնույթի որոշակի պաշտոններ զբաղեցնող» բառերը հանել:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1. «՝ անկախ պատճառներից» բառերը հանել.
2. լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած քաղաքացիների համար սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված հետեւանքը չի կարող ծագել պայմանագրի գործողության ընթացքում քաղաքացու՝ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու եւ/կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու, պատճառով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35.1 հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 35.1. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ
1. Պայմանագրային զինծառայողին բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակում է Հանրապետության նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությանը կցվում է նաեւ բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը եւ պետական լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան միջնորդությունը:
2. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
3. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
4. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
6. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի` պայմանագրային զինծառայողը բարձրագույն հրամանատարական կազմի տվյալ զինվորական պաշտոնին նշանակված է համարվում իրավունքի ուժով` սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում:
Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 40-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10) վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական (կամ առկա ուսուցմամբ ոստիկանական ուսումնական) հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում.».
2. լրացնել 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումն իրականացվում է սույն օրենքի 35.1-ին հոդվածով բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու համար սահմանված կարգով: Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ:»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետում «ավարտը» բառից առաջ լրացնել «եւ սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված հերթական արձակուրդի» բառերը:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 42-րդ հոդվածում՝
1. վերանագրում «տեղափոխելու եւ գործուղելու կարգը» բառերը փոխարինել «տեղափոխելը եւ գործուղելը, պայմանագրային զինծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը ժամանակավորապես կասեցնելը» բառերով.
2. լրացնել 8-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«8. Պայմանագրային զինծառայողի նկատմամբ օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն նշանակված լինելու դեպքում պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնի նշանակելու եւ/կամ պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով կարող է մինչեւ մեկ ամիս ժամկետով ժամանակավորապես կասեցվել պայմանագրային զինծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը՝ պահպանելով դրամական ապահովությունը:»:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 55-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունում «օրացուցային եւ» բառերը փոխարինել «օրացուցային ստաժը, իսկ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք տվող անհրաժեշտ օրացուցային ստաժի առկայության դեպքում՝ նաեւ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 61-րդ հոդվածի՝
1. 13-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«13. Սույն օրենքով սահմանված կարգով հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման կամ հիվանդանոցային բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողի՝ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ պայմանագրային զինծառայողին այլ պետական մարմիններ տեղափոխելու պատճառով զինվորական պաշտոնից ազատված եւ կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափը՝ օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում:».
2. 15-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15. Արձակուրդում (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդի) կամ գործուղման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված կարգով 6 ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական (կամ առկա ուսուցմամբ ոստիկանական ուսումնական) հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու պատճառով զինվորական պաշտոնից ազատված եւ կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է դրամական ապահովությունը՝ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու կամ օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում:»:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին կից կարող է գործել անհայտ կորածների հարցերով խորհրդատվական հանձնաժողով:»:
ՀՈԴՎԱԾ 14.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված օրենքի դրույթների վերանայման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համահունչ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացում վերանայման կարիք ունի մարզային եւ հանրապետական զորակոչային, ինչպես նաեւ մանդատային հանձնաժողովների կողմից քաղաքացու վերաբերյալ որոշումների կայացման գործընթացը, քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջների համաձայն պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Բացի այդ, օրենքում դրույթներ նախատեսված չեն ՀՀ Սահմանադրության պահանջների համաձայն բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների նշանակման եւ ազատման, բարձրագույն զինվորական կոչումների շնորհման ընթացակարգի վերաբերյալ, օրենքի կիրառման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցումներ կատարել օրենքի մի շարք կարգավորումներում, նախկին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված եւ իրավակիրառ պրակտիկայում տեղ գտած մի շարք իրավիճակներ դուրս են մնացել իրավակարգավորման տիրույթից, որի արդյունքում թերկարգավորումները հակասության մեջ են գտնվում քրեաիրավական ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի հետ, չեն ապահովում կրկին դատապարտվելու արգելքը սահմանող՝ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի փոփոխված 11-րդ արձանագրության 4-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի պահանջները:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացի պատշաճ կազմակերպումը եւ իրականացումը, իրավակարգավորումների ամբողջականացումը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են բարձրագույն սպայական կոչումների շնորհման եւ բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնի նշանակման եւ ազատման, բարձրագույն զինվորական կոչումների շնորհման գործընթացի հետ կապված հարաբերությունները, վերանայվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացում մարզային եւ հանրապետական զորակոչային, ինչպես նաեւ մանդատային հանձնաժողովների կողմից քաղաքացու վերաբերյալ որոշումների կայացման դրույթները, այդ հանձնաժողովների կողմից համապատասխան որոշումների ընդունումը փոխարինվում է եզրակացության կայացմամբ, համապատասխան որոշման ընդունման լիազորությունը վերապահվում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին: Բացի այդ, հստակեցվում են քաղաքացու ընտանեկան պայմանների շրջանակներում ծնողների հաշմանդամության արդյունքում աշխատունակության սահմանափակման աստիճանի, ծառայության մեջ գտվելու սահմանային տարիքը լրանալու դեպքում պայմանագիրը երկարաձգելու հնարավորության, ուսումնառության գործուղված զինծառայողներին պաշտոնից ազատելու եւ կադրերի տրամադրության տակ թողնելու, որոշակի դեպքերում ծառայողական պարտականությունների կատարումը կասեցնելու, զինվորական ծառայությունից արձակելիս արձակման հրամանում ստաժի, կադրերի տրամադրության տակ կամ արձակուրդում կամ գործուղման մեջ գտվելու դեպքում զինծառայողի դրամական ապահովության հաշվարկման հետ կապված դրույթները: Հաշվի առնելով ՀՀ զինվորական դատախազության կողմից ներկայացված առաջարկությունները եւ հիմնավորումները, օրենքի նախագծում նախատեսվում է, որ պարտադիր զինվորական ծառայության ենթակա չեն ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված քաղաքացիները, նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարին կից ստեղծել անհայտ կորածների հարցերով զբաղվող խորհրդատվական հանձնաժողով, որը փոխարինելու է ՀՀ Նախագահի 18.04.2000թ. թիվ ՆՀ-553 հրամանագրով ստեղծված համապատասխան հանձնաժողովին:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը կապահովի օրենքի դրույթների համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես նաեւ զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման եւ իրականացման գործընթացը:
7. Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 430-Ն որոշման մեջ, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշմամբ հաստատված ցանկի 12-րդ կետը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
1. Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում: Առաջարկություններ չեն ներկայացվել:
Համաձայն ,Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում ,Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե, ,Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասինե եւ ,Այլընտրանքային ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումները, օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 636-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |