Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-334-13.06.2018-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 81?րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1 եւ 8.2 մասերով.

«8.1. Մինչեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը, սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող անձանց համար սույն օրենքի 6?րդ հոդվածի 2?րդ մասի 1?ին եւ 2?րդ կետերով նախատեսված  սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12500 դրամ, կատարում է պետությունը։

8.2. Մինչեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը, սույն հոդվածի 8?1 մասով նախատեսված անձանց համար կատարվող կուտակային վճարի եւ այդ անձանց եկամուտներից հաշվարկված եւ փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37500 եւ տարեկան 450 000 դրամը։»։

Հոդված 2. Սույն օրենքի անցումային դրույթները եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքը տարածվում է սույն թվականի հուլիսի 1-ից հետո  առաջացող սոցիալական վճարի պարտավորության վրա։

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ին:
 
 

Տեղեկանք-հիմնավորում

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ընդունման օրվանից բարելավվել է շնորհիվ մի շարք փոփոխությունների, որոնց համար հիմք են ծառայել նաեւ հասարակության կողմից առաջ քաշված խնդիրներն ու դրանց լուծումները։ Այդ փոփոխությունների շարքում կարեւոր է ընդգծել նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ առկա դիրքորոշումները։

2018թ. հուլիսի մեկից նախատեսվում է կուտակային բաղադրիչի ամբողջական ներդրումը։ Համակարգի ամբողջական ներդրումը կարեւոր է՝ հաշվի առնելով հետեւյալ փաստերը՝

1. Կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում՝ շուրջ 207 հազար մասնակից եւ շահառուների մի մասի ներառումն էլ համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո՝ մինչեւ 80 հազար մասնակից:

2. 08.06.2018թ. դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 124.3 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

3. Կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են այնպիսի ընկերություններ, որոնց հիմնադիրները աշխարհում հսկայական հեղինակություն վայելող եւ ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն տասնյակ անգամներ գերազանցող կապիտալներ կառավարող ընկերություններ եւ Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանին:  Մասնավորապես, Ֆրանսիական Ամունդին աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 1.5 տրլն եվրո (1-ինը Եվրոպայում, 10-րդը աշխարհում), ունի 37 երկրում գրասենյակներ եւ ավելի քան 100 մլն հաճախորդ ամբողջ աշխարհում (որից շուրջ 3000 ինստիտուցիոնալ ներդրողներ են): Ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը եւ գերմանական «Տալանքս Ասեթ Մենեջմենթ»-ը ամբողջ աշխարհում կառավարման ներքո ունեն ավելի քան 150 մլրդ ԱՄՆ դոլար: Տալանքսը գերմանական 3-րդ խոշորագույն ապահովագրական ընկերությունն է, դասվում է 10 խոշորագույն եվրոպական ապահովագրական ընկերությունների շարքին, գործում է աշխարհի ավելի 150 երկրներում, ունի A+ վարկանիշ Standard and Poor's-ի կողմից տրված։

Համակարգի ներդրման հետ միաժամանակ, կառավարությունը շարունակելու է քննարկումը հասարակության լայն շերտերի հետ նրանց մտահոգություններին արձագանքելու եւ համակարգը երկարաժամկետ հեռանկարում ավելի ճկուն եւ ներառական դարձնելու ուղղությամբ։

Կառավարությունն այս թեմայով կաշխատի մաքսիմալ անկեղծ եւ թափանցիկ, եւ կկայացնի այնպիսի որոշումներ, որոնք հաշվի կառնեն ինչպես խնդրի ռազմավարական խորքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիների երկարաժամկետ ու կարճաժամկետ շահերը:

Համակարգի ներդրման հետ կապված հասարակության հիմնական մտահոգությունը դրանով պայմանավորված լրացուցիչ ֆինանսական բեռն է։ Դրա մեղման համար պետությունը իր վրա է վերցնում կուտակային համակարգին միացած եւ այդ դրան միացող անձանց համար դրա ամբողջական ներդրման փուլում առաջացող բեռի զգալի մասը՝ համակարգի սահուն ներդրումը ապահովելու համար։ Միեւնույն ժամանակ, կառավարությունը հանձնառություն է ստանձնում իրականացնելու եկամտային հարկի բարեփոխումներ, որն ուղղված կլինի քաղաքացիների՝ սոցիալական վճարների բեռի նվազեցմանը։ Ընդ որում, անձանց կողմից որոշակի չափով սոցիալական վճար կատարելը դրական կանդրադառնա համակարգի արդյունավետության վրա, քանի որ քաղաքացիները հետաքրքրված եւ պահանջատեր կլինեն համակարգի գործունեության նկատմամբ։

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Համակարգին անդամակցող, ինչպես նաեւ նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է։ Առաջարկվող նախագծով նույն 10 տոկոսը կձեւավորվի հետեւյալ կերպ՝ 2,5 տոկոսը քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը։

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Օրենքի փոփոխությամբ պետական բյուջեի վրա է դրվում կենսաթոշակային համակարգին անդամակցող եւ նոր միացող` անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կատարվող վճարների կեսը, որի արդյունքում ապահովվում է համակարգի սահուն եւ ամբողջական ներդրումը։ Մասնավորապես, գործող կարգավորմամբ, անձը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։ Օրինակ, 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է եւս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն, անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։ Այս դրույքաչափերը կգործեն մինչեւ եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաեւ սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար։

Անհատ ձեռնարկատերի եւ նոտարի մասով Օրենքի փոփոխության մեջ առկա բացառությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաձայն 01.01.2018թ. ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները համարվում են շահութահարկ վճարողներ, այլ ոչ եկամտահարկ վճարողներ:

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախuերը կավելանան մոտ 12-15 մլրդ ՀՀ դրամով:

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներում եւ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեի  եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախuերը կավելանան մոտ 12-15 մլրդ ՀՀ դրամով:

ՏԵՂԵԿԱՆՔ

Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ  այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                            պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ  եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Oրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող  հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը,  ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի N   -Ա որոշումը։

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
 

Հարգանքով`     
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ