Armenian ARMSCII Armenian
Կ-334-13.06.2018-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի 81-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին եւ 8.2-րդ մասերով.

«8.1. Մինչեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող անձանց համար սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12500 դրամ, կատարում է պետությունը:

8.2. Մինչեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը սույն հոդվածի 8.1-ին մասով նախատեսված անձանց համար կատարվող կուտակային հատկացումների եւ այդ անձանց եկամուտներից հաշվարկված եւ փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37500 դրամը:»:

Հոդված 2. Սույն օրենքը տարածվում է սույն թվականի հուլիսի 1-ից հետո առաջացող սոցիալական վճարի պարտավորության վրա:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից: