Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-341-15.06.2018-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունվարի 30-ի ՀՕ-59-Ն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Գործունեության ծրագրի երկրորդ մասում ընդգրկված ծրագրային կետի.

1) կատարման արդյունքում կազմված՝

ա. կատարողականի հաշվեքննության ընթացիկ եզրակացությունը ներառում է հաշվետվություն հաշվեքննության առարկայի տնտեսման եւ/կամ նպատակային արդյունավետության եւ/կամ ծախսային արդյունավետության վերաբերյալ.

բ. ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները ներառում են օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1)-ին կետի տեղեկատվությունը եւ 2)-րդ կետի ա. կամ բ. կամ գ. կամ դ. կարծիքը:

2) կատարման արդյունքում կազմված ընթացիկ եզրակացությունը, ըստ անհրաժեշտության, ներառում է՝

ա. գրառում` անհամապատասխանություն կամ խեղաթյուրում չհայտնաբերելու մասին.

բ. գրառում` անհամապատասխանության կամ խեղաթյուրման վերաբերյալ.

գ. առաջարկություններ հաշվեքննության օբյեկտի ղեկավարությանը եւ այլ շահագրգիռ կողմերին.

դ. հաշվեքննության արձանագրությունների վերաբերյալ հաշվեքննության օբյեկտների ղեկավարների ներկայացրած առարկությունները եւ բացատրությունները.

ե. եզրակացություններ.

զ. այլ տեղեկատվություն: »:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում « տարեկան հաղորդումը Ազգային ժողով ուղարկվելուց առնվազն մեկ ամիս առաջ» բառերը փոխարինել « մինչեւ տվյալ տարվա ապրիլի 1-ը» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայն գործող օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, ընթացիկ եզրակացության բովանդակությունը բաղկացած է ըստ անհրաժեշտության ներկայացվող բաղադրիչների:

ՀՀ հաշվեքննիչ պալատի մասին օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում իրականացված փոփոխությունը՝ ընթացիկ եզրակացության բովանդակությունում պահպանելով ըստ անհրաժեշտության ներկայացվող բաղադրիչների վերաբերյալ պահանջը, պարտադիր պահանջներ է սահմանում հաշվեքննության յուրաքանչյուր տեսակի համար:

Մասնավորապես կատարողականի հաշվեքննության համար սահմանվում է , որ՝

կատարողականի հաշվեքննության ընթացիկ եզրակացությունը ներառում է հաշվետվություն հաշվեքննության առարկայի տնտեսման եւ/կամ նպատակային արդյունավետության եւ/կամ ծախսային արդյունավետության վերաբերյալ:

Իսկ ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննության համար սահմանվում է, որ՝

ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները ներառում են օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1)-ին կետի տեղեկատվությունը եւ 2)-րդ կետի ա. կամ բ. կամ գ. կամ դ. կարծիքը:

Գործող օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված են ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների վերաբերյալ ներկայացվող եզրակացության բովանդակությունը:

Գործող օրենքի 26-րդ հոդվածում առաջարկվող փոփոխության արդյունքում ընթացիկ եզրակացությունները՝ կախված իրականացված հաշվեքննության տեսակից կունենան որոշակի ձեւաչափ:

Գործող օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանվում է, որ մինչեւ հունիսի 1- ը Ազգային ժողով ներկայացվող տարեկան հաշվետվության մեջ պետք է ներառվեն միայն այն ընթացիկ եզրակացությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունները, որոնք Ազգային ժողով են ներկայացվել տարեկան հաղորդումը Ազգային ժողով ներկայացվելուց առնվազն մեկ ամիս առաջ:

Քանի որ եռամսյա ժամկետը բավարար է ավարտված հաշվեքննության վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը Ազգային ժողով ներկայացվելու համար, ապա 28-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ Ազգային ժողով ներկայացվող տարեկան հաղորդման մեջ ներառվեն մինչեւ տվյալ տարվա ապրիլի 1-ը Ազգային ժողով ներկայացված ընթացիկ եզրակացությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: Այս պարագայում Ազգային ժողով ներկայացվող հաղորդման մեջ կներառվեն նույնիսկ դեկտեմբերի վերջին ավարտված հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունները:

Գործող օրենքի 28-րդ հոդվածում առաջարկվող փոփոխության արդյունքում Ազգային ժողովը շուրջ մեկ ամիս ավելի ժամանակ կունենա հաշվեքննությունների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները քննարկելու համար:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
Պրն. Արա Բաբլոյանին
Մեծարգո պարոն նախագահ,


Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ , «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Գրությանը կից ներկայացվում է՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող ՝ Գագիկ Մինասյան)

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:



Ազգային ժողովի պատգամավորներ՝
Գագիկ Մինասյան /010/
Սամվել Նիկոյան /011/
Գեւորգ Գորգիսյան /096/