Հոդված 1. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ // օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ պարբերության «(արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր» բառերը փոփոխարինել «տարբեր ճյուղերում գործունեություն իրականացնող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ պարբերության «(արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած» բառերը փոխարինել «տարբեր ճյուղերում գործունեություն իրականացնող աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող» բառերով:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի «բողոքարկել նրանց գործողությունները (անգործությունը)» բառերը փոխարինել «նրանց որոշումների, գործողությունների կամ անգործության իրավաչափությունը վիճարկելու պահանջով դիմել դատարան» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հիմնավորում
«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա հիմնադիրների (առնվազն երեք աշխատողի) նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ: Որպես կանոն, արհեստակցական միությունները ստեղծվում են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց կողմից: Որպես արհմիության անդամ, բայց նաեւ որպես գործատուի աշխատող, արհեստակցական միության ընտրովի պաշտոններում ընդգրկված անձինք, փաստորեն, կաշկանդված են լինում գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների փաստով: Այսինքն՝ արհմիության լիազորված ներկայացուցիչները, լինելով գործատուի աշխատողներ, օգտվելով գործատուի գույքից, նրա կապի եւ տրանսպորտի միջոցներից, չեն կարողանում իրենց՝ որպես արհմիության անդամի լիազորությունները անկախ եւ օբյեկտիվ իրականացնել: Բացի այդ, տեղական մակարդակում գործող արհմիությունների բյուջեն համալրվում է գլխավորապես գործատուի կողմից արվող հատկացումներով, ինչն արհմիությանն անվիճելիորեն կախվածության մեջ է դնում գործատուից:
Փորձը ցույց է տալիս, որ գործատուի մոտ գործող արհմիությունները գրեթե միշտ ձեռնպահ են մնում աշխատողների շահերի պաշտպանության համար դատարան դիմելուց, եւ աշխատողների շահերի պաշտպանությունը լավագույն դեպքում սահմանափակվում է խորհրդատվական, զուտ մասնագիտական բնույթի գնահատականների փոխանակության մակարդակում:
Նախագծով առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու եւ դրան անդամակցելու հնարավորություն, ինչը հասանելի լինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամենատարբեր մասնագիտություններ ունեցողների համար, եթե արհեստակցական միություններին անդամակցելը տվյալ կատեգորիայի աշխատողների համար արգելված չէ օրենքով: Այդպիսով անկախ արհեստակցական կազմակերպությունը կախվածություն չի ունենում որեւէ գործատուից եւ ֆինանասավորվում է բացառապես աշխատողների անդամավճարներով եւ օրենքով չարգելված ցանկացած այլ աղբյուրից, բայց ոչ գործատուի միջոցներից, ինչը լիարժեք ու ինքնուրույն գործելու ողջամիտ հեռանկար է ստեղծում արհեստակցական միության համար:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը՝
- ապահովվում է աշխատողներին միավորող արհեստակցական միության լիարժեք անկախությունը.
- բարձրանում է աշխատողներին միավորող արհեստակցական միության նկատմամբ վստահությունը.
- ընդլայնվում են աշխատողների խախտված կամ վիճարկվող իրավունքների հասարակական պաշտպանության շրջանակները եւ էապես թեթեւանում է նրանց աշխատանքային իրավունքների դատական պաշտպանության հետ կապված բեռը (նկատի ունենք, որ շրջանցվում է փաստաբանների վճարովի ծառայություններից օգտվելու անհրաժեշտությունը).