ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
Հոդված 2. Համաներման կիրառման շրջանակները
1. Վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ, 123.1-ին (բացառությամբ 2-րդ մասով նախատեսված իրավախախտումների), 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ` 4-րդ, 4.1-ին, 4.2-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ (բացառությամբ` 31-րդ եւ 32-րդ մասերով նախատեսված իրավախախտումնհերի), 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 128-րդ, 129.2-րդ (բացառությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 131-րդ, 132-րդ, 135.2-րդ եւ 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարի չվճարած մասը վճարելու պարտականությունից:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված եւ մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական ակտերի, ինչպես նաեւ այդ վարչական իրավախախտումների վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերով վարչական դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման՝ կատարողական վարույթի կողմերին ազատելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
ԳԼՈՒԽ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԻ ՇԱՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառի վարչական իրավախախտումների համար վարչական ակտերով նախատեսված տուգանքները մեծ թիվ են կազմում, որոնք վարչական ակտերի հասցեատերերի կողմից չեն վճարվում` պայմանավորված երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմաններով:
«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հիշյալ վարչական ակտերի հասցեատերերի սոցիալական վիճակը բարելավելու անհրաժեշտությամբ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաեւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարած անձինք կազատվեն պատասխանատվությունից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՄԻ ՇԱՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԻ ՇԱՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 117-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 93-րդ հոդվածների` Կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Կառավարության 2018 թվականի հուլիսի 4-ի N 734 - Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկելիս, Կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Հարգանքով` Նիկոլ Փաշինյան