Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-343-06.07.2018-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 3-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3) ընտանիքի միակ արու զավակն է եւ ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում՝ մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ: »:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 3-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետերում «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ եւ 3-րդ կետերով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ընտանիքի անդամ ունեցող եւ ընտանիքի միակ արու զավակը հանդիսացող զորակոչիկների՝ նախկինում օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքի վերականգնման, ինչպես նաեւ հանրակրթական կամ առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող անձանց ուսումնառությունն ավարտելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Նախկին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված եւ իրավակիրառ պրակտիկայում տեղ գտած մի շարք իրավիճակներ դուրս են մնացել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորման տիրույթից, ինչը հանգեցրել է հասարակական դժգոհության: Մասնավորապես, մինչեւ 2017թ. դեկտեմբերի 16-ը գործող նախկին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունք էր սահմանում այն անձանց համար, ովքեր ունեին Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ քույր (եղբայր): Նշված իրավանորմերը գործել են ՀՀ զինված ուժերի ստեղծման օրվանից՝ 1991թ. դեկտեմբերին ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով, արմատավորվել են հանրային ընկալման մեջ, եւ հատկապես 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներում վերը նշված իրավունքի վերացումը հանգեցրել լրջագույն դժգոհությունների: Բացի այդ, նախկին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը եւս՝ ինչպես «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, նախատեսում էր հանրակրթական կամ առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող անձանց ուսումնառությունն ավարտելու նպատակով տարկետման տրամադրում՝ մինչեւ ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան անձի 19 տարեկանը լրանալու օրը, միաժամանակ նախկին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը հնարավորություն էր տալիս մինչեւ ուսումնառության ավարտը տարկետում տրամադրել նման կարգավիճակ ունցող այն անձանց, ովքեր 19 տարեկանը լրանալու օրվա դրությամբ ավարտած չէին լինում նշված կրթական ծրագրերով ուսումնառությունը (տարեկան 10-15 անձ՝ կապված տարբեր պատճառներով հիմնականում հանրակրթական ծրագրին տարիքային առումով ուշ ներգրավելու (հիմնականում օտարերկրյա պետություններից ՀՀ տեղափոխվելու) հիմքով), ինչը գործող օրենքի շրջանակներում չի կարգավորված:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացի պատշաճ կազմակերպումը եւ իրականացումը, իրավակարգավորումների ամբողջականացումը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունք է վերապահվում զորակոչի ենթակա այն քաղաքացուն, ով ընտանիքի միակ արու զավակն է եւ ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, ինչպես նաեւ նախատեվում է ազատման իրավունքի վերաբերյալ եզրակացության տրամադրման ընթացակարգը: Բացի այդ, ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ տարկետում ստանալու իրավունք է վերապահում այն անձանց, ովքեր մինչեւ 19 տարեկանը լրանալը ստացել են օրենքով սահմանված տարկետում՝ հանրակրթական կամ առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորելու համար, սակայն նշված տարիքը լրանալու օրվա դրությամբ դեռեւս չեն ավարտել ուսումնառությունը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացի պատշաճ կազմակերպումը եւ իրականացումը, իրավակարգավորումների ամբողջականացումը, ինչպես նաեւ կնպաստի զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը:

7. Այլ տեղեկություններ չկան:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. եւ հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հարապետության օրենքի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ