Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 92-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատեւ եւ երկու երկարատեւ տեսակցություն:»:
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի «Դատապարտյալի կապն ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ» վերտառությամբ 92-րդ հոդվածը կարգավորում է անազատության մեջ գտնվող անձանց արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հետ կապված հարաբերությունները, որը կարող է իրականացվել քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող եւ անցկացվող կարճատեւ եւ երկարատեւ տեսակցությունների միջոցով: Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ դատապարտյալներին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն 1 կարճատեւ տեսակցություն՝ մինչեւ 4 ժամ տեւողությամբ եւ երկու ամսվա ընթացքում առնվազն 1 երկարատեւ տեսակցություն՝ մինչեւ 3 օր տեւողությամբ: Միաժամանակ, հոդվածում նշված կարգավորումներից բացառություն է նախատեսվում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվող տեսակցությունների դեպքում, այն է՝ տարվա ընթացքում առնվազն երեք կարճատեւ եւ մեկ երկարատեւ տեսակցություն:
Ներկայիս պայմաններում հաշվի չի առնվում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակով պայմանավորված առանձնահատկությունները, եւ ներկայիս իրավակարգավորման շրջանակներում խաթարվում է վերջիններիս կապը ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ, որը կարող է ուղեկցվել բազմաթիվ հոգեբանական խնդիրներով՝ բարձրացնելով կրկնահանցավորության ռիսկերը, ինչպես նաեւ ոտնահարելով դատապարտյալի ընտանիքի անդամների, առավելապես երեխաների՝ ծնողների հետ շփման իրավունքը:
Այս առումով հարկ է նկատել, որ դատապարտյալների, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց, տեսակցության իրավունքը դասվում է նրանց հիմնական իրավունքների շարքին եւ դրանց իրացման համար նախատեսված պայմանները պետք է հնարավորին չափ թույլ տան դատապարտյալներին պահպանել եւ զարգացնել ընտանեկան հարաբերությունները, իսկ քրեակատարողական հիմնարկը պարտավոր է աջակցել անազատության մեջ գտնվող անձանց արտաքին աշխարհի հետ կապեր հաստատելու եւ պահպանելու գործում:
Հանցագործությունների կանխմանն ու իրավախախտների հետ վարվեցողությանը նվիրված ՄԱԿ-ի առաջին կոնգրեսի կողմից ընդունված Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները նույնպես պարունակում են դրույթներ բանտարկյալների շփումն արտաքին աշխարհի հետ ապահովելու նպատակով: Ստանդարտ կանոնների 37-րդ կետի համաձայն՝ բանտարկյալներին պետք է հնարավորություն տալ ինչպես գրագրության կարգով, այնպես էլ այցելությունների ընթացքում կանոնավոր ժամանակահատվածների ընդմիջումով եւ հարկ եղած վերահսկողության տակ կապ պահպանել իրենց ընտանիքների եւ անբասիր վարք ունեցող ընկերների հետ:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպական բանտային կանոնների մասին» թիվ (2006)2 հանձնարարականի 24.1 կետը կարգավորում է բանտարկյալների կապը արտաքին աշխարհի հետ.
«Բանտարկյալներին պետք է թույլատրվի հնարավորին չափ հաճախ նամակով, հեռախոսով կամ հաղորդակցության այլ ձեւերով հաղորդակցվել իրենց ընտանիքների, այլ անձանց եւ դրսի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ տեսակցել թվարկված անձանց հետ»: Հիշյալ կանոնների մեկնաբանությունների հանաձայն՝ բանատարկյալները պետք է ունենան հնարավորություն արտաքին աշխարհի հետ կապը պահելու եւ ցանկացած սահմանափակում, որը կարող է կիրառվել այդ դեպքում պետք է հանգամանորեն մտածված լինի: Ընտանիք տերմինը պետք է դիտարկել իբրեւ լայն հասկացություն, որն իր մեջ է ներառում ոչ միայն ընտանիքի իրական անդամներին, այլեւ անձնաց ում հետ բանտարկյալի մոտ ձեւավորվել են նույնքան սերտ հարաբերություններ:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպական բանտային կանոնների մասին» թիվ (2006)2 հանձնարարականի 60.4 կետի համաձայն պատիժը չպետք է ներառի ընտանիքի հետ շփման բացարձակ արգելք: Հիշյալ կանոնի մեկնաբանության համաձայն ազատությունից զրկված անձանց պատժախուց տեղափոխելը նրանց չպետք է զրկի ընտանիքի հետ կապ պահպանելու հնարավորությունից: Ավելին, ընտանիքի հետ հաղորդակցվելու ցանկացած սահմանափակում՝ որպես պատժի ձեւ, պետք է կիրառվի այն դեպքում, երբ նմանատիպ հաղորդակցման ժամանակ խախտում է թույլ տրվել: Այս մոտեցումը բխում է համընդհանուր ճանաչում գտած այն սկզբունքից, համաձայն որի՝ հանցագործություն կատարած անձինք ուղարկվում են քրեակատարողական հիմնարկներ ոչ թե պատժվելու համար, այլեւ որպես պատիժ:
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը նախատեսում է անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, Այս ամենն իր մեջ ներառում է նաեւ տեսակցությունների իրավունք, ինչը հանդիսանում է շփման կարեւորագույն ձեւերից մեկը:
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է պետական մարմինների միջամտությունը այդ իրավունքի իրացմանը, որի դեպքում պետք է սահմանափակումները հասցվեն նվազագույնի: Միաժամանակ, «Եվրոպական բանտային կանոնների մասին» թիվ (2006)2 հանձնարարականի 24.2 կետի համաձայն՝ հաղորդակցությունները եւ տեսակցույթունները կարող են ենթարկվել սահմանափակումների եւ մոնիթորինգի, որն անհրաժեշտ է քրեական գործի քննությունը շարունակելու, կարգուկանոնի պահպանման, ապահովության եւ անվտանգության, հանցագործության կանխարգելման եւ հանցագործությունից տուժածների պաշտպանության համար, սակայն այդ սահմանափակումները, այդ թվում՝ դատական մարմինների որոշումներով նախատեսված կոնկրետ սահմանափակումները, պետք է ցանկացած պարագայում թույլատրեն շփումների թույլատրելի նվազագույն մակարդակ:
Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումները (LABITA v. ITALY)՝ հարկ ենք համարում նշել, որ սահմանափակումները պետք է հասցվեն նվազագույնի եւ համապատասխանեցվեն ռիսկայնության աստիճանին:
«Բանտային վարչակազմերի կողմից ցմահ կամ այլ երկարատեւ ազատազրկման դատապարտված բանտարկյալների ղեկավարման վերաբերյալ» ԵԽ (2003) 23 հանձնարարականի 22-րդ կետի համաձայն՝ պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ ընդհատված ընտանեկան կապերի պահպանման նպատակով: Հիշյալ նպատակը իրացնելու համար դատապարտյալների նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները եւ տեսակցությունները պետք է անցկացվեն հնարավորիս չափ հաճախ՝ պահպանելով գաղտնիության սկզբունքը: Եթե նշված պայմանները կարող են հանգեցնել անվտանգության եւ ապահովության պահպանման անհնարինության կամ եթե առկա է հիմնավորված ռիսկ, ապա նշված շփումները կարող են զուգորդվել համապատասխան միջոցառումներով, ինչպես օրինակ գրագրության ստուգում եւ տեսակցություններից առաջ կամ հետո իրականացվող ստուգումներ: Մասնավորապես, հիշյալ հանձնարարականի 22-րդ կետի համաձայն՝ պետք է ապահովվի դատապարտյալների խզված ընտանեկան կապերի վերականգնումը, այդ իսկ պատճառով դատապարտյալները պետք է պահվեն իրենց ընտանիքի անդամների բնակության վայրին առավել մոտ քրեակատարողական հիմնարկներում:
«Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված անձանց եւ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված այլ անձանց պատժի կրումը կազմակերպելու վերաբերյալ» ԵԽ (2003) 23 առաջարկության համաձայն ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տեղավորելը պետք է լինի ոչ թե նրանց ազատազրկման, այլ ռիսկերի եւ կարիքների համապարփակ ու շարունակական գնահատման արդյունք՝ հիմք ընդունելով անհատականացված պատիժը կրելու պլանը: Ուստի պետք է վերանայել այն մոտեցումը, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձը վտանգավոր է:
Տեսակցությունների վերահսկելիության վերաբերյալ Գերմանիայի «Ազատազրկման հետ կապված պատիժ կրող դատապարտյալների հետ վերականգնողական եւ կանխարգելման միջոցառումների իրականացման մասին» օրենքով առաջարկվող իրավակարգավորումը նախատեսում է, որ տեսակցությունները կարող են վերահսկվել, եթե տվյալ տեսակցությունը կարող է սպառնալ ուղղիչ հիմնարկում կարգուկանոնի եւ անվտանգության հարցերին, բացառությամբ այն դեպքերի, եթե կոնկրետ դեպքերում առկա է տեղեկատվություն, որ նման վտանգը բացակայում է: Տեսակցությունը կարող է դադարեցվել անմիջապես, եթե խախտվում են վերոհիշյալ օրենքի դրույթները:
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ դատապարտյալների տեսակցության իրավունքը ուղղակիորեն փոխկապակցված է վերջիններիս երեխաների հիմնարար իրավունքների հետ, որոնք սահմանված են ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածով, ըստ որի՝ համապատասխան պետական մարմինները պետք է ապահովեն երեխաների՝ իրենց ծնողների հետ կապ պահպանելու իրավունքի իրականացումը, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողի հետ շփումը երեխայի շահերին դեմ է:
Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (այսուհետ՝ ԽԿԿ) իր 2-րդ ընդհանուր հաշվետվության մեջ կարեւորել է ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապը, որի ապահովման նպատակով նրանց պետք է տրամադրվեն իրենց մերձավոր ազգականների հետ հարաբերությունները պահպանելու ողջամիտ հնարավորություններ: Ուղղորդող սկզբունքը պետք է լինի արտաքին աշխարհի հետ կապը խթանելը, իսկ այդպիսի շփման սահմանափակումները պետք է հիմնված լինեն միայն բացառիկ բնույթի անվտանգության նկատառումների վրա:
ԽԿԿ-ի պատվիրակությունը Հայաստան կատարած այցի վերաբերյալ իր CPT (2010) 82 զեկույցում առաջարկել է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ընձեռվի հնարավորություն իրականացնելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքներն այնպես, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձիք քրեակատարողական հիմնարկում պահվող մյուս անձանց հետ հավասար պայմաններով օգտվեն տեսակցության հնարավորությունից:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Նախագծի կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝ առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվելու է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատեւ եւ երկու երկարատեւ տեսակցության իրավունք, որի նպատակն է քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքի ներդնումն ու պատժի նպատակների արդյունավետ իրացումը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի՝ Կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N ---- - Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկելիս, Կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Հարգանքով՝ |
|
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |