Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-279-02.03.2018,31.07.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176 օրենքի (այսուհետ` Օրենք) 49-րդ հոդվածի 1-ին մասում «եւ տեխնիկական պայմանների» բառերը փոխարինել «, տեխնիկական պայմանների եւ հաճախորդի անձնական տվյալների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածում 2.1 մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.2 մասով.

«2.2 Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է Կարգավորողի կողմից սահմանված կարգով բացահայտել իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) եւ հաճախորդի անձնական տվյալները` դեպի արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության 112 (911), ՀՀ ոստիկանության 102 եւ շտապօգնության 103 համարներին կատարվող կանչերի դեպքում: Կարգավորողը հաստատում է սույն կետով նախատեսված կարգը, այդ թվում` տեղորոշման համակարգի գործարկման պայմաններն ու համակարգի տեխնիկական նախագծի համաձայնեցմանը ներկայացվող պահանջները` նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ:»:

Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի «եւ 2.1-ին» բառերը փոխարինել «, 2.1 եւ 2.2 մասերի» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2011թ. գործում է «911» ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն), որն իրականացնում է տարաբնույթ ահազանգերի սպասարկում, ահազանգողներին ցուցաբերում բժշկական եւ հոգեբանական խորհրդատվություն ու աջակցություն, կազմակերպում ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքում՝ ներգրավելով համապատասխան ուժեր ու միջոցներ:

Գործունեության տարիներին ծառայությունը սպասարկել է 6մլն.-ից ավելի զանգ, եւ այս ցուցանիշն ունի աճի միտում: Բարեբախտաբար, դրանց գերակշիռ մեծամասնությունը կրում են կենցաղային բնույթ, իսկ արտակարգ դեպքերի 98%-ից ավելին՝ խնդրահարույց չեն: Սակայն, գրանցվում են նաեւ այնպիսիք, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլեւ՝ մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն, այն պարագայում, երբ անհապաղ օգնության կարիք են զգում մեր քաղաքացիները, ակնկալվում է տարբեր օպերատիվ ծառայություների, մասնավորապես, ոստիկանության կամ շտապօգնության արձագանքում: Նման իրավիճակներում զգալի ուշանում է արձագանքումն ու անհետաձգելի օգնության ցուցաբերումը, առաջանում է լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն: Իրավիճակն էապես կփոխվի, եթե օպերատորը հնարավորություն ունենա տեղորոշել ահազանգողի գտնվելու վայրը: Տեղորոշման համակարգերը տարիներ շարունակ արդյունավետ կիրառվում են ԱՄՆ-ի «911», Եվրոմիության գրեթե բոլոր երկրների «112» ահազանգման կենտրոններում, եւ այս փորձը տարածում է գտնում ամբողջ աշխարհում:

Կարեւորելով մարդու կյանքի եւ առողջության առաջնայնությունը՝ «911»,«112», «102» եւ «103» ծառայություններում ահազանգողի տեղորոշման համակարգի ներդրումը հանդիսանում է կարեւորագույն գործընթաց, որի շնորհիվ զգալի կնվազի օգնության ցուցաբերման ժամանակահատվածը, կիրականացվի թիրախային արձագանքում, կկանխվի ավելորդ ուժերի վատնումը:


ՏԵՂԵԿԱՆՔ

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան

Ի փոփոխումն մեր 01.03.2018 թվականի թիվ 01/23.18/3100-18 գրության Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (Կ-279-02.03.2018-ՏՀ-011/0) լրամշակված տարբերակը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 4-ի N 766-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

4 հուլիսի 2018 թվականի N 766-Ա

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-279-02.03.2018-ՏՀ-011/0) լրամշակված տարբերակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. հուլիսի 13
Երեւան