Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-354-09.08.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 23.1-րդ հոդվածի 2-րդ մասում «համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետը:» բառերը փոխարինել «վերաբերյալ պատշաճ ձեւով տեղեկացման համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Անհրաժեշտությունը.

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` լիցենզիայի ստացման նպատակով պետական տուրքի վճարման համար նախատեսված ժամկետի վերանայման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ  խնդիրները.

Ներկայումս «Լիցենազավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 23.1 հոդվածի 1-ին մասի համաձայն` լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձեւով այդ մասին տեղեկացնում է հայտատուին, իսկ 2-րդ մասի համաձայն` հայտատուն նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու համար նույն հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետը:
 
Օրենքի վերոնշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն «հայտատուն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետը», մինչդեռ` Օրենքի 23.1 հոդվածի 1-ին մասով սահմանվում է ոչ թե հայտը բավարարելու համար առավելագույն ժամկետ, այլ լիցենզավորող մարմնի կողմից ընդունված որոշման վերաբերյալ հայտատուին տեղեկացման առավելագույն ժամկետ:

Միաժամանակ, օրենքի 26.1 հոդվածի համաձայն՝ «այն դեպքում, երբ հայտատուն, սույն օրենքի 23.1-ին հոդվածի համաձայն, պետական տուրքը չի վճարում մինչեւ լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու վերաբերյալ որոշման մասին տեղեկացվելը, ապա համապատասխան գործողությունը կատարելու համար սույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով, 26-րդ հոդվածի 2-րդ մասով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետները երկարաձգվում են հինգ աշխատանքային օրով»:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով նախատեսվում է ամրագրել, որ հայտատուն պետական տուրք կարող է վճարել 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 1 աշխատանքային օրվա փոխարեն։

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման եւ պարզեցման, ինչպես նաեւ անհարկի վարչարարության կրճատման քաղաքականություն:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
 
Հաշվի առնելով ոլորտում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը, ինչպես նաեւ ներկայումս գործող ընթացակարգերի բարելավման եւ պարզեցման  անհրաժեշտությունը` Նախագծով առաջարկվում է սահմանել, որ  հայտատուն պետական տուրքը կարքող է վճարել լիցենզավորող մարմնի կողմից  լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայումս ամրագրված մեկ աշխատանքային օրվա փոխարեն։

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու համար հայտատուի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետի վերանայումը։
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ  այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեի  եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ  

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Oրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 26-ի N 843-Ա  որոշումը։
 
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
 
 

Հարգանքով` ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ