Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-356-16.08.2018-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է միջոցներ ձեռնարկել օրենքով նախատեսված պաշտպանության ենթակա անձանց կյանքը, առողջությունը եւ (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ: Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ցանկի 103-րդ կետից եւ պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխի կիրարկման, ինչպես նաեւ ոստիկանության կողմից օրենքով սահմանված դեպքերում պաշտպանության ենթակա անձանց եւ նրանց գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան կարգն ու պայմանները սահմանող իրավական ակտի մշակման համար օրենքով ՀՀ կառավարությանը լիազորություն վերապահելու անհրաժեշտությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխով կանոնակարգվում են քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությանը վերաբերող իրավահարաբերությունները, սահմանված են պաշտպանության միջոցների տեսակներն ու դրանց իրականացման ընդհանուր սկզբունքները, կիրառման հիմքերը, ինչպես նաեւ դադարեցման հիմքերն ու կարգը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` պաշտպանության միջոցների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Մինչդեռ քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության ինստիտուտի ներդրման օրվանից առ այսօր պաշտպանության միջոցների իրականացման կարգը եւ պայմանները որեւէ օրենսդրական ակտով չեն սահմանվել, եւ օրենքով ուղղակիորեն որեւէ մարմնի նման կարգ սահմանելու լիազորություն վերապահված չէ: Սահմանված չեն նաեւ այլ օրենքներով պաշտպանության ենթակա անձանց (օրինակ` դատավոր, դատախազ, քննիչ եւ այլն) պաշտպանության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել ոստիկանության կողմից կոնկրետ պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերը, որի համար նախեւառաջ անհրաժեշտ է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով Կառավարությանը հստակ լիազորություն վերապահել սահմանելու պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավաբանական վարչության եւ շտաբի կողմից:

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը եւ իրավական հիմք կստեղծի ինչպես քրեական դատավարության մասնակիցների, այնպես էլ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու համար, որի արդյունքում կապահովվի պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների եւ այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը եւ վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի   ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                      պարոն  Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյանին

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 854 - Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:
 

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ