Հոդված 1. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.5-րդ հոդվածով.
«Հոդված 2.5. Հաստատել 2018 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ժամանակավոր ծրագիր)` համաձայն N 6 հավելվածի :»։
Հոդված 2.
Օրենքով հաստատված՝ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.7-րդ կետով.
«6.7) 2018 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 210 մլն մ3
: 2018 թվականի ընթացքում Սեւանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3
-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում առաջացող լրացուցիչ գումարները (այսուհետ` Lրացուցիչ գումարներ) ենթակա են վճարման այդ գումարների հավաքման եւ դրանց հաշվին Ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան բացված արտաբյուջետային հաշվին (այսուհետ` Արտաբյուջետային հաշիվ): Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաեւ դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը (նախահաշիվները) սահմանում է Կառավարությունը: Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը եւ պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով (նախահաշիվներով) նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել «2018 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը» N6 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ Արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ):
«Հավելված N6
2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2018 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակված է համաձայն «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետի երկրորդ պարբերության դրույթների:
Ծրագիրը նպատակաուղղված է 2018 թվականին Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:
2. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
«Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) ամրագրված է լճից ջրի բացթողման առավելագույն չափաքանակ՝ 170 մլն մ3
: Ջրբացթողումներն իրականացվում են Կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան:
Անխուսափելի է նաեւ ջրի դեֆիցիտ Սեւան-Հրազդան համակարգը սնող Հրազդան գետի ջրատվությունում հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Սեւան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող 36 հազ. հա հողատարածքների ջրապահովվածության հաշվարկներում նախատեսվել է Հրազդան գետի ջրատվությունն ամբողջ ոռոգման ժամանակահատվածում 165 մլն մ3
(ինչպես 2016 թվականին), որից հուլիս-սեպտեմբեր ամիսներին՝ 110 մլն մ3
: Սակայն գետերի բազմամյա ջրագրության տվյալների համաձայն՝ սակավաջուր տարում այդ ամիսներին Հրազդան գետի հոսքը կազմել է 5.8 մ3
/վրկ (55-60 մլն մ3
), առանձին տարիներին՝ շուրջ 70 մլն մ3
կամ նախատեսվածից 40-45 մլն մ3 պակաս: Այսպիսով, 2018 թվականին համակարգի ոռոգման ջրի դեֆիցիտը 2016 թվականի համեմատ կկազմի շուրջ 40 մլն մ3
:
Սեւանա լճից հունիսի 15-ի դրությամբ 2016 թվականին բաց է թողնվել 8.978 մլն մ3
, 2017 թվականին՝ 52.231 մլն մ3
, 2018 թվականին՝ 27.268 մլն մ3
ջուր, իսկ Արփա-Սեւան թունելով 2016 թվականին Սեւանա լիճ է տեղափոխվել համապատասխանաբար 94.341 մլն մ3
, 2017 թվականին՝ 87.876 մլն մ3
, 2018 թվականին՝ 111.121 մլն մ3
ջուր:
3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ծրագրի հիմնական նպատակն է Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը:
Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրը նաեւ օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից տարեկան բացթողման 170 մլն մ3
չափաքանակի ավելացումն է՝ այն դարձնելով մինչեւ 210 մլն մ3
:
Լճից մինչեւ լրացուցիչ 40 մլն մ3
ծավալով ջրբացթողման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա նաեւ Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգի հէկ-երում լրացուցիչ արտադրելու եւս շուրջ 38 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Սեւան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների հասույթի եւ կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը կուղղվի Կառավարության սահմանած նպատակային ներդրումներ իրականացնելուն:
4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետեւյալ արդյունքները.
1) հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում.
2) ոռոգում իրականացնող կազմակերպություններում մեխանիկական ջրարտադրության մեծացում:
5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3 ) ավել բացթողումը պետք է իրականացվի Կառավարության համապատասխան որոշումներով` ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի ներկայացրած կանխատեսումային առաջարկությունների հիման վրա:
Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր տասնօրյակը մեկ Կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3 ) ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ:
Էներգետիկայի բնագավառում լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր ամիս Կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3 ) ավել բաց թողնված ջրաքանակի օգտագործման միջոցով արտադրված էլեկտրական էներգիայի քանակի եւ դրա հետ կապված կատարված վճարումների վերաբերյալ:
Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացնում է Կառավարություն եւ Ազգային ժողով:»: