Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3621-28.08.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Շախմատ, շաշկի, նարդի, տիր, բիլիարդ եւ նմանատիպ սպորտային բնույթի խաղերը, թղթախաղերն ինքնին շահումով խաղ կամ ինտերնետ շահումով խաղ չեն հանդիսանում, եթե չեն համապատասխանում սույն օրենքի 2-րդ հոդվածում սահմանված շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի հասկացություններին :»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժգ) պարտավոր է չիրականացնել շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդ, այդ թվում՝ արտաքին կամ ներքին, ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2.1 մասի «ժ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժ) պարտավոր է չիրականացնել շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդ, այդ թվում՝ արտաքին կամ ներքին, ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հասարակության լայն շերտ կամա թե ակամա շփվում է հեռուստատեսությանմբ, ռադիոյվ, համացանցով եւ արտաքին գովազդով տարածվող նյութի հետ՝ առանց տարիքային սահմանափակման։ Գովազդվող ապրանքների եւ ծառայությունների շարքում հանդիպում է նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչների ծառայությունների գովազդ, որը հասանելի է տարիքային բոլոր խմբերի համար, օրվա ցանկացած ժամի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին», «Գովազդի մասին», ինպես նաեւ «Վիճակախաղի մասին» ՀՀ օրենքները թերի են կարգավորում գործունեության վերոգրայլ տեսակների իրավահարաբերությունները, ինչպես նաեւ հնարավորություն են ընձեռում հասարակության լայն խմբերի ցերեկային ժամերին դիտելու նշված ծառայությունների գովազդը, ուստի անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել կազմակերպիչների կողմից գովազդի տեղադրման պայմանները։

Օրենքների փոփոխությունների նախագծերով առաջարկվում է սահմանափակել վերը նշված գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից առաջարկվող ծառայությունների գովազդը, հասարակության խոցելի խմբերին զերծ պահելու դրանց ազդեցությունից։




ՀՀ Ազգային ժողովի նախագահ
պարոն Արա Բաբլոյանին


  
Մեծարգո՜ պարոն Բաբլոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդարական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Գովազդի մասին»  եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Գրությանը կից ներկայացվում են՝

1. Նախագծերի փաթեթը (հիմնական զեկուցող՝ (Հրաչյա Հակոբյան)

2. Օրենքների ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքի նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

Պատգամավոր՝  Հրաչյա Հակոբյան