Հոդված 1. «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքը սահմանում է հանրային գերակա շահի որոշման կարգը, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման կարգը, օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման տրման կարգը:»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման սահմանադրական պայմանները
1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման սահմանադրական պայմաններն են՝
ա) օտարումը պետք է իրականացվի օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով.
բ) օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական եւ համարժեք փոխհատուցում (այսուհետ՝ փոխհատուցում):»:
Հոդված 4. Օրենքի տեքստում «հասարակության եւ պետության կարիքների համար» բառերը փոխարինել «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով» բառերով, բացառությամբ 18-րդ հոդվածի:
Հոդված 5. Օրենքի տեքստում «բացառիկ՝ գերակա հանրային» բառերը փոխարինել «հանրության գերակա» բառերով:
Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հանրության գերակա շահի որոշման սկզբունքներն են՝
ա) հանրության շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից.
բ) հանրության գերակա շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման.
գ) հանրության գերակա շահից ելնելով` սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը.
դ) հանրության շահը գերակա է ճանաչվում կառավարության որոշմամբ.
ե) հանրության գերակա շահի առկայության փաստը կարող է վիճարկվել դատական կարգով:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում:»:
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «ա» կետի «այն բացառիկ՝ գերակա հանրային» բառերը փոխարինել «հանրության գերակա» բառերով.
2) 6-րդ մասի երրորդ պարբերության «10 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մեկ ամսվա ընթացքում» բառերով:
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Եթե օտարված սեփականությունը ձեռք բերողի կողմից չի օգտագործվում, կամ այն անհնար կամ աննպատակահարմար է օգտագործել հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանած հանրության գերակա շահերի ապահովման նպատակով, եւ եթե կառավարությունն իր որոշմամբ տվյալ սեփականության օգտագործման համար չի սահմանում հանրության այլ գերակա շահ, ապա օտարված սեփականությունը դրա նախկին սեփականատիրոջ պահանջով օտարվում է նրան սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված գնով:»:
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: