Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-027-26.02.2019-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք).

1. 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել «է.» ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.

«է. «Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում եւ արտադրություն, համակարգչային գրաֆիկայի եւ խաղերի ստեղծում, ինչպես նաեւ ինտեգրալային սխեմաների նախագծում եւ թեստավորում:»:

2. 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 11-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝

11) Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր՝ համարվում են այն ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 70%-ը ձեւավորվել է սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներից, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված կարգով հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող կամ հավաստագրված տնտեսավարող սուբյեկտները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝ «Ծրագիրը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «Ծրագիրը մշակում եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերով, իսկ «Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 8. Հավաստագրվող եւ հավաստագրված տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջները

1. Հավաստագրումն իրականացվում է կամավորության սկզբունքով:

2. Հավաստագրման համար կարող են դիմել հետեւյալ տնտեսավարող սուբյեկտները.

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առեւտրային կազմակերպությունները, բացառությամբ տնտեսական ընկերակցությունների, սույն մասի 3-րդ կետով սահմանված պահանջներին չբավարարող դուստր ընկերությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների.

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը.

3) Հավաստագրման համար դիմելու պահից առնվազն հինգ տարի առաջ օտարերկրյա պետություններում գրանցված եւ այդ ընթացքում համապատասխան բնագավառում գործունեություն ծավալած իրավաբանական անձանց կողմից ՀՀ-ում հիմնադրված եւ պետական գրանցում ստացած դուստր ընկերությունները՝ պահպանելով սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը:

3. Հավաստագրման համար դիմող տնտեսավարող սուբյեկտները պետք է բավարարեն հետեւյալ պահանջներին.

1) ստեղծվել են բացառապես սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնելու նպատակով.

2) չեն ստեղծվել այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում.

3) բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը չի հանդիսացել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր.

4) բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը չի հանդիսանում սույն օրենքի պահանջներին համապատասխան հավաստագրված այլ ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ անհատ ձեռնարկատեր.

5) բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը կամ հավաստագրման համար դիմած անհատ ձեռնարկատերը չի հանդիսանում սնանկության գործընթացում գտնվող այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից.

6) հավաստագրման համար չեն կարող դիմել այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը նախորդ երեք տարվա ընթացքում հանդիսացել է

եւ (կամ) դիմելու պահին հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած (իրականացնող) այլ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած (իրականացնող) այլ կազմակերպության բաժնետեր կամ մասնակից, բացառությամբ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի.

7) աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը.

8) հավաստագրման համար չի կարող դիմել այն անհատ ձեռնարկատերը, որը նախորդ երեք տարվա ընթացքում հանդիսացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած եւ գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր.

9) հավաստագրման համար չեն կարող դիմել այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերի 20 եւ ավելի տոկոս բաժնեմասը պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպությանը կամ որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկին պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպությանը 20 եւ ավելի տոկոս բաժնեմասը:

4. Հավաստագրի գործողության ընթացքում հիմնական միջոցների օտարումը, ինչպես նաեւ համատեղ գործունեության պայմանագրի կնքումը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներից դուրս իրականացվող այլ գործունեություն է:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 7)-րդ կետով սահմանված աշխատողների թիվը հավաստագրի գործողության ընթացքում չի կարող գերազանցել 30-ը:

6. Հավաստագրված անձինք՝

1) պարտավոր են հավաստագրի գործողության ընթացքում պահպանել սույն հոդվածի 3-ից 5-րդ մասերում նշված պահանջները.

2) չեն կարող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող այլ տնտեսավարող սուբյեկտներին օտարել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության արդյունքները, բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում «8-րդ հոդվածի 2-րդ մասում» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի 3-րդ մասում» բառերով, ինչպես նաեւ 4-րդ մասի 6)-րդ կետում «դուստր ընկերություն չէ.» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 3)-րդ կետով սահմանված դուստր ընկերությունների, որոնք պարտավոր են ներկայացնել ՀՀ կառավարության կողից սահմանված տեղեկություններ:» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1.1-րդ մասում «հանդիսանալ» բառից հետո լրացնել «, բացառությամբ 8-րդ հոդվածի 3-րդ մասի 4)-րդ, 5)-րդ, 6)-րդ, 8)-րդ, 9)-րդ կետերով նախատեսված դեպքերի՝» բառերը:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետում «8-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի 6-րդ մասով» բառերով:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «2017» թիվը փոխարինել «2022» թվով, եւ 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. մինչեւ 2018 թվականի փետրվարի 1-ը սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են 5 տարի ժամկետով, իսկ 2018 թվականի փետրվարի 1-ից հետո տրամադրվող հավաստագրերը գործում են մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»

Հոդված 8. Անցումային դրույթներ՝

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածով փոփոխված Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 4)-րդ, 6)-րդ, 8)-րդ, 9)-րդ կետերի պահանջները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հավաստագրվող տնտեսավարող սուբյեկտների վրա:

2. 2017 թվականի դեկտեմբերի 1-ից հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, պետական գրանցում ստացած (հաշվառված) տնտեսավարող սուբյեկտները կարող են հավաստագրման համար դիմել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: