Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0411-06.03.2019-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.

«4. Շահույթը բաշխվում է շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվելուց հետո մեկ տարվա ընթացքում։»։

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե ընկերությունում ձեւավորվել է խորհուրդ, ապա արտահերթ ընդհանուր ժողովը հրավիրվում է խորհրդի որոշմամբ՝ սեփական նախաձեռնությամբ, ընկերության գործադիր մարմնի կամ պահանջը ներկայացնելու պահի դրությամբ ընկերության՝ գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) պահանջով: Ընկերությունում խորհուրդ չձեւավորվելու դեպքում արտահերթ ընդհանուր ժողովը հրավիրվում է ընկերության գործադիր մարմնի կողմից՝ սեփական նախաձեռնությամբ կամ պահանջը ներկայացնելու պահի դրությամբ ընկերության՝ գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) պահանջով:

Պահանջը ներկայացնելու պահի դրությամբ ընկերության՝ գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) պահանջով արտահերթ ընդհանուր ժողով գումարելու դեպքում ժողովի գումարման ձեւը եւ օրակարգը սահմանվում են այն գումարելու պահանջը ներկայացրած մասնակցի (մասնակիցների) կողմից:

Եթե պահանջում նշված ժամկետում իրավասու մարմինն արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին որոշում չի ընդունում կամ որոշում է ընդունում դրա գումարումը մերժելու մասին, ապա արտահերթ ընդհանուր ժողովը կարող են գումարել ժողովի գումարման մասին պահանջ ներկայացրած անձինք։»:

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածի դրույթը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո շահութաբաժինների վճարման մասին ընդունված որոշումների վրա։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: