Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-044-06.03.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ հարկային մարմինը պարտավոր է պահպանել հարկային գաղտնիքը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում տրամադրել այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Վերոնշյալ դրույթի համաձայն 2002 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության N 1584-Ն որոշումը:

2017 թվականի դեկտեմբերի 21-ին «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-276-Ն օրենքի 8-րդ հոդվածով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել եւ հիշյալ հոդվածի դրույթները նախատեսվել են ՀՀ հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում, համաձայն որի՝ հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) պարտավոր է պահպանել հարկային գաղտնիքը, հարկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը օրենքով սահմանված դեպքերում օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին:

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված իրավական որոշակիության սկզբունքը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության նոր որոշում ընդունելու իրավական հիմքը ՀՀ հարկային օրենսգրքում բացակայում է, հարցը լիարժեք կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածում՝ հստակ սահմանելով կառավարության որոշման ընդունման համար անհրաժեշտ իրավական հիմքը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված իրավական որոշակիության սկզբունքը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության նոր որոշում ընդունելու իրավական հիմքը ՀՀ հարկային օրենսգրքում բացակայում է, հարցը լիարժեք կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածում՝ հստակ սահմանելով կառավարության որոշման ընդունման համար անհրաժեշտ իրավական հիմքը:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին? Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

5. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Հարկային մարմնի կողմից հարկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրել օրենքով այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

15 նոյեմբերի 2018 թվականի N 1278 - Ա


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. նոյեմբերի 16
Երեւան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքի ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1278-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ