Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0491-07.03.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի թիվ ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 7-րդ կետում «եւ հիմնարկների,» բառերից հետո լրացնել «օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավաբանական անձանց իրական սեփականատերերի,» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23- 28-րդ կետեր.

« 23) Իրական սեփականատեր՝ ֆիզիկական անձ, ով՝

ա. առանձին կամ փոխկապակցված անձի հետ համատեղ վերահսկում կամ տիրապետում է իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 10 տոկոս մասնակցության, այդ թվում՝ փայերին, բաժնեմասերին, բաժնետոմսերին կամ քվեարկության իրավունքին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից կամ բաժնետեր իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության առնվազն 10 տոկոս հանրագումարին.

բ. վերահսկում է իրավաբանական անձին կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցություն ունենալու փաստի ուժով՝ արտոնյալ բաժնետոմսերի կամ մեկ ձայնից ավելի ձայնի իրավունք տվող քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայի, այսուհետ՝ բաժնետոմս) կամ այլ արժեթղթերի միջոցով.

գ. ստանում է իրաբանական անձի տարեկան հասույթի առնվազն 15 տոկոսը.

դ. իրավասու է նշանակել կամ ազատել իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց.

ե. իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված չլինելով՝ հնարավորություն ունի ազդել իրավաբանական անձի կառավարման վրա, վերահսկել կառավարումը կամ իրավաբանական անձի գործունեությունը կամ իրավասու է կանխորոշել իրավաբանական անձի որոշումներն այլ միջոցներով, ներառյալ՝ հավատարմագրային կառավարման պայմանագրի, համատեղ գործունեության պայմանագրի, օպցիոնի պայմանագրի, բաժնետոմսերի/բաժնեմսաերի փոխարվկող պարտքի տրամադրման պայմանագրի եւ այլ միջոցներով:

Սույն կետով սահմանված հիմքերով իրավաբանական անձին տիրապետելու, վերահսկելու կամ եկամուտ ստանալու դեպքերում քաղաքական ազդեցություն ունեցող անձը համարվում է իրական սեփականատեր՝ անկախ հսկողության, մասնակցության եւ եկամտի չափից:

24) Քաղաքական ազդեցություն ունեցող անձ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված, շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք (բացառությամբ՝ քննիչների), Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, փոխվարչապետների, նախարարների խորհրդականի, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, վարչապետի գլխավոր խորհրդականի, հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաեւ նշված անձանց ընտանիքի անդամները, այն է՝ ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ: :

25) Իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե՝

ա. տվյալ իրավաբանական անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 եւ ավելի տոկոսին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության 10 տոկոս հանրագումարին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջեւ կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները.

բ. նրանցից մեկի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձեւով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) եւ (կամ) մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց հետ փոխկապակցված անձինք իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում՝ առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 տոկոսից ավելիին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության 10 տոկոս հանրագումարին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձեւով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.

գ. նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

26) Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը հանդիսանում է.

ա. տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 10 տոկոսից ավելին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության 10 տոկոս հանրագումարը տնօրինող մասնակից.

բ. օրենքով չարգելված այլ ձեւով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.

գ. տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ կառավարման այլ մարմինների անդամ:

27) Փոխկապակցված անձինք են անձի ամուսինը, անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները:

28) միջանկյալ իրավաբանական անձ՝ ընկերություն-իրական սեփականատեր շղթայում գործող ցանկացած իրավաբանական անձ»:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-26-րդ մասերով.

«20. Օրենքով իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրառվում են իրական սեփականատիրոջ վերաբերյալ հետեւյալ տեղեկությունները.

1) ֆիզիկական անձի ինքնությունը հավաստող տվյալները՝ քաղաքացիությունը, անունը, ազգանունը (անձի անունը եւ ազգանունը նշվում են նաեւ լատինատառ), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում), հաշվառման հասցեն, բնակության վայրի հասցեն (հաշվառման հասցեից տարբերվելու դեպքում), աշխատանքի վայրի անվանումը (վայրերի անվանումները), աշխատանքի վայրի հասցեն (վայրերի հասցեները), կապի միջոցները.

2) միջանկյալ իրավաբանական անձի (անձանց) անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), պետական գրանցման համարը գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը.

3) իրավաբանական անձի (այդ թվում՝ միջանկյալ) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի առկայության կամ իրավաբանական անձի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորության մասին տեղեկություններ՝ կատարելով՝

ա. նշում առանձին կամ փոխկապակցված անձի հետ համատեղ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 10 տոկոս մասնակցության կամ քվեարկության իրավունքի, կամ տարբեր իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության 10 տոկոս հանրագումարին տիրապետելու վերաբերյալ՝ նշելով բաժնետոմսերի քանակը, բաժնետոմսերի տոկոսը եւ ձեռքբերման ամսաթիվը.

բ. նշում իրավաբանական անձին կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցություն ունենալու փաստի ուժով վերահսկելու մասին՝ արտոնյալ բաժնետոմսերի կամ մեկ ձայնից ավելի ձայնի իրավունք տվող քվեարկող բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի միջոցով՝ նշելով բաժնետոմսերի քանակը, բաժնետոմսերի տոկոսը եւ ձեռքբերման ամսաթիվը.

գ. նշում իրավաբանական անձի տարեկան հասույթի առնվազն 15 տոկոսի չափով ստացված օգուտի մասին.

դ. նշում իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց նշանակելու կամ ազատելու իրավասության մասին.

ե. նշում իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված չլինելով իրավաբանական անձի կառավարման վրա ազդելու, կառավարումը կամ իրավաբանական անձի գործունեությունը վերահսկելու կամ իրավաբանական անձի որոշումներն այլ միջոցներով կանխորոշելու հնարավորության մասին (ներառյալ՝ գործարքներ կնքելու, հավատարմագրային կառավարման պայմանագրի, համատեղ գործունեության պայմանագրի եւ այլ միջոցներով).

զ. նշում սույն օրենքի իմաստով փոխկապակցված անձ հանդիսանալու մասին (ներառյալ՝ նշում, թե ինչ կարգով է հանդիսանում փոխկապակցված անձ).

4) Իրավաբանական անձի, ինչպես նաեւ դուստր եւ կախյալ ընկերությունների՝ Ֆոնդային բորսայում գրանցված լինելու դեպքում՝ ֆոնդային բորսայի անվանումը՝ ներկայացնելով համապատասխան բորսաներում առկա փաստաթղթերի հղումները.

5) պետության, համայնքի կամ միջազգային կազմակերպության անվանումը, եթե իրավաբանական անձը համապատասխանաբար պետական, համայնքային մասնակցությամբ կամ միջազգային կազմակերպություն է՝ նշելով մասնակցության չափը եւ հսկողության մակարդակը.

6) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

21. Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում նշում է կատարվում իրավաբանական անձի (այդ թվում՝ միջանկյալ) իրական սեփականատիրոջ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսանալու մասին՝ նշելով տվյալ անձի անուն, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, կազմակերպության անվանումը:

22. Օրենքով իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը պետական ռեգիստր է ներկայացնում իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր (հայտարագրեր)՝ ստորագրությամբ հավաստելով հայտարարագրված տվյալների ճշգրտությունը: Սույն հոդվածի 20-րդ մասով նախատեսված տեղեկությունների փոփոխության դեպքում՝ 40 օրվա ընթացքում իրավաբանական անձը պարտավոր է պետական ռեգիստր ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունները: Իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի առկայության դեպքում հայտարարագրին կցվում են սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը՝ հայերենով կամ վավերացված եւ հայերեն թարգմանված: Սույն մասով սահմանված հայտարարագիրը, կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունները չներկայացնելու, կեղծ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու դեպքում ներկայացնողը ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության: Հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանում է Կառավարությունը:

23. Սույն հոդվածով նախատեսված իրական սեփականատերերի բացահայտման պահանջը չի տարածվում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքի համաձայն հաշվետու թողարկող հանդիսացող իրավաբանական անձանց վրա:

24. Սույն հոդվածի 22-րդ մասով նախատեսված հայտարարագրի ձեւը, լրացման եւ ներկայացման կարգը սահմանում է արդարադատության նախարարը:

25. Իրավաբանական անձի իրական սեփականատիրոջ պետական գրանցումն իրականացվում է սույն օրենքի 9-րդ գլխով սահմանված կարգով: Իրավաբանական անձի իրական սեփականատիրոջ պետական գրանցումը հավաստվում է պետական միասնական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով համապատասխան վճար վճարելու պայմանով անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը). այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված՝ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

26. Իրական սեփականատիրոջ պետական գրանցումից հետո 3 տարվա ընթացքում Իրավաբանական անձը պահպանում է իր հայտարարագրում նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը:»:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.

«3.1 Իրավաբանական անձի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների գրառման դեպքում ներկայացվում են՝

1) իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր (հայտարագրեր),

2) իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի առկայության դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված (այդ թվում՝ օտարերկրյա) սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր՝ հայերենով կամ վավերացված եւ հայերեն թարգմանված:»:

Հոդված 4. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասում «իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելը» բառերից հետո լրացնել «, իրական սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկատվությունը» բառերը:

Հոդված 5. Օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-րդ կետով.

«12.1) սույն օրենքի 26-րդ հոդվածի 20-րդ մասով սահմանված տեղեկություններ իրական սեփականատիրոջ մասին (օրենքով իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի դեպքում).»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի՝ ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը հաստատվեց 2017 թվականի մարտի 9-ին՝ Բոգոտայում կայացած ԱՃԹՆ-ի խորհրդի նիստում: Խորհրդի որոշման մեջ սահմանվեցին Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման վերջնաժամկետները, որոնցից մեկը վերաբերում էր հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտման համար իրականացվող քայլերի ճանապարհային քարտեզի հաստատմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2018 թվականի մարտի 29-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 12 արձանագրային որոշումը:

Նշյալ որոշմամբ հաստատված հավելվածում, ի թիվս մի շարք այլ միջոցառումների, իրական սեփականատերերի թափանցիկությունն ապահովող իրավական եւ ինստիտուցիոնալ դաշտի ձեւավորման շրջանակներում նախատեսվել էր նաեւ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, ինչպես նաեւ այլ օրենքներում (մասնավորապես՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենք եւ այլն) փոփոխությունների նախագծերի փաթեթի սահմանված կարգով ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշություն է առաջացել իրական սեփականատերերի ինստիտուտին առնչվող հասկացությունները եւ իրական սեփականատերերի գրանցման կարգը սահմանել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, իսկ Հայաստանի Հանրապետության ընդերքի օրենսգրքում սահմանել դրույթներ՝ իրական սեփականատերերին բացահայտելու պարտականության եւ համապատասխանաբար չբացահայտելու դեպքում պատասխանատվության կիրառման վերաբերյալ:

Միաժամանակ, միջազգային փորձի ուսումնասիրությունից բխում է, որ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց կողմից իրավաբանական անձին տիրապետելու կամ վերահսկելու դեպքում իրական սեփականատեր լինելու հանգամանքը չպետք է կախվածության մեջ դրվի հսկողության մակարդակից եւ մասնակցության չափից: Մինչդեռ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականության համար անհրաժեշտ է կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս մասնակցություն: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի տվյալ հոդվածները համապատասխանեցնել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանված կարգավորումներին:

2. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել իրական սեփականատերերի հասկացությունը՝ միաժամանակ սահմանելով նաեւ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը: Ստուգման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց (բացառությամբ՝ քննիչների) եւ վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին:

Նախագծով սահմանվել են նաեւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ իրավաբանական անձ- ֆիզիկական անձ փոխկապակցվածության դեպքերը:

Առանձին հոդվածով սահմանվել է իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը: Վերոնշյալ նախագծով կարգավորվել են նաեւ իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու եւ գրանցման մեջ փոփոխություններ կատարելու ժամկետները:

Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն անկախ իրավաբանական անձին բաժնեմասնակցության չափից:

Ընդերքի մասին օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման եւ դադարեցման դրույթներ: Սահմանվել է նաեւ իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի՝ լիազոր մարմին ներկայացնելու պահանջ: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման դրույթները նախատեսվում է տարածել ընդերքօգտագործման բոլոր ձեւերի վրա, ինչ հիմք է հանդիսացել նախագծում լրացնելու երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումի մերժման հիմքեր:

Միաժամանակ նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Մոնղոլիայի իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված իրավական ակտերը, իսկ նախագծով սահմանված հասկացությունները բխում են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրական սեփականատերերին առնչվող չափանիշներից:

3. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունների, Վարչապետի աշխատակազմի ԱՃԹՆ-ի ազգային քարտուղարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտ միջոցառումների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում:

4. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծերի ընդունումը կհանգեցնի ոլորտային օրենսդրական համապարփակ կարգավորումների ամրագրմանը, ինչպես նաեւ կնպաստի իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

21 փետրվարի 2019 թվականի N 117-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասն ու 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. փետրվարի 25
Երեւան



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Միրզոյան



Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 117-Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 117-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը:


Հարգանքով՝
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ