Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-054-11.03.2019,13.03.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 54-րդ հոդվածի 4-րդ մասում «2019» թիվը փոխարինել «2020» թվով:

Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հայտարարատու պաշտոնատար անձինք եւ նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք 2018 թվականի տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում մինչեւ 2019 թվականի մայիսի 31-ը:

3. Պաշտոնավարող հայտարարատու պաշտոնատար անձինք առաջին անգամ շահերի վերաբերյալ տվյալներ են ներկայացնում 2019 թվականի տարեկան հայտարարագրում՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ:»:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը եւ կիրառվում է 2019 թվականի հունվարի 1-ից:

2. Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 2-7-րդ մասերի, 32.1-37-րդ հոդվածների դրույթները սույն օրենքի կիրառման պահից շարունակում են գործել մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը:

3. 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացվում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում:

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2018 թվականի տարեկան, ինչպես նաեւ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագիր ներկայացրած անձինք ազատվում են հայտարարագիր ներկայացնելու պարտականությունից եւ համարվում են հայտարարագիր ներկայացրած:

5. Բարձրագույն դատական խորհրդի անդամները պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր են ներկայացնում օրենքն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում:

6. Մինչեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի իմաստով «Բարձրաստիճան պաշտոնատար անձ» բառերի փոխարեն կարդալ. «Հանրապետության Նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի դատավորները, Բարձրագույն դատական խորհրդի անդամները, դատավորները, փոխվարչապետները, նախարարները եւ նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ նրա տեղակալները, գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, մարզերի, Երեւան քաղաքի եւ կայազորների դատախազները, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը եւ նրա տեղակալները, ինքնավար եւ անկախ պետական մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները եւ անդամները, կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները եւ կենտրոնական բանկի խորհրդի անդամները, Վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, Կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, բացառությամբ տեսչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը եւ նրա տեղակալները, Քրեակատարողական ծառայության պետը եւ նրա տեղակալները, Պրոբացիայի ծառայության ղեկավարը եւ նրա տեղակալները, Գլխավոր հարկադիր կատարողը եւ նրա տեղակալները, Փրկարար ծառայության տնօրենը եւ նրա տեղակալները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարը եւ նրա տեղակալները, Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարը եւ նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարները, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները, Երեւանի քաղաքապետը եւ նրա տեղակալները, մարզպետները եւ նրանց տեղակալները, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները, հատուկ հանձնարարություններով դեսպանը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, գլխավոր ռազմական տեսուչը եւ նրա տեղակալները, Հանրապետության նախագահի խորհրդականները, մամուլի քարտուղարը եւ օգնականները, Ազգային ժողովի նախագահի խորհրդականները եւ օգնականները, վարչապետի խորհրդականները եւ օգնականները:»:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

2017 թվականի հունիսի 9-ին եւ 2018 թվականին մարտի 23-ին ընդունված օրենսդրական փաթեթներով նախատեսվում էր կոռուպցիայի կանխարգելման գործուն կառուցակարգերի ներդրում՝ համապատասխան գործիքակազմով եւ գործունեության երաշխիքներով օժտված ինստիտուցիոնալ համակարգի առկայության պայմաններում:

2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում էր սահմանադրական կարգավորումների համատեքստում ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձեւավորում: 2018 թվականի ապրիլի 10-ից ուժի մեջ են մտել օրենքի 9-15-րդ հոդվածները, որոնցով կարգավորվում են հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները, հանձնաժողովի կազմավորման, մրցույթի անցկացման եւ մրցույթում հաղթողների ցուցակն Ազգային ժողով ներկայացնելու հետ կապված հարաբերությունները, սակայն մինչ օրս Հանձնաժողովը չի կազմավորվել:

Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի օրենքը գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրման կարգավորումները գրեթե ամբողջությամբ պայմանավորել է Հանձնաժողովի կազմավորմամբ: «Հանրային ծառայության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ նշված օրենքի 34-րդ հոդվածի 2-12-րդ մասերը, 35-40-րդ հոդվածները, 41-րդ հոդվածի 1-8-րդ մասերը, 43-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, 3-5-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 2-7-րդ մասերի, 32.1-37-րդ հոդվածների դրույթները: Այս առումով, հարկ է նշել, որ Հանձնաժողովը դեռեւս չի կազմավորվել, եւ քանի որ հայտարարագրմանն առնչվող նորմերի ուժի մեջ մտնելը հիմնականում պայմանավորված էր տվյալ մարմնի ստեղծմամբ, 54-րդ հոդվածի 4-րդ մասի նորմերը չեն կիրառվել, եւ գործնականում չեն առաջացրել որեւէ իրավական հետեւանք: Ընդ որում, գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանող նորմերը եղել են ուժի մեջ եւ եղել են իրագործելի, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի համաձայն՝ անձինք հայտարարագիրը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որի արդյունքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ ընդունելու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերը:

Միաժամանակ, վերլուծելով այն հանգամանքը, որ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի օրենքի 36-րդ հոդվածի համաձայն հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը՝ ակնհայտ է դառնում, որ 2018 թվականի հայտարարագրերի ներկայացման առումով գործնականում տվյալ պահին մեխանիզմներ առկա չեն: Ընդ որում, հայտարարագրերի ներկայացման գործընթացի կասեցումը շատ լուրջ հետեւանքներ կունենա ինչպես վարչական վարույթների եւ համապատասխան քրեական գործերի հարուցման, այնպես էլ միջազգային կազմակերպությունների գնահատման տեսանկյունից:

2. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Նախագծի կարգավորումների համաձայն՝ առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված Օրենքի 34-րդ հոդվածի 2-12-րդ մասերի, 35-40-րդ հոդվածների, 41-րդ հոդվածի 1-8-րդ մասերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի երկրորդ նախադասության, 3-5-րդ մասերի ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսել 2020 թվականի հունվարի 1-ը: Մինչ այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 2-7-րդ մասերի, 32.1-37-րդ հոդվածների դրույթները: Ընդ որում, նախատեսվում է նորմերի կիրառման համար սահմանել հետադարձ ուժ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թվականի հունվարի 1-ից de jure ուժի մեջ մտած նորմերը de facto չեն կիրառվել:

3. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

4. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունման արդյունքում ժամանակավոր լուծում կտրվի ստեղծված օրենսդրական կազուսային իրավիճակին, կապահովվի հայտարարագրման համակարգի բնականոն գործունեությունը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:


ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ