Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-067-22.03.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել, ինչպես նաեւ հանել 7-րդ մասի 2-րդ նախադասությունը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սահմանադրական դատարանը իր՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 8-րդ մասերի, ինչպես նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու հետեւանքներին վերաբերող կանոնակարգումների բացակայության մասով, սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով կայացրած թիվ ՍԴՈ-1434 որոշմամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորմանը՝ ճանաչել է Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությանը, 166-րդ հոդվածի 9-րդ մասին եւ 167-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող: Բացի այդ, Սահմանադրական դատարանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 8-րդ մասերը նույնպես ճանաչել է Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությանը, 166-րդ հոդվածի 9-րդ մասին եւ 167-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող: Սահմանադրական դատարանը որոշման պատճառաբանական մասում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց է համարել նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասութունը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է Ազգային ժողովի կանոնակարգի իրավակարգավորմանը` սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց է: Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 1-ին մասով վեցամսյա ժամկետ է սահմանվում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության անցկացման համար, եւ, ինչպես դա բխում է նաեւ նույն հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումներից, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը կատարվում է ընտրության ժամկետի սահմաններում: Ընտրության արդյունքում, ինչպես վերը նշվել է, համալրվում է Սահմանադրական դատարանի կազմը, ըստ այդմ՝ ապահովվում է նրա բնականոն գործունեությունը եւ սահմանադրական լիազորությունների պատշաճ իրականացումը, ուստիեւ այնպիսի էական մանրամասը բովանդակող իրավակարգավորում է, որը պետք է սահմանվի Սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Նույն տեսանկյունից վերլուծելով նաեւ Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի այլ դրույթները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ հոդվածի 3-րդ մասով, 7-րդ մասի երկրորդ նախադասությամբ եւ 8-րդ մասով եւս սահմանվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության անցկացմանը, ներառյալ՝ առաջադրմանը, պաշտոնի ստանձնմանը վերաբերող էական մանրամասներ բովանդակող իրավակարգավորումներ, մասնավորապես, թե ինչ հաջորդականությամբ են կատարվում Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները եւ ինչ ժամկետներում, երբ է Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ստանձնում իր պաշտոնը՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում, ինչ ժամկետում է կրկին առաջադրվում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու՝ Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու դեպքում:

Բացի այդ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ առաջադրելու ժամկետները չեն կարող կամայականորեն տարբերակվել միմյանցից: Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրող մարմինը, ըստ էության, իրականացնում է առաջադրման նույն գործընթացը, ինչպես եւ նախորդ դեպքում, քանի որ այլ առանձնահատուկ գործընթաց օրենքով սահմանված չէ, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին ներկայացվող պահանջները միասնական են եւ պայմանավորված չեն Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման արդյունքներով: Ուստի Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման ժամկետ սահմանելիս օրենսդրի կողմից պետք է ամրագրվի Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման ողջամիտ ժամկետ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման սահմանադրական լիազորության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրական փոփոխություններ՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոգրյալը եւ հիմք ընդունելով ՀՀ Սահամադրական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 6-ի ՍԴՈ-1434 որոշումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) կարգավորվել են հետեւյալ հարցերը.

1) Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող դրույթները նախատեսվել են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահամադրական օրենքում,

2) հստակեցվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելու պահը,

3) սահմանվել են Սահմանդրական դատարանի դատավորի ընտրության ժամկետները,

4) միասնականացվել են Սահմանդրական դատարանի դատավորի ընտրության տարբեր փուլերի համար սահմանված ժամկետները:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը վերաբերող դրույթները համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1434 որոշման պահանջներին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի ակնկալվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

14 մարտի 2019 թվականի N 223 - Ա

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. մարտի 19
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 14-ի N 223-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ