Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-070-26.03.2019-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է փաստաբանների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները, Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն կազմակերպելու եւ իրականացնելու, փաստաբանական մասնագիտական միավորում ստեղծելու  եւ այն կառավարելու, անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու կարգերը, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Փաստաբանության մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, Քաղաքացիական դատավարության, Վարչական դատավարության եւ Քրեական դատավարության օրենսգրքերից, սույն օրենքից եւ իրավական այլ ակտերից:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

 «2) այն դեպքերի, երբ անձը վճարովի կամ անվճար հիմունքներով ներկայացնում է այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի քսան եւ ավելի տոկոս բաժնետոմսերը կամ բաժնեմասը պատկանում է իրեն կամ իր մերձավոր ազգականին (ազգականներին):»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 15. Փաստաբանների պալատի գույքը եւ բյուջեն

1. Փաստաբանների պալատի գույքը ձեւավորվում է փաստաբանների հավակնորդների մուտքավճարներից, փաստաբանների անդամավճարներից,  ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցներից:

2. Փաստաբանների պալատի խորհուրդը հերթական տարվա համար հաստատում է փաստաբանների պալատի բյուջեն (առանց հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող գումարների եւ ծախսերի)՝ հաշվետու տարվան նախորդող տարվա վերջին եռամսյակում:

3. Փաստաբանների պալատի խորհրդի կողմից հերթական տարվա բյուջեն չհաստատվելու դեպքում՝ փաստաբանների պալատը գործում է հաշվետու տարվան նախորդող տարվա բյուջեով, մինչեւ նոր բյուջեի հաստատումը»:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «,բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված լիազորությունների» բառերը:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«1. Փաստաբան է այն անձը, ով ունի իրավաբանի կամ իրավագետի (բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի) որակավորում եւ ստացել է համապատասխան արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար: Փաստաբանի անձը եւ կարգավիճակը հաստատվում է փաստաբանների պալատի կողմից տրված վկայականով եւ արտոնագրով:».

2) 4-րդ մասում «այլ» բառը փոխարինել «ցանկացած» բառով:

Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասում «28-րդ եւ 33-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «33-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 8. Օրենքի 36-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`

«4. Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում: Այն դեպքում, երբ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը հնարավոր չէ հանձնել հասցեատիրոջը (ծանուցումն ապահովելը չի հաջողվում), ապա սույն մասում նշված բողոքարկման ժամկետը հաշվարկվում է արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից:».

2) Ուժը կորցրած ճանաչել 5-րդ մասը.

3) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մաս.

«7. Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցման կամ սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված կասեցման դեպքում վերջինիս դիմումի հիման վրա նրան է վերադարձվում մնացած ամիսների համար նախորոք վճարված անդամավճարի մասը: Անդամավճարի վերադարձման կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը»:

Հոդված 9. Օրենքի 38-րդ հոդվածում՝

1)  1-ին մասում՝

ա. 3-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«3) առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարել իր մասնագիտական պարտականությունները` մեկ տարուց ավելի ժամանակով, եթե առկա են այդ հանգամանքը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով.»,

բ. 4-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«4) անցել է հանրային ծառայության կամ նշանակվել է նոտար` պաշտոնավարման կամ նոտարական գործունեության ողջ ժամկետի ընթացքում, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`

«3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին փաստաբանը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում տեղյակ պահել փաստաբանների պալատի խորհուրդ: Սույն մասում նշված ժամկետը խախտելը հիմք է փաստաբանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու համար».

3) 6-րդ մասում «մասնակցելու պալատի մարմինների եւ նախագահի ընտրություններին» բառերը փոխարինել «մասնակցելու փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին, այդ թվում՝ հեռակա կարգով անցկացվող ընդհանուր ժողովին, ընտրելու եւ ընտրվելու պալատի մարմիններում եւ պալատի նախագահ:» բառերով.

4) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Փաստաբանը սույն մասով նախատեսված դիմումը պարտավոր է փաստաբանների պալատ ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Սույն մասում նշված ժամկետը խախտելու դեպքում կետանցված ժամանակահատվածի համար փաստաբանի նկատմամբ վերահաշվարկվում է անդամավճարը` կրկնապատկված չափով:».

5) 9-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«9. Կասեցված արտոնագրի գործողությունը վերականգնած փաստաբանը պարտավոր է անցնել վերապատրաստման դասընթացներ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած ժամաքանակով, եթե նա սահմանված կարգով չի անցել վերապատրաստման դասընթացները արտոնագիրը կասեցված լինելու ժամանակահատվածում:»:

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ եւ 11-րդ մասերով`

«10. Մինչեւ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետում նշված կասեցման առավելագույն հինգ տարվա ժամկետը լրանալը, արտոնագիրը կասեցրած փաստաբանը կարող է գրավոր դիմել փաստաբանների պալատի խորհրդին՝ կասեցման որոշակի ժամկետը անորոշ ժամկետով փոխարինելու համար: Նշված դիմումի տրման պահից կասեցման որոշակի ժամկետը համարվում է անորոշ ժամկետով փոխարինված: Սույն մասում նշված դեպքում արտոնագիրը կասեցրած փաստաբանը պարտավոր է վճարել անդամավճար խորհրդի կողմից սահմանված անդամավճարի հիսուն տոկոսի չափով՝ սկսած դիմումը ներկայացնելու պահից մինչեւ կասեցված արտոնագրի վերականգնումը ընկած ժամանակահատվածի համար:

11. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված անորոշ ժամկետով կասեցված արտոնագրի գործողությունը վերականգնած փաստաբանը անորոշ ժամկետով կասեցման ժամանակահատվածի համար անհրաժեշտ լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցում է անվճար:»:

Հոդված 10. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ եւ 18-րդ  կետերով.

«17) օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար.

18) ում վերաբերյալ իրականացվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու գործերի վարույթ».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ,8-րդ, 9-րդ եւ 10-րդ մասեր՝

«7.  Հանրային պաշտպանի գրասենյակը սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձանց հանրային պաշտպանությունը կարող է կազմակերպել նաեւ՝

1) հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների, փաստաբանական դպրոցի ունկնդիրների, ինչպես նաեւ կազմակերպությունների իրավաբանների միջոցով, որոնք կամավոր ընդգրկվել են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարվող անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում: Անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում ընդգրկվելու, ինչպես նաեւ այդ ցուցակը համալրելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը.

2) հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների միջոցով դատական ներկայացուցչության իրականացմամբ, որի դիմաց վճարումները կատարվում են հանրային պաշտպանի համար նախատեսված միջոցների խնայողության հաշվին, ինչպես նաեւ սույն օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված հատուկ ֆոնդի միջոցներից (այսուհետ՝ հատուկ ֆոնդ):

8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված իրավաբանական օգնության տրամադրման կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը:

9. Փաստաբանների պալատը վարում է նաեւ անվճար իրավաբանական օգնություն (դատական ներկայացուցչություն կամ քրեական գործերով պաշտպանություն) տրամադրելու պատրաստակամություն հայտնած հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների ցուցակը: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը նշված ցուցակում ներառված անձի համաձայնությամբ կարող է գործը հանձնել վերջինիս՝ անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար:

10. Յուրաքանչյուր տարվա ավարտին՝ մինչեւ դեկտեմբերի 25-ը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը եւ փաստաբանների պալատը իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակում են այն փաստաբանների եւ փաստաբանական կազմակերպությունների ցանկը, որոնք մեկ տարվա ընթացքում առնվազն հինգ քրեական, քաղաքացիական, վարչական կամ սահմանադրական գործերով տրամադրել են անվճար իրավաբանական օգնություն»:

Հոդված 11. Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հանրային պաշտպանի գրասենյակը պետք է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ունենա առնվազն մեկ աշխատանքային գրասենյակ»:

Հոդված 12. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 43. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը

1. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ նշանակում է փաստաբանների պալատի խորհուրդը` առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից, չորս տարի ժամկետով:

2. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Փաստաբանների պալատի խորհրդի կողմից հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից` հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կհամարվի լուծված:

3. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը`

1) ներկայացնում է հանրային պաշտպանի գրասենյակը.

2) կազմակերպում է սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես մատչելի եւ արդյունավետ իրավաբանական օգնության իրականացումը.

3) կատարում է աշխատանքի բաժանում հանրային պաշտպանների միջեւ.

4) ընդունում է որոշումներ հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ.

5) քրեական վարույթն իրականացնող մարմնի դիմումի կամ որոշման հիման վրա կամ սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում քաղաքացու դիմումի հիման վրա որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու եւ գործը հանրային պաշտպանին կամ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանին հանձնելու մասին կամ հանրային պաշտպանության իրականացնելու դիմումը մերժելու մասին, երբ առկա չեն սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված հիմքերը: Հանրային պաշտպանության իրականացումը մերժելու մասին հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը պետք է լինի պատճառաբանված:».

6) հսկողություն է իրականացնում հանրային պաշտպանների եւ սույն օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ եւ 9-րդ մասերում նշված անձանց կողմից իրավաբանական օգնություն իրականացնելու որակի եւ ժամկետների նկատմամբ.

7) միջնորդություն է ներկայացնում հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու կամ հանրային պաշտպանին խրախուսելու համար.

8) կարող է դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ տնտեսվարող սուբյեկտներին անվճարունակ անձանց անվճարունակության փաստն ստուգելու, ինչպես նաեւ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար:  Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են հնգօրյա ժամկետում անհատույց տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ պահանջվող փաստաթղթերը օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում.

9) փաստաբանների պալատի նախագահի սահմանած կարգին համապատասխան ապահովում է`

ա. հանրային պաշտպանի գրասենյակին հասցեագրված դիմումների հաշվառումը եւ քննարկումը,

բ. իրավաբանական օգնություն տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումների հաշվառումը,

գ. հանրային պաշտպանների կողմից փաստաբանական վարույթները ճիշտ կազմելու նկատմամբ հսկողությունը,

դ.  ավարտված վարույթների ժամանակին արխիվացումը,

ե. հաշվետվությունների եւ վիճակագրության ներկայացումը` փաստաբանների պալատի նախագահին:

4. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումները կարող են բողոքարկվել փաստաբանների պալատի նախագահին կամ դատական կարգով՝ որոշումը ստանալու պահից՝ երեսնօրյա ժամկետում:»:

Հոդված 13. Օրենքի 45-րդ հոդվածում.

1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ ՝

«6. Հանրային պաշտպանի եւ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով: Սույն օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում փաստաբանների պալատի նախագահը կարող է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ: Այդ դեպքում փոխհատուցվող գումարի չափը սահմանվում է Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազի աշխատանքային մեկ ժամի վարձատրության չափին համարժեք:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ, 10-րդ եւ 11-րդ մասեր.

«9. Յուրաքանչյուր տարի հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված հատկացման չափի ֆինանսավորումը կատարվում է ամսական  հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով:

10. Փաստաբանների պալատը, պարզելով, որ հանրային պաշտպանի գրասենյակը անվճար իրավաբանական օգնություն է տրամադրել վճարունակ անձին, վեցամսյա ժամկետում կարող է դատական կարգով օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետով նախատեսված անձից պահանջել հօգուտ պետական բյուջեի բռնագանձել փաստաբանի իրավաբանական օգնության հետ կապված ողջամիտ վճարը, որը որոշվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում նշված գնացուցակի հիման վրա:

11. Հատուկ ֆոնդի միջոցները գոյանում են՝

1) սույն հոդվածի 10-րդ մասում նշված կարգով հօգուտ պետական բյուջեի բռնագանձված գումարներից.

2) Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պետական բյուջե բռնագանձված գումարներից.

3) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:»:

Հոդված 14. Օրենքի 45.6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«1. Փաստաբանական դպրոցի ունկնդիր (հավակնորդ), բացառությամբ սույն հոդվածի 1?1 մասի, կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, ով Հայաստանի Հանրապետությունում ստացել է իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի ծրագրերով) եւ ունի իրավաբանի կամ իրավագետի որակավորում կամ նմանատիպ որակավորում ձեռք է բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումն իրականացվել է օրենսդրությամբ սահմանված կարգով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1 Փաստաբանական դպրոցի ունկնդիր (հավակնորդ) չի կարող լինել այն անձը, ով դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ, ինչպես նաեւ այն անձը, որի փաստաբանական գործունեության արտոնագիրը դադարեցվել է որպես կարգապահական տույժ, եւ չի լրացել սույն օրենքի 39.9-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ժամկետը:»:

Հոդված 15. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Այն անձինք, ում կասեցված արտոնագրի գործողությունը մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով դադարեցվել է՝ պայմանավորված արտոնագրի գործողության կասեցման սահմանված ժամկետը լրանալու հետ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կարող են դիմել փաստաբանների պալատի խորհրդին՝ արտոնագրի գործողությունը վերականգնելու համար: Սույն մասում նշված ժամկետում ստացված դիմումի հիման վրա փաստաբանների պալատի խորհուրդը պարտավոր է վերականգնել արտոնագրի գործողությունը եւ կասեցնել անորոշ ժամկետով, եթե առկա չեն Օրենքի 33-րդ հոդվածում նշված հիմքերը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքով կասեցված արտոնագրի գործողությունը չի կարող դադարեցվել արտոնագրի գործողության կասեցման հինգ տարին լրանալու հիմքով, եթե արտոնագիրը կասեցրած անձը գրավոր դիմում է ներկայացնում կասեցման անորոշ ժամկետ սահմանելու համար:

3. Փաստաբանների պալատի խորհուրդը սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքում ընդունվեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունները, որի 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են օրենքով:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով անհրաժեշտ էր սահմանել այնպիսի գործուն մեխանիզմներ, որով կապահովվեր  Սահմանադրությամբ երաշխավորված անվճար իրավաբանական օգնության տրամադրումը, դրա արդյունավետությունը: Բացի այս հարկ էր  սահմանել կարեւոր այլ երաշխքիներ` փաստաբանության ինստիտուտի զարգացման եւ կայացման համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախագծով նախատեսվում է իրականացնել փաստաբանության համակարգի հերթական բարեփոխումները:

2. Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը եւ բնույթը

 «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածը չի ընդգրկում բոլոր այն կարգավորման առարկաները, որոնք ամրագրված են գործող Օրենքով: Հետեւաբար` առաջարկվում է վերախմբագրել նշված հոդվածն այնպես, որ բացառվեն կրկնությունները եւ ընդգրկվեն Օրենքով կարգավորվող բոլոր առարկաները:

Օրենքի 2-րդ հոդվածում ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը՝ որպես փաստաբանության օրենսդրության աղբյուր մատնանշված չէ, մինչդեռ այն պարունակում է մի շարք դրույթներ, որոնք անմիջականորեն վերաբերվում են փաստաբանությանը (դատարանի ներգործության միջոցների, ներկայացուցչության, ապացույցների ձեռքբերման վերաբերյալ փաստաբանի կարգավիճակի հետ կապված առանձնահատկությունները): Ուստի առաջարկվում է 2-րդ հոդվածում ավելացնել նաեւ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը:

Հաշվի առնելով այն, որ Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքով նախատեսվում է դատական ներկայացուցչությունը ոչ փաստաբանի կողմից կարող է կատարվել մերձավոր ազգականին (ազգականներին), կանոնադրական կապիտալի քսան եւ ավելի տոկոս բաժնետոմս կամ բաժնեմաս ունեցող անձի կողմից  վճարովի կամ անվճար հիմունքներով իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելիս, համապատասխան կարգավորումները լրացվել են նաեւ սույն նախագծում:

Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը տառացի մեկնաբանելիս ստացվում է, որ փաստաբանը պետք է մեկ տարի հիվանդ լինի, որ նոր միայն իր արտոնագիրը կասեցնի, մինչդեռ փաստաբանը, եթե կարող է ներկայացնել համապատասխան բժշկական փաստաթղթեր, որ նա չի կարող աշխատել մեկ տարուց ավելի, ապա նա պետք է իրավունք ձեռք բերի կասեցնելու իր արտոնագիրը: Միաժամանակ նախագիծը նախատեսում է կասեցման հետ կապված այլ բարեփոխումներ: Այդ թվում, նախագիծը թույլ է տալիս արտոնագիրը կասեցված փաստաբանին արտոնագրի կասեցման ժամանակահատվածում անցել սահմանված վերապատրաստումները, որպեսզի հետագայում արտոնագրի գործողությունը վերականգնելիս փաստաբանը ստիպված չլինի հիմնական վերապատրաստման ժամերը լրացնելու հետ մեկտեղ մասնակցելու կասեցված ժամանակահատվածի համար նախատեսված վերապատրաստումներին:

Հաշվի առնելով Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ նախագծով նախատեսվում է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք վերապահել նաեւ օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար:

Նախագծով իրենց ամրագրումն են գտել նաեւ հետեւյալ կարգավորումները՝

1) հստակեցվել են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները եւ ՀՊԳ ֆինանսավորումը:

2) անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային նոր կարգավորում է սահմանվել, ըստ որի օրենքով սահմաված խմբերին անվճար իրավաբանական օգնությունը կարող է տրամադրվել`

 - հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների, փաստաբանական դպրոցի ունկնդիրների, ինչպես նաեւ կազմակերպությունների իրավաբանների միջոցով, որոնք ընդգրկվել են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարվող անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում: Անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում ընդգրկվելու, ինչպես նաեւ այդ ցուցակը համալրելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը.

- հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների միջոցով դատական ներկայացուցչության իրականացմամբ, որի դիմաց վճարումները կատարվում են հանրային պաշտպանի համար նախատեսված միջոցների խնայողության հաշվին, ինչպես նաեւ օրենքով սահմանված հատուկ ֆոնդի միջոցներից:

Օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասը չի նախատեսել օտարերկրյա պետության դիպլոմ ունեցող իրավաբանների՝ ՀՀ փաստաբանական դպրոց ընդունվելու հարցը, հետեւաբար առաջարկվում է կարգավորել այդ հարաբերությունները:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, կընդլայնվի անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը, առավել համապարփակ կարգավորում կստանան մի շարք ընթացակարգային հարցեր:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

7 մարտի 2019 թվականի  N 207  - Ա

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. մարտի 14
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

 Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 207-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը:

Հարգանքով`           ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ