Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-079-29.03.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին հոդվածով.

«Հոդված 4.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը.

«Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական եւ քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի եւ երթերի ձեւով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին:

Համաժողովրդական շարժման արդյունքը եղավ ոչ բռնի թավշյա հեղափոխությունը:

2. Առկա իրավիճակը

Ներկայումս բազմաթիվ տոների եւ հիշատակի օրերի կողքին որպես տոն չի նշվում քաղաքացու տոնը: 2018 թվականի ապրիլի դեպքերը հաստատեցին այն փաստը, որը իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ այսուհետ ՀՀ քաղաքացու ձայնը լսելի է լինելու: Համաժողովրդական շարժման հաղթանակում իր ներդրումն ունեցավ յուրաքանչյուր քաղաքացի, ով լի էր հույսով եւ հավատով, որ իր քայլը հաջողությամբ կպսակվի: Կառավարության համար կարեւոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի շարունակի վստահ լինել, որ իշխանությունը ջանք չի խնայելու ժողովրդական եւ իրավական պետության կայացման համար: Ուստի` հաշվի առնելով քաղաքացու դերը պետության կայացման հարցում` անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում` որպես տոն սահմանելով ՀՀ քաղաքացու օր:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի հայոց պատմության մեջ նոր էջ բացած, Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով տոնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից: