Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-0921-04.04.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 05-ի քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասում «լինել» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերը:

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս անց:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ «Օրենք») առաջարկվող փոփոխությունների նախագիծը (այսուհետ՝ «Նախագիծ») նպատակ ունի պաշտպանելու կենսաթոշակառուների իրավունքները: Խոսքը մասնավորապես տեղաշարժման խնդիրներ ունեցող, ինչպես նաեւ երկար ժամկետով կամ մշտապես արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասին է:

Խնդիրն այն է, որ անձիք, ովքեր տարիներ շարունակ աշխատել են եւ վճարել համապատասխան հարկերն ու այլ պարտադիր վճարները, խնդրո առարկա դրույթներով սահմանված նորմերի կիրառման արդյունքում, մեկնելով արտերկիր, զրկվում են կենսաթոշակի իրավունքից:

Մյուս դեպքում, ծանր անկողնային հիվանդ քաղաքացին, ում ծերության կենսաթոշակն ստանալու բանկային քարտի 12-ամսյա ժամկետը լրանում է, հայտնվում է բարդ խնդրի առաջ, քանի որ բանկից հրաժարվում են գալ եւ ստորագրություն վերցնել՝ նոր քարտ տրամադրելու համար: Երկրորդ տարբերակն էլ անձամբ ներկայանալն է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանում, ինչը բնականաբար եւս կիրառելի չէ այս քաղաքացիների համար: Հետեւաբար, կենսաթոշակների վճարմամբ զբաղվող մարմինն ինքը պետք է իր կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակիցներից մեկին ժամանակ առ ժամանակ ուղարկի համապատասխան կենսաթոշակառուներին տեսության:

Մյուս կողմից, «Նորք» միջգերատեսչական տեղեկատվական համակարգում ՔԿԱԳ հատուկ ստորաբաժանումները լրացնում են Հանրապետությունում արձանագրված մահվան փաստերը (այժմ գրանցվում է մահվան վկայականների տրամադրման փաստը, ծրագրվում է նաեւ բժշկական կենտրոններից ստացված տեղեկությունների հիման վրա մահվան փաստի գրանցում այդ համակարգում՝ չսպասելով քաղաքացիներից ստացվող՝ մահվան վկայականի տրամադրման դիմումներին):

Արտերկրում մահվան փաստերի արձանագրմամբ զբաղվում է հյուպատոսական ծառայությունը: Այնտեղ նման խնդրի վարչարարությունը բնականաբար ունի դժվարություններ, սակայն գործող օրենքով ստացվում է այնպես, որ այդ վարչարարությունից խուսափելով՝ պետությունն իր քաղաքացիներին զրկում է կենսաթոշակի իրավունքից, ինչը չի կարող արդարացի համարվել:

Ընդ որում, այդ խնդիրը, ի տարբերություն սերունդների համերաշխության կենսաթոշակային համակարգի, կուտակային կենսաթոշակների դեպքում բացակայում է:

Ընդգծենք նաեւ, որ Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությամբ արդեն իսկ նախատեսված է, որ կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Այսպիսով, առաջարկվում է օրենքի մակարդակում ապահովել անձանց կենսաթոշակի իրավունքը՝ բացառելով արտասահման մեկնելու կամ անկողնային հիվանդություն ձեռքբերելու դեպքում այդ իրավունքից զրկումը: Մասնավորապես, առաջարկվող կարգավորմամբ լիազորագրի ժամկետը 1 տարուց երկարացվում է մինչեւ 15 տարի:

Հարկ է նշել, որ կառավարության որոշումների միջոցով կարող է լուծվել 15 տարվա ընթացքում եւ այդ ժամկետը լրանալու դեպքում անկողնային հիվանդ կենսաթոշակառուներին այցելելու կարգը:

Արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասով եւս առաջարկվող նախագծով կգործի լիազորագրի 15-ամյա ժամկետը, որի լրանալուց հետո թոշակառուն կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարով նոր լիազորագիր ստորագրել հյուպատոսական կամ իր բնակության երկրում գտնվող որեւէ նոտարական ծառայությունում եւ համապատասխան հաստատմամբ ուղարկել այն Հայաստանի Հանրապետություն՝ կենսաթոշակների վճարմամբ զբաղվող մարմին:

Ո Ր Ո Շ Ու Մ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի ապրիլի 01-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ