Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-104-12.04.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետը «ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ.

«կամ ընդունվել է քրեական գործը կարճելու մասին որոշում: » :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
  
 

Հիմնավորում

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելու կարգը սահմանվում է մի կողմից «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, մյուս կողմից զինվորական ծառայության ստաժում հաշվառվող ժամանակահատվածները եւ դրանք հաշվարկելու առանձնահատկությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքով: Եվ այստեղ առաջանում է  երկու օրենքների միջեւ հակասություն. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով զինծառայողի համար որպես զինվորական ծառայության ժամկետ է հաշվարկվում այն ժամանակահատվածը, երբ զինծառայողը ազատազրկման կամ կալանքի ձեւով պատիժ է կրել եւ ձեռբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածը, եթե օրենքով սահմանված կարգով զինծառայողը ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ: Իսկ «Պետական կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքով վերը թվարկված դեպքերը նույնպես հաշվարկվում են ստաժ, բայց այս օրենքում կա հավելում, ըստ որի զինվորական ծառայության ստաժում է հաշվարկվում վերոնշյալ դեպքերը եւ, երբ ընդունվել է քրեական գործը կարճելու մասին որոշում եւ բերված են քրեական գորրծի կարճման մի քանի մասնավոր դեպքեր, որը բացակայում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով:  Անմեղության կանխավարկածի վրա հիմնվելով` արդարացի կլիներ հանել  քրեական գործի կարճման մասնավոր դեպքերը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում եւ ընդհանրացնել այն, քանի որ եթե անձը չի դատապարտվել, նշանակում է` նա անմեղ է, իսկ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում ավելացնել նաեւ քրեական գործը կարճելու մասին որոշման  դրույթը, որը եւ տեղի է ունենում սույն օրենսդրական նախաձեռնությամբ:  Քանի որ կան արդեն նախադեպեր, երբ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից տրված տեղեկանքում հաշվարկված ընդհանուր ստաժը եւ տվյալները չեն համապատասխանել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված փաստաթղթում ներկայացված տվյալներ հետ եւ հետեւաբար չի հաշվարկվել համապատասխան կենսաթոշակ:

ՏԵՂԵԿԱՆՔ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետութան օրենքում լրացում եւ Պետական կենսաթոշակների մասին  Հայաստանի Հանրապետութան օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ  
  
 
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

ՀԱՐԳԵԼԻ՛ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետութան օրենքում լրացում եւ Պետական կենսաթոշակների մասին  Հայաստանի Հանրապետութան օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը:  Նախագծերին կից ներկայացվում են`

1. օրենքների  ընդունման հիմնավորումը,

2. օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,

3. օրենքներում փոփոխվող հոդվածները:

Խնդրում եմ սահմանված կարգով օրենքի նախագծերը դնել շրջանառության մեջ:

       Առդիր`   8 (ութ) էջ:  
 

Հարգանքով`
Տիգրան Ուրիխանյան