Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-203-21.06.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«արտաքսում` սույն օրենքով նախատեսված դեպքերում իրավասու պետական մարմնի կողմից օտարերկրացու հարկադիր հեռացումը Հայաստանի Հանրապետությունից.»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը)  մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե նա օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարելու համար:

Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում  լիազորված պետական մարմինը օտարերկրացու ազատազրկման դատապարտման մասին Հայաստանի Հանրապետության դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական մարմնին սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով արտաքսման վերաբերյալ գործ հարուցելու համար:

Օրինական ուժի մեջ մտած դատավճռով օտարերկրացու ազատազրկման դատապարտվելու պատճառով արտաքսման մասին որոշում կայացնելու դեպքում օտարերկրացու մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե  օրինական ուժի մեջ մտած արտաքսման մասին որոշումն ի կատար ածելուց հետո չի անցել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարելու դեպքում՝ երեք տարի, ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ հինգ տարի, իսկ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ ութ տարի:

Սույն մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվող մերձավոր ազգականներ (ամուսին, զավակ, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ունեցող անձանց վրա:»:

Հոդված 3.   Օրենքի 30-րդ հոդվածի «բ)» կետում «մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվել» բառերը փոխարինել «առկա են» բառերով, իսկ նույն կետի` «հիմքերով.» բառը փոխարինել «հիմքերը.» բառով:

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 31.  Օտարերկրացու արտաքսման վերաբերյալ գործի հարուցումը

Եթե սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում օտարերկրացին կամավոր չի հեռացել Հայաստանի Հանրապետության տարածքից կամ եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկացրել է համապատասխան դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու մասին, ապա Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը արտաքսման վերաբերյալ գործ է հարուցում եւ ներկայացնում դատարան:

Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1., 2.2. եւ 2.3. մասերով՝.

«2.1 Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար է ածվում օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում դատավճռով սահմանված ազատազրկման ձեւով պատիժը կրելուց հետո, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու նպատակով իր քաղաքացիության երկիր դատապարտյալի փոխանցման դեպքում՝ դատապարտյալի փոխանցումն իրականացելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմնի ծանուցումն ստանալուց հետո արտաքսման որոշումը համարվում է ի կատար ածված:

2.2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար ածելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը օտարերկրացու՝ ազատազրկման ձեւով պատժի կրման ժամկետն ավարտվելուց առնվազն մեկ ամիս առաջ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական մարմնին:

2.3. Այն դեպքերում, երբ օտարերկրացին սահմանված կարգով ապաստանի հայց է ներկայացնում լիազոր մարմին, ապա սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար է ածվում նրա հայցի վերաբերյալ վերջնական մերժման որոշումն ընդունվելուց հետո՝ ներառյալ դատական կարգով բողոքարկումը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայումս օտարերկրացու արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից հնարավոր է իրականացնել միայն նրա՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում:

Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը իրականացնում է բաց վիզային ռեժիմով, իսկ որոշ երկրների հետ՝ առհասարակ առանց վիզային ռեժիմի, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետություն ազատ մուտքը հասանելի է բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների:

Վերը նշված հանգամանքը, ցավոք, հանգեցնում է նաեւ բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների խախտումների եւ հաճախ նաեւ քրեորեն պատժելի արարքներ կատարելու պատճառով վերջիններս  պատիժ են կրում Հայաստանի Հանրապետությունում:

Հիմք ընդունելով դատապարտյալների փոխանցման ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, ինչպես նաեւ հաշվի առնելով ՀՀ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի լուծման անհրաժեշտությունը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը 2013-2018թթ ընթացքում իրենց քաղաքացիության երկրներում ՀՀ դատավճռով սահմանված հետագա պատիժը կրելու նպատակով օտարերկրյա պետություններ է փոխանցել ավելի քան 200 դատապարտյալների:

Դատապարտյալների փոխանցման միջազգային, ինչպես նաեւ հայաստանյան  փորձի ուսունասիրությունը ցույց է տալիս, որ մեծամասամբ դատապարտված օտարերկրացիների նկատմամբ օրինական հիմքերով եւ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով դատապարտյալի փոխանցման գործընթացի ավարտից հետո նրանց նկատմամբ կիրառվում են պայմանական վաղակետ ազատման, համաներման  կամ ներման ինստիտուտները, որոնց արդյունքում նշված դատապարտյալները կրկին հայտնվում են ազատության մեջ եւ հետեւաբար հնարավորություն են ստանում կրկին վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:

Մի շարք օտարերկրա պետություններ (Մեծ Բրիտանիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան) վերը նշված խնդրի լուծման նպատակով ներպետական օրենսդրությամբ սահմանել են իրենց երկրներում օտարերկրացիների արտաքսման հնարավորությունը, այն դեպքում երբ վերջիններս իրենց երկրներում կատարել են քրեորեն պատժելի արարքներ:

2. Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթը

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել օտարերկրացիների արտաքսման հնարավորությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում, այլ նաեւ օտարեկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու դեպքում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն հստակեցնել արտաքսման պատճառները, այլ ամբողջական կարգավորել նշված հարաբերությունները՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրացիների փոխանցումից հետո վերջիններիս մուտքը Հայաստան բացառելու օրինական հիմքեր, ինչն իր հերթին կնպաստի հանցավորության աճի եւ կրկնահանցագործների թվի նվազեցմանը:

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը հնարավորություն կտա Հայստանի Հանրապետությանը կասեցնել հանցավոր տարրերի մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ ստեղծելով արտաքսման առավել լիարժեք եւ գործուն մեխանիզմներ:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագի  ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

6  հունիսի 2019 թվականի  N  701 - Ա
 

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ  Տ. ԱՎԻՆՅԱՆ

2019 թ. հունիսի 7
     Երեւան


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                            ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 701-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
 
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ