Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-20417-21.06.2019-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 (այսուհետ՝ Օրենք) օրենքի 40-րդ հոդվածից «եւ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելու դիմաց՝ կազմակերպություններից եւ քաղաքացիներից ստացվող, արտաբյուջետային ֆոնդի միջոցներից» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքը լրացնել 40.1-ին հոդվածով.

«Հոդված 40.1. Վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքները եւ ծառայությունների համար գանձվող վճարները

1. Ոստիկանության կողմից կիրառվող վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքները, ինչպես նաեւ ոստիկանության կողմից մատուցվող, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, ծառայությունների դիմաց վճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Ոստիկանության կողմից պայմանագրային հիմունքներով մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Մարզական, մշակութային եւ օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ (բացի բարեգործական եւ պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից) պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաեւ ցանկալի համարանիշներ տրամադրման, արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման, տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարների չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գանձվում է՝

1) տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 5000 դրամ,

2) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու գործնական քննություն ընդունելու համար` 10.000 դրամ,

3) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու համար` 10.000 դրամ,

4) նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար` 1.000 դրամ:»:

Հոդված  3. Օրենքի 41-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ոստիկանության արտաբյուջետային հաշիվներին առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես ազատ մնացորդ:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սահմանել, որ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող եւ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված արտաբյուջետային ծրագրերը, միջոցառումները, դրանց հետ կապված եկամուտները եւ ծախսերը համարվում են 2019 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծրագրեր, միջոցառումներ, եկամուտներ եւ ծախսեր:  Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ծախսերը ֆինանսավորվում են բացառապես համապատասխան մուտքերի սահմաններում եւ դրանց հաշվին: