Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-260-20.08.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի Հավելված 1-ում՝   «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում՝ մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկում 34-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Անհրաժեշտությունը.

1. Նախագծի մշակումը պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. Ծրագրում ընդգրկված` առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության` հետագայում եւս որպես պետական ընկերություն գործելու անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն » փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցման ցանկից հանելու նպատակահարմարությամբ:

Նշված կազմակերպությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունների վերապահման խնդիրը կլուծվի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

«Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն » ՓԲԸ-ն իրականացնում է մաշկային եւ սեռավարակ հիվանդություններ ունեցող անձանց հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում, հիվանդների դիսպանսեր հսկողություն, հանրապետության ողջ տարածքից հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում, մեթոդական օգնություն եւ ղեկավարում հանրապետության նեղ մասնագետներին, ինչպես նաեւ բոլոր դժվար ախտորոշվող  եւ բարդ դեպքերի բուժման գործընթաց: Հանրապետական նշանակության 86 մահճակալ ունեցող պետական  հիվանդանոցը` ունի թե՛ ախտորոշիչ ,եւ թե՛ բուժական հնարավորություններ:

Ներկայումս «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն »  ՓԲԸ-ն հանրապետությունում գործող մաշկաբանական եւ սեռավարակաբանական միակ հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող, ինչպես նաեւ մաշկային եւ սեռավարակ հիվանդություններ ունեցող անձանց արտահիվանդանոցային միակ շարունակական հսկողության ծառայություններ մատուցող բարձր մասնագիտացված պրոֆիլային բժշկական կազմակերպություն է:

Մաշկային հիվանդն անհրաժեշտ բուժօգնությունը լրիվ ծավալով կարող է ստանալ միայն բժշկական օգնության երրորդ մակարդակում (բարձր տեխնոլոգիական բուժօգնություն, որը կենտրոնացած է բարձր մասնագիտացված պրոֆիլային բժշկական հաստատությունում), այն է՝  ՀՀ  միակ մաշկավեներաբանական կենտրոնում?

Հաշվի առնելով վերջինիս գործառույթները եւ ծավալները, առավել նպատակահարմար է, որ նշված  պրոֆիլի եւ ծավալների կազմակերպությունը գործի պետական համակարգում եւ վերջինիս հնարավոր եւ ցանկալի զարգացումները անմիջականորեն համակարգվեն եւ ուղղորդվեն պետության կողմից:

«Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»  ՓԲԸ-ն (այսուհետ` Կենտրոն) իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ, մասնավորապես. Կենտրոնը մաշկավեներական հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում են շուրջ 13 000 պացիենտ, որից 3 000-ը միայն ստացիոնար:

Կենտրոնը չի գործում պետական դոտացիաների հիման վրա, այն շահույթ հետապնդող առեւտրային կազմակերպություն է եւ վերջին 4-5 տարիների  ընթացքում, Կենտրոնի շահույթը եւ վճարովի մատուցվող ծառայությունների ծավալը շեշտակի աճել է: Ներկայումս, Կենտրոնի տարեկան զուտ շահույթը հասնում է 2-3 մլն  ՀՀ  դրամի՝  2014թ.-ի  210,0 հազ. ՀՀ  դրամի  փոխարեն, վճարովի ծառայությունների ծավալը տարեցտարի աճելով՝ 2018թ.-ին կազմել է 106,4 մլն  ՀՀ դրամ՝ 2014թ.-ի 26մլն  ՀՀ դրամի փոխարեն ( աճը +304% ): Այսպիսով, վճարովի ծառայությունների մասնաբաժինը ընդհանուր եկամուտների մեջ, հաշվի առած պետական պատվերի ծառայությունների ծավալը, 2014թ.-ի 14,2% -ից 2018թ.-ին աճել է մինչեւ 41,86%:  Հարկ է նշել, որ նման ցուցանիշներ չունեն պետական շատ այլ բժշկական կազմակերպություններ, ավելին, այս ցուցանիշներով առաջատար տեղ գրավելով առողջապահության նախարարության համակարգում, Կենտրոնը 2017թ.-ին, այնուամենայնիվ, մտավ մասնավորեցման գործընթացի մեջ:

Այս ցուցանիշները տարեցտարի բարելավվել են, չնայած խորհրդային ժամանակաշրջանից ծանր շենքային պայմանների ժառանգության պատճառով ամեն տարի իրականացվող վերանորոգումների, հիվանդանոցային պայմանների բարելավումների, ինչպես նաեւ պետության կողմից պետական պատվերի ծառայությունների կասեցված մեծ ծավալների, որոնք տարեվերջում գերակատարելու դեպքում, որպես կանոն, չեն փոխհատուցվել:

Կենտրոնը նաեւ իրականացնում է մասնագիտական խորհրդատվություններ Երեւան քաղաքի եւ ՀՀ մարզերի բժշկական կենտրոններում, ինչպես նաեւ ապահովում է քրոնիկ աուտոիմուն հիվանդությամբ տառապող անձանց շարունակական հսկողությունը եւ բուժումը: Ներկայումս, Կենտրոնում իրականացվում է շուրջ 2 300 դիսպանսեր հիվանդների շարունակական հսկողություն, որը հանրապետության  6 մարզերի կտրվածքով իրականացված գործունեության արդյունք է, ինչը շարունակելի գործընթաց է:

Հաշվի առնելով նշված ցուցանիշները եւ որ Կենտրոնն իր պրոֆիլով միակն է ՀՀ-ում, գտնում ենք, որ այն պետք է գործի պետական համակարգում եւ վերջինիս հնարավոր եւ ցանկալի զարգացումները անմիջականորեն համակարգվեն եւ ուղղորդվեն պետության կողմից:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Հաշվի առնելով նշված  կազմակերպության բացառիկությունը, կարեւորությունը եւ ստրատեգիական նշանակությունը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջինիս  գործունեությունը պետական փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակով ավելի արդյունավետ է, ինչը, սակայն, չի բացառում  մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը կամ պետություն-մասնավոր ձեւաչափով համագործակցությունը:

4.Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծի մշակման նպատակը՝  «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն»  ՓԲԸ-ի, 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերության գործունեության համար ավելի շահավետ պայմանների ստեղծումն է, իսկ հետագա զարգացման տեսանկյունից` մասնավոր ներդրողների հետ համագործակցության համար նոր հարթակների ստեղծումը:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը նշված բժշկական հաստատության կառավարման եւ գործունեության արդյունավետության, ինչպես նաեւ հետագա զարգացման նախապայմանների սեղծումն է:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Օրենքի նախագծի  ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

19 օգոստոսի  2019 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ
ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                  պարոն ԱՐԱՐԱՏ  ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ եմ ներկայացնում « Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու  մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները:

Խնդրում ենք նշված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Նախագծի հիմնական զեկուցող՝  Նարեկ Զեյնալյան
 
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝  ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ