Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-272-09.09.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«1.Սահմանադրության 159-րդ հոդվածին համապատասխան` սույն օրենքը սահմանում է պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը, կազմավորման կարգը, ինչպես նաեւ կարգավորում է այդ մարմինների հետ կապված այլ հարաբերություններ:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 7.1. հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 7.1. Վարչապետին կամ կառավարությանը ենթակա մարմինների, մարզպետների ակտերի բողոքարկումը

1. Վարչապետին կամ կառավարությանը սույն օրենքով նախատեսված ենթակա մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ մարզպետների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել ակտն ընդունած մարմին կամ դատական կարգով:»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ
ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Կառավարության որպես գործադիր իշխանության բարձրագույն մարմնի հիմնական գործառույթներն են քաղաքականության սահմանումը եւ պետական կառավարումը: Նշված գործառույթները իրականացվում են պետական կառավարման համակարգի մարմինների միջոցով: Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն` Պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են օրենքով: Սրա հիման վրա «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 4-րդ եւ 5-րդ հոդվածներով նախատեսված է վարչապետին եւ կառավարությանը ենթակա մարմինների սպառիչ ցանկը:

Հիմք ընդունելով վերոնշյալը` նախագծերով առաջարկվում են իրավակարգավորումներ, որոնց հիման վրա շահագրգիռ անձիք  նշված մարմինների, ինչպես նաեւ մարզպետների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել ակտն ընդունած մարմին կամ դատարան, ինչպես նաեւ հստակեցվում է այն կարգավորումը, որի համաձայն վարչապետը Կառավարությանը ենթակա պետական մարմինների, իրեն ենթակա պետական մարմինների ղեկավարների, մարզպետների վերադասն է կառավարչական իրավահարաբերություններում:

Անդրադառնալով վարչական ակտերի բողոքարկման ինստիտուտին կարեւոր է նշել, որ վարչական ակտերի բողոքարկումը վարչական կամ դատական կարգով ինքնանպատակ չէ եւ կոչված է ապահովելու անձանց ենթադրյալ խախտված իրավունքների լիարժեք, արդյունավետ եւ իրական վերականգնումը: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել վարչական մարմինների թույլ տված սխալների բացահայտումը եւ ուղղումը` դրանով իսկ նպաստելով վարչարարության նպատակների իրականացմանը: Միեւնույն ժամանակ պետք է փաստել, որ վարչական ակտը բողոքարկելու իրավունքը չի կարող համարվել բացարձակ իրավունք, այն կարող է անհրաժեշտաբար ենթարկվել ողջամիտ եւ իրավաչափ սահմանափակումների եւ այդ իրավունքի իրացումն օբյեկտիվորեն ունի որոշակի սահմաններ եւ շրջանակներ: Հենց նշվածի հիման վրա է նախագծում առաջարկվում վարչապետին կամ կառավարությանը ենթակա մարմինների,  նախարարությունների վարչական ակտերը բողոքարկել ակտն ընդունած մարմին կամ դատարան` բացառելով դրանց բողոքարկումը վարչապետին կամ կառավարություն կարգով: Նշված իրավակարգավորումը ոչ միայն բխում է վարչարարության խնայողության սկզբունքից, այլ նաեւ  անհրաժեշտ եւ արդարացի հավասարակշռություն է սահմանում հանրային եւ մասնավոր շահերի միջեւ, քանի որ անհամաչափ կամ անհաղթահարելի ծանրաբեռնվածություն չի ստեղծում կառավարության կամ վարչապետի համար` միաժամանակ ապահովելով վարչական ակտերի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը:

Նախագծում ամրագրված իրավական կառուցակարգերը դիտարկելով հանրային եւ մասնավոր շահերի միջեւ արդարացի հավասարակշռություն սահմանելու անհրաժեշտության տեսանկյունից, կարեւոր ենք համարում ընդգծել, որ անձի հիմնարար իրավունքների եւ հանրային շահի միջեւ այդպիսի հավասարակշռությունն ապահովվում է միջամտության համաչափությամբ: Համաչափության սկզբունքի առանցքային կարեւորությունն այն է, որ դրա կիրառումը հնարավորություն է տալիս գնահատել պետության միջամտության ընթացքում կիրառվող միջոցների գործադրմամբ նպատակին հասնելու հնարավորությունը եւ թույլատրելիությունը: Համաչափության սկզբունքը կոչված է երաշխավորելու, որպեսզի այս կամ այն հանգամանքներում համարժեքություն ապահովվի կիրառվող միջոցների եւ դրանց կիրառմամբ հետապնդվող նպատակի միջեւ` համարժեք արձագանքելով որեւէ իրավիճակի: Ըստ այդմ, համաչափության սկզբունքը բաղկացած է երեք տարրերից` պիտանիություն, անհրաժեշտություն եւ չափավորություն: Այսինքն` գործադրվող միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր:Համաչափության սկզբունքի այն պահանջը, համաձայն որի` հետապնդվող նպատակին հասնելու համար գործադրվող միջոցները պետք է լինեն պիտանի, նշանակում է, որ իր հայեցողությանը վերապահված միջոցներից պետությունը պետք է ընտրի այն միջոցը, որով կարող է հասնել այդ նպատակին: Եթե պիտանի միջոցները մեկից ավելի են, ապա դրանցից պետք է ընտրվի տվյալ նպատակին հասնելու համար առավել անհրաժեշտը, իսկ պիտանի եւ անհրաժեշտ միջոցներից` այն միջոցը, որը, առավել նվազ ձեւով միջամտելով անձի իրավունքներին, այդուհանդերձ, թույլ է տալիս առավելագույնս հասնել հետապնդվող նպատակին: Չափավորությունը ենթադրում է, որ անհրաժեշտ եւ պիտանի միջոցը միեւնույն ժամանակ պետք է ապահովի ողջամիտ հավասարակշռություն ձեռնարկվող միջամտության եւ հետապնդվող նպատակի միջեւ:

Վերոնշյալ վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով առաջարկվող կարգավորումներին, հարկ ենք համարում ընդգծել եւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոսք անգամ չի կարող լինել հանրային եւ մասնավոր շահերի միջեւ արդարացի հավասարակշռություն եւ հետեւաբար համաչափության սկզբունքի պահպանվածության մասին, եթե իրավունքի սուբյեկտները ունենալով անսահմանափակ իրավունքներ, պաշտպանության գործող մեխանիզմը օգտագործեն հանրային շահին ի վնաս` բողոքարկելով վարչապետին կամ կառավարությանը ենթակա մարմինների,  մարզպետների վարչական ակտերը, ինչպես նաեւ նշված մարմինների գործողությունները կամ անգործությունը հենց վարչապետին կամ կառավարություն, քանի որ ինչպես արդեն նշվեց այդպիսի իրավիճակը առաջ կբերի անհամաչափ կամ անհաղթահարելի ծանրաբեռնվածություն, ինչի հետեւանքով կխաթարվի կառավարության  լիազորությունների պատշաճ եւ արդյունավետ իրականացումը: Նշված իրավիճակը կխախտի նաեւ նպատակահարմարության եւ օրինականության միջեւ ողջամիտ հարաբերակցությունը:

Միաժամանակ հարկ է շեշտել այն հանգամանքը, որ նախագծում տեղ գտած դրույթներով ոչ թե նոր լուծումներ են տրվում, այլ այդպիսիք պարզապես նպատակ են հետապնդում բացառելու իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկող տարընթերցումները` հստակեցնելով, որ աստիճանակարգության առկայությունը եւ կառավարչական իրավահարաբերություններում վերադասությունը ինքնին չեն ենթադրում մեխանիկորեն նաեւ վարչարարության իմաստով վերադասության առկայություն:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվող իրավակարգավորումներով որոշակիացվում է, որ շահագրգիռ անձիք Վարչապետին կամ կառավարությանը ենթակա մարմինների, մարզպետների վարչական ակտերը, ինչպես նաեւ նշված մարմինների գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկել ակտն ընդունած մարմին կամ դատարան, ինչպես նաեւ հստակեցվում է այն կարգավորումը, որի համաձայն վարչապետը Կառավարությանը ենթակա պետական մարմինների, իրեն ենթակա պետական մարմինների ղեկավարների, մարզպետների վերադասն է կառավարչական իրավահարաբերություններում:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը
 
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն գործող օրենսդրական կարգավորումները եւ կապահովվի  անհրաժեշտ եւ արդարացի հավասարակշռություն հանրային եւ մասնավոր շահերի միջեւ, ինչպես նաեւ ահնամաչափ կամ անհաղթահարելի ծանրաբեռնվածություն չի ստեղծվի կառավարության համար` միաժամանակ ապահովելով վարչական ակտերի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը;

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1112 - Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հարգանքով`      ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ