Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-277-12.09.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ընտանեկան օրենսգրքի  11-րդ հոդվածը լրացնել նոր՝ ե) կետով՝ հետեւյալ բովանդակությամբ ՝

« ե) նույն սեռի անձանց միջեւ, ինչպես նաեւ այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկը փոխել է սեռը:»

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ավանդաբար ամուսնությունը համարվում է ընտանիք կազմելու միակ եղանակը: ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ առաջին հերթին՝ ՀՀ Սահմանադրությունը չեն տալիս «ամուսնության» հասկացությունը, սակայն թե՛ հիմնական օրենքը, եւ թե՛ ՀՀ ընտանեկան օրենսգիրքն «ընտանիք» հասկացությունն օգտագործում են կնոջ եւ տղամարդու կայուն միության համատեքստում:

ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության եւ ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով: »:

ՀՀ Սահմանադրությունը եւ միջազգային իրավական ակտերը ընտանիք կազմելու նպատակներից մեկը եւ ամենակարեւորը համարում են երեխաներ ունանալն ու դաստիարակելը, քանի որ ինչպես ՀՀ օրենսդրությամբ, այնպես էլ ՄԱԿ-ի 1989 թ. նոյեմբերի 20-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայով սահմանվում է, որ «պետությունը պետք է ըստ արժանվույն ապահովի ու պաշտպանի երեխաների իրավունքներն ու լավագույն շահերը»: ՀՀ ընտանեկան օրենսգիրքի համաձայն՝ «ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է տղամարդու եւ կնոջ ամուսնական դաշինքի կամավորության (...) ընտանիքի անչափահաս եւ անաշխատունակ անդամների իրավունքների եւ շահերի առաջնային պաշտպանությունն ապահովելու սկզբունքներին համապատասխան»: Ինչպես նշվում է Սահմանադրությամբ, ընտանիքը հասարակության բնական եւ հիմնական բջիջն է, բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմքը, սերընդեսերունդ մեզ փոխանցված ազգային արժեքների հետ մեզ է հասել ընտանիքի միայն մեկ մոդել, այն է՝ մեկ կնոջ եւ մեկ տղամարդու միությունը, որն կարող է ստեղծել սերունդ եւ ապահովել այդ սերնդի ճիշտ եւ առողջ դաստիարակությունն ու զարգացումը: Նույն հոդվածի համաձայն՝ պետությունն իր հատուկ պաշտպանության եւ հովանու ներքո է վերցնում մանկությունը: Առավել եւս, այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ պատերազմական իրավիճակում, աներկբայորեն անհրաժեշտ են  գործուն քայլեր մեր բնակչության բնականոն վերարտադրությանը խոչընդոտող երեււույթները կանխարգելելու ուղղությամբ:

Ո՛չ ՀՀ Սահմանադրությունը, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները չեն սահմանում նույն սեռի անձանց միության (ամուսնության գրանցման) համար իրավական նախադրյալներ ապահովելու՝ պետությանը պարտավորեցնող պահանջներ: Այսինքն՝ Հայաստանը չունի իր տարածքում նույնասեռականների կամ սեռափոխված անձանց ամուսնությունը թույլատրելու իրավական պարտավորություն: Ավելին՝ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 23-րդ հոդվածի 2-րդ մասը  նշում է, որ «ամուսնության տարիքի հասած տղամարդկանց եւ կանանց համար ճանաչվում է ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունքը:»: Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 12.1 կետի համաձայն՝ «ամուսնական տարիքի հասած տղամարդիկ ու կանայք ունեն ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք՝ այդ իրավունքի իրականացումը կարգավորող ներպետական օրենսդրությանը համապատասխան»:

Այս դրույթը յուրաքանչյուր պետությանը հնարավորություն է տալիս ամուսնական հարաբերությունները կարգավորել ազգային եւ մշակութային արժեքներին համապատասխան: Ելնելով մեր երկրի առանձնահատկություններից՝ պետությունը պետք է կատարի Սահմանադրությամբ ամրագրված՝ պետական քաղաքականության հիմնական նպատակները, որոնցից ամենաառաջնայինը՝ «երեխաների անհատականության լիակատար եւ բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումն» է:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ