Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2928-23.09.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի թիվ ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում խնդիրներ իրականացնող` Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքները եւ փրկարար ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 3. Փրկարար ծառայության գործունեության իրավական կարգավորումը

1. Փրկարար ծառայության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Հանրային ծառայության մասին» օրենքով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու իրավական ակտերով:

2. Փրկարարական ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով եւ «Հանրային ծառայության մասին» օրենքով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

4. Փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգի եւ այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են փրկարարական ծառայողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «գրասենյակը եւ» բառերը հանել:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Փրկարար ծառայության հաստիքների առավելագույն քանակը որոշում է վարչապետը:

2. Փրկարար ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության եւ հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա եւ կենտրոնացված ղեկավարման միջոցով:»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում՝

ա) «համարվում» բառից հետո լրացնել «փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող» բառերը.

բ) «զբաղեցնում է սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված որեւէ խմբի պաշտոն եւ» բառերը հանել:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 13. Փրկարար ծառայության պաշտոնների խմբերը եւ փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Փրկարար ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց լուծման, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:

2. Փրկարար ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի`

ա) փրկարար ծառայության բարձրագույն պաշտոններ,

բ) փրկարար ծառայության գլխավոր պաշտոններ,

գ) փրկարար ծառայության ավագ պաշտոններ,

դ) փրկարար ծառայության միջին պաշտոններ,

ե) փրկարար ծառայության կրտսեր պաշտոն,

3. Փրկարար ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում եւ (կամ) փոփոխում է համապատասխան նախարարը եւ վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Փրկարար ծառայության ղեկավարը եւ տեղակալները համարվում են փրկարար ծառայության պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկում:

4. Սույն օրենքով փրկարարական ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները եւ սոցիալական երաշխիքները տարածվում են փրկարար ծառայության տնօրենի եւ նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը փրկարար ծառայության տնօրենի եւ նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:

5. Փրկարար ծառայության տնօրենի եւ տնօրենի տեղակալի ծառայության ստաժը հաշվարկվում է փրկարար ծառայության ստաժում:

6. Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունների պաշտոնների միջեւ համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Փրկարար ծառայության տնօրենին եւ նրա տեղակալներին շնորհվում են փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ եւ փրկարար ծառայության գեներալ-մայոր կոչումները:».

2) 2-րդ մասից հետո լրացնել նոր 2.1-ին մասով.

«2.1. Փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ եւ գեներալ-մայոր կոչումները շնորհում է վարչապետը:»:

Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասից «, ինչպես նաեւ համապատասխան նախարարի կողմից ստեղծված ատեստացիոն հանձնաժողովի որոշման առկայության» բառերը հանել:

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի՝

1) Վերնագրում «պահանջները» բառից հետո լրացնել «, մրցույթը» բառը.

2) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1 Սույն օրենքով սահմանված կարգով փրկարար ծառայությունում ծառայության անցնելու իրավունք ունեն փրկարարական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի կամ այն քաղաքացիների, ովքեր օրենքով նախատեսված կարգով եւ հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից) եւ դիմելու պահին չի լրացել վերջիններիս 35 տարին՝ բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքի: Փրկարար ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիր) փրկարար ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ խնդիրներից բխող փրկարարական ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող եւ այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող եւ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:»:

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 3-րդ մասի երկրորդ նախադասությունում «կառավարությունը» բառը փոխարինել «հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը» բառերով:

5) 4-րդ եւ 5-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Փրկարար ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ, այդ թվում` փրկարար ծառայությունից այլ մարմիններ տեղափոխված կամ ազատված ծառայողներ, եթե բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:

5. Փրկարար ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն եւ (կամ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար եւ (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:».

6) Հոդվածը լրացնել նոր 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով.

«6. Բացառությամբ փրկարար ծառայության ղեկավարի, նրա տեղակալների եւ սույն օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ եւ 8.1-ին մասերով սահմանված դեպքերի՝ մյուս փրկարարական ծառայողները ծառայության անցնում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի ժամանակ ստուգվում է մասնակցի մասնագիտական եւ ֆիզիկական պատրաստվածությունը: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

7. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, ովքեր չեն բավարարում սույն օրենքի 32-րդ եւ 63-րդ հոդվածների պահանջները:

8. Փրկարարական ծառայողների առաջխաղացումն իրականացվում է սույն օրենքով սահմանված մրցույթի արդյունքների հիման վրա:»:

Հոդված 10. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով.

«4. Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար վարվում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարելու կարգը եւ առանձնահատկությունները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:

Հոդված 11. Օրենքի 32-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «զբաղեցրել է » բառից հետո լրացնել «փրկարար ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոն, » բառերը, իսկ «կոչում» բառից հետո լրացնել «կամ ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ, որից երկու տարին առնվազն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում կամ ութ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերով.

2) 2-րդ մասում մասում «զբաղեցնում է» բառից հետո լրացնել «փրկարար ծառայության ղեկավարի պաշտոն, » բառերը, իսկ «կոչում» բառից հետո լրացնել «կամ ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերով.

3) 2.1 մասում «զբաղեցնում է» բառից հետո լրացնել «փրկարար ծառայության ղեկավարի կամ տեղակալի պաշտոն,» բառերը, իսկ «գլխավոր խմբի պաշտոն» բառերից հետո՝ «եւ ունի փրկարար ծառայության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերով.

4) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Փրկարար ծառայության պաշտոնների համար կազմվում է պաշտոնի անձնագիր, որը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից:»

5) 4-րդ մասի առաջին նախադասությունից հանել «Ատեստավորումից հետո» բառերը, «ավագ խմբի պաշտոն» բառերից հետո լրացնել «եւ ունի փրկարար ծառայության մայորից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ» բառերով, իսկ երկրորդ նախադասությունում «նաեւ» բառից հետո լրացնել «փրկարար ծառայության ղեկավարի կամ տեղակալի կամ»բառերով.

6) 5-րդ մասից հանել «ատեստավորման արդյունքում՝» բառերը.

7) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

8) 7-րդ մասից հանել «համարվում են ատեստավորված եւ» բառերը.

9) 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«9. Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար դիմած եւ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող (բացառությամբ՝ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում ծառայության ընդունվողների) աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները, մրցույթը հաղթահարելուց հետո, մինչեւ պաշտոնի նշանակվելը լիազոր մարմն ուսումնական հաստատությունում ներգրավվում են եռամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում եւ նրանց հետ կնքվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված ժամկետային (ուսումնական փորձաշրջանի ժամկետով) աշխատանքային պայմանագիր, եւ վճարվում է տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափով: Ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները եւ դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:».

10) 10-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Նման քաղաքացիները մրցույթի արդյունքում պաշտոնի են նշանակվում հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի սահմանած կարգով եւ պայմաններով` լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում եռամսյա վերապատրաստում անցնելուց հետո:».

«11) լրացնել նոր 12.1-ին մասով.

«12.1. Պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում փրկարարական ծառայողի հետ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է կողմերի համաձայնությամբ՝ սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետներով:»:

Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 33. Ծառայողների կատարողականի գնահատման եւ վերապատրաստման կարգը

1. Փրկարարական ծառայողի կատարողականի գնահատման եւ վերապատրաստաման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

Հոդված 13. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 35. Ծառայողին նրա ցանկությամբ այլ պաշտոնի փոխադրելը, տեղափոխելը

1. Փրկարարական ծառայողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Փրկարարական ծառայողի տեղափոխում, փոխադրում իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայությունից հետո:»:

Հոդված 14. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 37. Ծառայողի իրավունքները

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, փրկարարական ծառայողների հիմնական իրավունքներն են՝

ա)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը` իր նկատմամբ անհիմն մեղադրանքների եւ կասկածանքների վերացման կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.

բ) առողջության պահպանումը.

գ) փրկարար ծառայության պաշտոնի եւ կոչումի՝ սահմանված կարգով բարձրացումը.

դ) նշանակման արդյունքները բողոքարկելը.

ե) արտակարգ իրավիճակի վայրում բնակելի եւ արտադրական տարածքներ ու կազմակերպություններ մուտք գործելը.

զ) մարդկանց փրկության եւ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում՝ կապի, տրանսպորտի եւ այլ նյութական միջոցներ օգտագործելը:»:

Հոդված 15. Օրենքի 38-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

« 1.«Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, փրկարարական ծառայողի հիմնական պարտականություններն են՝».

2. Հոդվածի 1-ին մասի ա), գ), դ), ե) կետերը եւ 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 39. Փրկարարական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների՝ փրկարարական ծառայողն իրավունք չունի՝

1) լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու եւ ի պաշտոնե գործելու դեպքերի.

2) լինելու որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվելու քաղաքական գործունեությամբ.

3) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց:»:

Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում «պաշտոններ» բառից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերը:

Հոդված 18. Օրենքի 57-րդ հոդվածի՝

1) 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Փրկարարական ծառայողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Փրկարարական ծառայողների նկատմամաբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով որոշ խրախուսանքի տեսակների կիրառման լիազորությունը կարող է պատվիրակվել փրկարար ծառայության տնօրենին:

2. Փրկարարական ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաեւ արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը փրկարարական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ:

3. Երկարամյա ծառայության եւ (կամ) ծառայողական պարտականությունները եւ (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար փրկարարական ծառայողը պարգեւատրվում է մեդալով կամ կրծքանշանով:

4. Մեդալի եւ կրծքանշանի տեսակները, ձեւերը եւ շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:».

2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Lիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորողների նկատմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված շնորհակալության հայտարարում, դրամական պարգեւատրում եւ հուշանվերով պարգեւատրում խրախուսանքների տեսակներից բացի, լիազոր մարմնի ղեկավարը կիրառում է նաեւ խրախուսանքի հետեւյալ միջոցները.

ա) հատուկ կրթաթոշակի նշանակում.

բ) կրթաթոշակի բարձրացում:»:

Հոդված 19. Օրենքի 58-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով փրկարարական ծառայողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը: Փրկարարական ծառայողի նկատմամաբ կարող է կիրառվել նաեւ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը՝ ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ:».

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորողների նկատմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված նախազգուշացում եւ նկատողություն տույժերից բացի, կարող են կիրառվել նաեւ հետեւյալ տույժերը.

ա) հերթական արձակման իրավունքից զրկում.

բ) հատուկ կրթաթոշակից զրկում.

գ) ուսումնական հաստատությունից ազատում:»:

3) Հոդվածը լրացնել նոր 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Փրկարարական ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է լիազոր մարմնի ղեկավարը: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով որոշ կարգապահական տուժերի նշանակման լիազորություն կարող է պատվիրակվել փրկարար ծառայության տնօրենին:

4. Փրկարար ծառայության պաշտոնյաների նկատմամբ կարգապահական տույժեր կարող է կիրառել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»:

Հոդված 20. Օրենքի 59-րդ հոդվածի՝

1) Վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 59. Ծառայողական պարտականությունների կասեցումը».

2) 1- 12-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 21. Օրենքի 60-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 60. Ծառայողների էթիկայի հանձնաժողովը

1. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման, գործունեության կարգը, վարքագծի կանոնները խախտելու, (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու եւ (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

Հոդված 22. Օրենքի 61-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի բ) կետից «հատուկ» բառը հանել.

2) 1-ին մասի զ) եւ է) կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«զ) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որեւէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում:

է) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.

3) 1-ին մասի ժբ) կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ժբ) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.»:

Հոդված 23. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) «բ» կետից հանել «, եւ հաստիքների կրճատումը պայմանավորված է Փրկարար ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ» բառերը.

2) «դ» եւ «ե» կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 24. Օրենքի 64-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով.

«6. Փրկարար ծառայության կադրերի ռեզերվը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով»:

Հոդված 25. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասում «պաշտոններ» բառից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերը:

Հոդված 26.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 12-րդ հոդվածը կատարողականի գնահատման մասով ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ- 206-Ն, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքներին նշված օրենքները համապատասխանեցնելու հետ, մասնավորապես՝ համապատասխան օրենքները համապատասխանեցվում են՝

1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոնների նոր դասակարգմանը՝ հաշվի առնելով, որ առանձնահատկություններ են սահմանվում զինվորական ծառայություն անցնող պետական ծառայողների պաշտոնների, ոստիկանության գործառույթներ իրականացնող ոստիկանության ծառայողների պաշտոնների, փրկարարական ծառայության պաշտոնների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պետական ծառայության պաշտոնների, քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների եւ քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման պաշտոնների, հարկադիր կատարողների պաշտոնների, դիվանագիտական ծառայության պաշտոնների, պետական եկամուտների կազմակերպման եւ հսկողության, ստուգումների կազմակերպման եւ դիտարկման, ներքին աուդիտի, մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, քննչական, հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության, ներքին անվտանգության վարչությունների, փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, մաքսատուն-վարչության պաշտոնների, դատական ծառայողների՝ դատավորի օգնականի, դատավորի գործավարի եւ դատական նիստերի քարտուղարի պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների համար:

2. «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված նոր պաշտոնների դասակարգմանը, այն է` քաղաքական պաշտոններ, վարչական պաշտոններ, ինքնավար պաշտոններ, հայեցողական պաշտոններ:

3. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով նախատեսված պետական մարմնի կարգավիճակին:

4. «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներում եւս կատարվել են փոփոխություններ, մասնավորապես՝

1) «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալների պաշտոնում վերանշանակում կամ նշանակում չի կատարվում, ապա նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալները իրավունքի ուժով ազատվում են զբաղեցրած պաշտոնից:

2) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ՝

ա. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթը կազմակերպում եւ անցկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը ձեւավորվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն նախատեսված չէ եւ ձեւավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված գլխավոր քարտուղարի լիազորությունները իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն նախատեսված չէ.

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն սահմանված չէր եւ այդ մարմնի համար եւս սահմանում է Կառավարությունը.

բ. Հաշվեքննիչ պալատում գլխավոր քարտուղարի մրցույթը կազմակերպում եւ անցկացնում է Հաշվեքննիչ պալատը, իսկ գործող օրենքով .

գ. քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ միայն մեկ անգամ կարող է երկարաձգվել ծառայության ժամկետը.

դ. քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցված պաշտոնից, եթե ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 80 օր աշխատանքի չի ներկայանում՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը, իսկ գործող օրենքով նախատեսված է 140 օր:

Նախագծով հստակեցվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով առանձնահատկություններ սահմանված պետական կառավարման համակարգի մարմինների մասով, մասնավորապես՝ նախագծում նշվում են այդ մարմինների այն ստորաբաժանումները, որոնց վրա չի տարածվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի գործողությունը:

3) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող փոփոխությունները հիմնականում խմբագրական բնույթի են:

Նախագծի 1-ին հոդվածով առավել հստակեցվում է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելավճարների տրամադրման եւ հաշվարկման դրույթները, միաժամանակ վերականգնվում է դատական ծառայողների համար զբաղեցրած պաշտոնին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում հավելավճարի իրավունքը (համապատասխան դրույթ առկա է եղել մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը):

Հատուկ քննչական ծառայության եւ քննչական կոմիտեի քննիչների, ինչպես նաեւ ՊԵԿ քննիչների վարձատրությանը վերաբերող դրույթների խմբագրումները պայմանավորված են «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 22-ի ՀՕ-206-Ն օրենքով քննիչների պաշտոնները ինքնավար պաշտոններ դառնալու հանգամանքով: Դրանով պայմանավորված ՊԵԿ քննիչների հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները Օրենքի 9-րդ հավելվածից տեղափոխվում են 1-ին հավելված:

Նույն հիմնավորմամբ փոխվում է նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 4-րդ գլխի վերնագիրը: Գործող խմբագրությամբ այդ գլխով կարգավորված են պետական հատուկ ծառայողների («Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքով հատուկ քննչական ծառայությունում, քննչական կոմիտեում ծառայությունը, ինչպես նաեւ զինվորական ծառայությունը պետական հատուկ ծառայության տեսակ էին համարվում) վարձատրությանը վերաբերող դրույթները:

Հաշվի առնելով այն, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով առավել հստակեցվել է պետական ծառայության շրջանակը, եւ Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը այլեւս կիրառելի չէ, հիշյալ դրույթն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել:

Միաժամանակ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 16-րդ, 17-րդ մասերով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանված դրույթները համապատասխանեցվում են, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 12-րդ մասը հստակեցվում է:

Օրենքի 1-ին հավելվածում լրացվում է նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի գործակիցը՝ հաշվի առնելով մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ի այդ պաշտոնի համար սահմանված գործակիցը:

4) «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ՝

ա. պետական մարմնի կառուցվածքային փոփոխությունն իրականացվում է նաեւ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման եղանակով.

բ. տեսչական մարմինը վերակազմակերպվում` միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է օրենքով, իսկ գործող օրենքով նախատեսված է բացառություն եւ տեսչական մարմինը միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է Կառավարության որոշմամբ:

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

3. Ակնկալվող արդյունքը

Մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման դեպքում նշված օրենքները կհամապատասխանեցվեն «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ- 206-Ն, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքներին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

29 օգոստոսի 2019 թվականի N 1164 - Ա

Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների նախագծերի փաթեթի մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. սեպտեմբերի 9
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1164-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ