Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-294-24.09.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 94-րդ հոդվածը լրացնել նոր 3.1-րդ,  3.2-րդ եւ 3.3-րդ մասերով.

«3.1  Ազգային ժողովը համայնքների միավորման կամ բաժանման մասին  համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը:

 3.2  Գլխադասային հանձնաժողովը մինչեւ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացություն տալը հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ միավորվող կամ բաժանվող համայնքների կարծիքը լսելու համար:

3.3.  Համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ անցկացված խորհրդարանական լսումների արձանագրությունը գլխադասային հանձնաժողովի կողմից սույն օրենքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով տրված եզրակացության հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍՒՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի  փոփոխություններով արմատապես փոխվեց մոտեցումը համայնքների միավորման կամ բաժանման դեպքում օրենսդիրի եւ գործադիրի կողմից իրականացվող գործընթացների նկատմամբ:

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2005 թվականի նոյեմբերի 27-ի  փոփոխություններով սահմանվում էր, որ մինչեւ օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ, տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը, համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել՝ անկախ տեղական հանրաքվեների արդյունքից:

Իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի  փոփոխությունների 190-րդ հոդվածով համայնքների միավորման կամ բաժանման մասով սահմանվել են նոր կարգավորումներ, մասնավորապես 190-րդ հոդվածով սահմանվում է. «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել? Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը?»:

Ազգային Ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ այդ լիազորությունների իրականացման ընթացակարգը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով: Սակայն Սահմանադրության Ազգային ժողովի գործառույթներին վերաբերող վերոհիշյալ իմպերատիվ դրույթը չի ներառվել ԱԺ կանոնակարգ օրենքում:

Միեւնույն ժամանակ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը՝ քաղաքացիական հասարակության ձայնը, հանրային կարծիքը լսելու համար սահմանում է խորհրդարանական լսումներ կազմակերպելու եւ անցկացնելու իրավական հնարավորություն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածը լրացնել նոր 3.1-րդ, 3.2-րդ եւ 3.3-րդ մասերով եւ սահմանել դրույթ՝ միավորվող կամ բաժանվող համայնքների կարծիքը խորհրդարանական լսումներ կազմակերպելու եւ անցկացնելու միջոցով լսելու մասին:

3. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված Նախագծի   ընդունման  արդյունքում կկարգավորվի Հայաստանի Հանրապետությունում համայնքների միավորման կամ բաժանման գործընթացներում համայնքների կարծիքը լսելու կարգը, ինչպես նաեւ օրենսդրական մակարդակով կիրացվի Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգավորումը:

Նշված կարգավորումների ընդունման արդյունքում ինստիտուցիոնալ լուծումներ առաջադրելու մեթոդով կարգավորվելու է Հայաստանի Հանրապետությունում ընթացող եւ պլանավորված վարչատարածքային բարեփոխումների ժամանակ համայնքների կարծիքը լսելու հարաբերությունները:

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը եւս մեկ լրացուցիչ ինստիտուցիոնալ գործիքի միջոցով կհամապատասխանեցվի «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի? դրույթներին: Մասնավորապես՝ խարտիայի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ համայնքների  տարածքային սահմանազատումների ցանկացած փոփոխություն չպետք է կատարվի առանց նախապես խորհրդակցելու տեղական շահագրգիռ համայնքների հետ:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ


23.09.2019թ.
 


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Վարազդատ Կարապետյան )

բ) նախագծի ընդունման հիմնավորումը

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել  շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ ենք:
 
 
Ազգային ժողովի պատգամավորներ՝ 
Վարազդատ Կարապետյան (70)
Վահե Ղալումյան (88)