Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-313-09.10.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի 9-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«9. Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում` համայնքի ղեկավարը (եթե պաշտոնավարել է առնվազն մեկ տարի) դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ նման որոշում չի ընդունում կամ չի լրացել համայնքի ղեկավարի պաշտոնավարման մեկ տարին, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:»

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

« 8. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման վերաբերյալ ավագանին ընդունում է համապատասխան որոշում: Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը (եթե  պաշտոնավարել է քննարկվող հաշվետվության համապատասխան բյուջետային տարվա սկզբից) դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Այդ դեպքում գործում է սույն օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ համայնքի ղեկավարի կողմից հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցի վերաբերյալ ընթացակարգը։ Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ նման որոշում չի ընդունում կամ համայնքի ղեկավարը չի պաշտոնավարել քննարկվող հաշվետվության համապատասխան բյուջետային տարվա սկզբից, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված։

Եթե համայնքի ավագանին այնուամենայնիվ իր որոշմամբ համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր անդամների ընդհանուր թվի  ձայների մեծամասնությամբ ընդունում է հրաժարականը, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը նույնպես համարվում է հաստատված:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի» մասին օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասի եւ 35-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին պարբերություններով  սահմանվող իրավակարգավորումների մեջ առկա է փոխկապակցվածություն: Այսպես, համաձայն 35-րդ հոդվածի 8-րդ մասի՝ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը եւ այդ դեպքում պետք է գործի նույն օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ համայնքի ղեկավարի կողմից հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցի վերաբերյալ ընթացակարգը: Սակայն, 32-րդ հոդվածի 9-րդ մասում նկարագրված ընթացակարգում կիրառվում է «համայնքի ղեկավարը կարող է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը» եզրույթը, ինչը կարող է հանդիսանալ տարատեսակ մեկնաբանությունների առիթ:

Առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի» մասին օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասի եւ 35-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին պարբերություններում կիրառել «դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը» եզրույթը, ինչպես նաեւ հրաժարականն ընդունելու համար ավագանու անդամների՝ անհրաժեշտ ձայների շեմը երկու երրորդից իջեցնել մինչեւ պարզ մեծամասնություն: Նախագծով առաջարկվում է, որ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը կարող է քննարկվել, եթե նա պաշտոնավարել է  բյուջեի կատարողականը չընդունվելու դեպքում՝ համապատասխան բյուջետային տարվա սկզբից, իսկ բյուջեի նախագիծը չընդունվելու  դեպքում՝ առնվազն մեկ տարի:

Քանի որ ավագանու կողմից հրաժարականն ընդունելու փաստով պետք է նախաձեռնվի համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու գործընթաց՝ նախագծային փաթեթում ներառվել է նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի» մասին օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասի եւ 35-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին պարբերություններով  սահմանվող դեպքերում:

Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմամբ կվերացվի «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի» մասին օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասի եւ 35-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին պարբերություններում առկա հակասությունը, ինչպես նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի 26-րդ հոդվածում կապահովվի «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի» մասին օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասի եւ 35-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին պարբերություններում առկա գործընթացների իրավական հետեւանքը, այն է՝ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, քանի որ մինչ այժմ վերոնշյալ գործընթացների դեպքում նկարագրված չէր, թե ինչ իրավական հետեւանք է այն ունենալու:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


 

Հարգելի պարոն Միրզոյան,

ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Վարազդատ Կարապետյան )

բ) նախագծի ընդունման հիմնավորումը

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել  շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ ենք:
 
Ազգային ժողովի պատգամավորներ՝  Վարազդատ Կարապետյան (70)
Վահե Ղալումյան (88)
Մաթեւոս Ասատրյան (68)
Տաթեւիկ Գասպարյան (62)