Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-353-12.11.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին»  Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «, միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման եւ արտահանման լիցենզավորումը» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «24» եւ «25» ենթակետերով, հետեւյալ բովանդակությամբ.

«24) ընդունում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր՝ միջուկային անվտանգության, ճառագայթային անվտանգության եւ պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի  փոխադրման,  ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության, վթարային պատրաստվածության եւ հակազդման վերաբերյալ նորմեր, կանոններ, պահանջներ, կարգեր, պայմաններ, ցանկեր.

25) կնքում է միջազգային պայմանագրեր:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» կետով.

«ժ) ռադիոակտիվ թափոնների վերամշակում, պահում:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի «ցանկը» բառը փոխարինել «դասակարգումը» բառով:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Անհրաժեշտությունը

Վերոհիշյալ օրենքի նախագծով (նախագիծ) «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ  օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանվել են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակներ, մասնավորապես՝  հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման եւ արտահանման լիցենզավորումը,  որոնք լիցենզավորման ենթակա գործունեություն չեն համարվում: Միաժամանակ, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն ամբողջությամբ թվարկված են  «Լիցենզավորման մասին» (հոդվ. 43, բաժին 13) եւ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» (հոդվ?18, 1-ին եւ 2-րդ մասեր) ՀՀ օրենքներում: Իրավական նորմերի անհիմն կրկնությունը բացառելու նպատակով Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանվել է ատոմային էներգիայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների որոշ մասի  թվարկումը:

Նախագծի մյուս փոփոխությամբ վերականգնվում է կարգավորող մարմնի՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու եւ միջազգային պայմանագրեր կնքելու  իրավասությունները:

ՀՀ կողմից վավերացրած «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիան (հոդվ. 7, 8) եւ «Աշխատած վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին համատեղ կոնվենցիան» (հոդվ. 4,IV կետ, հոդվ. 15. II կետ, 19 եւ 20 հոդվածներ) նախատեսում են, որ կոնվենցիաների կողմ հանդիսացող պետությունները ստեղծում (նշանակում) են կարգավորող մարմին, օժտելով համապատասխան իրավասությամբ, ապահովելու Կոնվենցիաներով նախատեսված իրավական եւ կարգավորող շրջանակի ստեղծումը: Ի կատարումն միջազգային պայմանագրերի, դեռեւս 2004 թվականին համապատասխան փոփոխություն է կատարվել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում (4 դեկտեմբերի 2004 թվականի ՀՕ-119-Ն-այուհետ՝ օրենք) եւ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով ամրագրվել է կարգավորող մարմնի՝ գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը: Օրենքի դրույթները ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով համապատասխան փոփոխություն է կատարվել օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետում (24 փետրվարի 2018 թվականի ՀՕ-109-Ն, հոդված 5, «գերատեսչական» բառը փոխարինվել է «ենթաօրենսդրական» բառով), ապահովելու կարգավորող մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասության համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:

2018 թվականի մարտի 30-ին ՀՕ-266-Ն օրենքով կրկին փոփոխություն է կատարվել օրենքում (օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեինը չի եղել) եւ օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ ընթերցումների միջեւ ընկած ժամանակահատվածում կարգավորող մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու եւ միջազգային պայմանագրեր կնքելու իրավասությունները դուրս են մնացել օրենքի 17-րդ հոդվածից:

Կարգավորող մարմինը ներառված է նաեւ «Հայաստանի Հանրապետության  եւ Եվրոպական Միության եւ ատոմային էներգիայի Եվրոպական Համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված Համապարփակ եւ Ընդլայնված  Գործընկերության» համաձայնագրի միացյալ գործողությունների ծրագրում  (ճանապարհային քարտեզ), որպես միջուկային անվտանգությանը վերաբերող եվրադիրեկտիվների մոտարկումն իրականացնող համակարգող/պատասխանատու մարմին: Մոտարկման աշխատանքները ենթադրում են մի շարք օրենսդրական եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակում եւ սահմանված կարգով հաստատման ներկայացնելու գործընթաց, միաժամանակ նաեւ օրենսդրական ակտերից բխող մի շարք տեխնիկական նորմեր պարունակող ենթաօրենսդրական ակտերի ընդունում կարգավորող մարմնի կողմից, ապահովելու եվրադիրեկտիվների, ինչպես նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների  պահանջների ամրագրումը ՀՀ օրենսդրության մեջ:

Կարգավորող մարմինը համագործակցում է միջազգային կազմակերպությունների եւ այլ պետությունների կարգավորող մարմինների հետ՝ միջուկային եւ ճառագայթային անվտանգության եւ տեղեկատվության փոխանակման հարցերով, հանդես է գալիս բնագավառում կնքված մի շարք միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների կազմակերպող եւ համակարգող մարմին, ունի կնքված մի շարք միջազգային պայմանագրեր, որոնց երկարաձգման ժամկետներն արդեն մոտ են, ուստի անհրաժեշտ է օրենքով ամրագրել կարգավորող մարմնի՝ միջազգային պայմանագրեր կնքելու իրավասությունը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Օրենքի նախագծից հանվել են կարգավորող մարմնի կողմից հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման եւ արտահանման լիցենզավորմանը վերաբերող դրույթները, նաեւ նախագծով վերականգնվել է  կարգավորող մարմնի՝ դեռեւս 2004 թվականից ամրագրված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու եւ միջազգային պայմանագրեր կնքելու իրավասությունը:

3. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման նպատակը  օրենքի դրույթների համապատասխանության ապահովումն է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին եւ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ  օրենքի 18-րդ հոդվածին, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերի պարտավորությունների կատարումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

31 հոկտեմբերի 2019 թվականի  N 1490 - Ա

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հավանություն տալ  «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ՎԱՐՉԱՊԵՏ                                                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. նոյեմբերի 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1490-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Հարգանքով՝                                   ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ