Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-362-13.11.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 76-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Անչափահաս կամ անգործունակ մասնակցի օրինական ներկայացուցիչը չի կարող մասնակցել վարույթին, եթե՝

1) գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության մեջ այն դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի հետ, ով մասնակցել կամ օրինական ներկայացուցչի ներգրավման պահին մասնակցում է վարույթին.

2) գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության մեջ կասկածյալի կամ մեղադրյալի կամ նրանց մերձավոր ազգականների հետ.

3) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել օրինական ներկայացուցիչ:»:

Հոդված 2. 1) Օրենսգրքի 205.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 մասով.

«2.1. Մինչեւ 7 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը չի կարող տեւել անընդմեջ 30 րոպեից, իսկ օրվա ընթացքում՝ մեկ ժամից ավելի: 7-ից 14 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը չի կարող տեւել անընդմեջ մեկ ժամից, իսկ օրվա ընթացքում՝ երկու ժամից ավել:»:

2)  Օրենսգրքի 205.1 հոդվածի 3-րդ մասում «բժշկի» բառից հետո լրացնել «կամ հոգեբանի» բառերը:

Հոդված 3. 1) Օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասում «մանկավարժի» բառից հետո լրացնել «կամ հոգեբանի կամ սոցիալական աշխատողի» բառերը:

2) Օրենսգրքի 207-րդ հոդվածի 3-րդ մասում «ներկայացուցչին» բառից հետո լրացնել «եւ մանկավարժին կամ հոգեբանին կամ սոցիալական աշխատողին» բառերը.

3) Օրենսգրքի 207-րդ հոդված լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-9-րդ մասերով.

«5. Քննիչի հանձնարարությամբ, ելնելով երեխայի լավագույն շահերից, անչափահաս վկային կամ անչափահաս տուժողին հարցերը տալիս է հոգեբանը:

6. Անչափահաս վկային կամ անչափահաս տուժողին հարցերը հոգեբանի կողմից, որպես կանոն, տրվում են հետեւյալ դեպքերում՝

1)    սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով.

2)  ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ գործերով.

3)  երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ գործերով.

4)  անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի մտավոր զարգացման մեջ հետ մնալու կամ հոգեկան խանգարում ունենալու դեպքում.

5)  մինչեւ 14 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննության դեպքում:

7.  Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը կարող է տեսաձայնագրվել: Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության տեսաձայնագրումը պարտադիր է:

8. Հարցաքննության տեսաձայնագրման վերաբերյալ  քննիչը լսում է հարցաքննության մասնակիցների կարծիքները՝  հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը: Տեսաձայնագրման վերաբերյալ հարցաքննության մասնակիցների կարծիքներն արտացոլվում են արձանագրության մեջ: Մասնակիցները հարցաքննության տեսաձայնագրման վերաբերյալ կարծիք չեն հայտնում սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում:

9.  Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության վայրի ընտրությունն իրականացվում է ելնելով երեխայի լավագույն շահերից, հարմարավետությունից ու նրա տարիքին եւ զարգացվածությանը համապատասխանող պայմանների առկայությունից:»:

Հոդված 4. Օրենսգրքի 209-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սույն օրենքի 207-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված դեպքերում հարցաքննության արձանագրությունում պարտադիր արտացոլվում է, որ հարցերը տրվել են հոգեբանի կողմից:»:

Հոդված 5. Օրենսգրքի 216-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Անչափահաս տուժողի մասնակցությամբ առերեսումները՝ սույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ, եթե դա է պահանջում երեխայի լավագույն շահը, իրականացվում են միջնորդավորված՝ տեսաձայնագրման եւ տեխնիկական այլ միջոցների  օգնությամբ:

Արգելվում են անչափահաս տուժողի անմիջական հանդիպումները կասկածյալի կամ մեղադրյալի հետ:»:

Հոդված 6. Օրենսգրքի 341-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 341. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը

1. Անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը դատարանում հարցաքննվում է, եթե նրա հարցաքննությունը չի տեսաձայնագրվել նախնական քննության ընթացքում: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության տեսաձայնագրությունը վերարտադրվում է դատական նիստերի դահլիճում: Տեսաձայնագրության վերարտադրումից հետո առաջացած հարցերն այլ եղանակով չփարատելու դեպքում, անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը ցուցմունք տալու նպատակով հրավիրվում են դատարան:

2.  Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը՝ նրա ցանկությամբ, կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ, կարող է կատարվել ամբաստանյալի բացակայությամբ: Դատական նիստերի դահլիճ վերադառնալուց հետո ամբաստանյալի համար հրապարակվում են անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի ցուցմունքները, եւ նրան հնարավորություն է ընձեռնվում տվյալ վկային կամ տուժողին տալ հարցեր եւ ցուցմունքներ` վկայի կամ տուժողի հաղորդած տվյալների վերաբերյալ:

3. Սույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը կատարվում է ամբաստանյալի բացակայությամբ՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգը:

4. Դատարանում մինչեւ 16 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի կամ հոգեբանի կամ սոցիալական աշխատողի մասնակցությամբ: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությանը ներկա գտնվելու իրավունք ունի նրա օրինական ներկայացուցիչը:

5. 16 տարին չլրացած տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը, մանկավարժը, հոգեբանը կամ սոցիալական աշխատողը կարող են դուրս գալ դատական նիստերի դահլիճից անչափահաս տուժողի հարցաքննությունն ավարտվելուց հետո, բացի այն դեպքերից, երբ դատարանը` կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, անհրաժեշտ է համարում այդ տուժողի հետագա ներկայությունը:

6. Դատարանը՝ կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, իրավունք ունի անչափահաս տուժողին թույլ տալ ժամանակավորապես դուրս գալ դատական նիստերի դահլիճից, եթե ապացույցների հետազոտմանը ներկա գտնվելը նրա վրա կունենա բացասական ազդեցություն: Դատական նիստերի դահլիճ վերադառնալուց հետո անչափահաս տուժողի համար հակիրճ հրապարակվում են ապացույցների հետազոտման արդյունքները:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
 

Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱՀԱԳԱՀ

ՊԱՐՈՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) եւ

Խնդրում եմ

Ներկայացված Նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կից ներկայացվում են՝

Նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նիկոլայ Բաղդասարյան),

Նախագծի ընդունման հիմնավորումը,

Փոփոխվող օրենքի հոդվածների մասին տեղեկանքը:
 
 

Հարգանքներով՝    Նիկոլայ Բաղդասարյան