Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-419-11.12.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասում «երեք ժամվա դիմաց» բառերից հետո լրացնել «, որը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձեւով պատժի առավելագույն չափը» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով.

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ եւ ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում, կամ տուգանքը փոխարինում է հանրային աշխատանքներով:

Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ` կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց:

Օրենսգրքի հատուկ մասի բազմաթիվ հոդվածներ նախատեսում են տուգանք, որի նվազագույն չափը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում ստացվում է Օրենսգրքով նախատեսված առավելագույն ժամաքանակ՝ երկու հազար երկու հարյուր ժամ, որն էլ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելիս գերազանցում է օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձեւով պատժի առավելագույն չափը:

Օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաեւ կանխել հանցագործությունները: Սոցիալական արդարությունը վերականգնելու նպատակը բխում է արդարության եւ պատասխանատվության անհատականացման սկզբունքն ամրագրած Օրենսգրքի 10-րդ հոդվածի բովանդակությունից: Այն սահմանում է, որ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի, համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ եւ բավարար լինեն նրան ուղղելու եւ նոր հանցագործությունները կանխելու համար: Սոցիալական արդարության վերականգնումը հնարավոր է, եթե հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվի այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու եւ նոր հանցագործությունները կանխելու համար:

Պատիժ նշանակելու արդարության սկզբունքը դրսեւորվում է օրենքով նախատեսված մի շարք պահանջներով: Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատժի տեսակը եւ չափը որոշվում է հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով եւ բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: Պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձին բնութագրող բոլոր տվյալները եւ քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով, հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ եւ բավարար է այդ անձին ուղղելու եւ նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:

Օրենսդիրը, գնահատելով արարքների վտանգավորությունը, սահմանում է պատժի տեսակ եւ չափ:

Առկա կարգավորումները հակասում են վերոշարադրյալ սկզբունքներին ու նպատակներին, քանի որ շատ դեպքերում դատարանը նշանակում է տուգանքի նվազագույն չափ՝ այն համարելով արդարացի, հանցանքի ծանրությանը եւ հանցավորի անձնավորությանը համապատասխան, անհրաժեշտ եւ բավարար նրան ուղղելու եւ նոր հանցագործությունները կանխելու համար, սակայն հանրային աշխատանքները կատարելուց խուսափելու դեպքում, դատարանը չի կարող նշանակել պատիժ, որը սահմանված է տվյալ արարքն արգելող հոդվածի սանկցիայով:

Առաջարկվող նախագծով կարգավորվում են վերը նշված իրավահարաբերություները՝ վերացնելով առկա հակասությունները, որոնք հանգեցնում են իրավունքների կոպիտ խախտման:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արման Բաբաջանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող եւ լրացվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ