Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-390-26.11.2019,17.01.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի ՀՕ-165-Ն (այսուհետ` Օրենսգիրք) 159-րդ հոդվածը լրացնել նոր` 3.1.-րդ մասով.

«3.1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցվում է ուսումնական տարվա ավարտից հետո` սույն Օրենսգրքի 1601 հոդվածով սահմանված կարգով»:

Հոդված 2.  Օրենսգիրքը լրացնել նոր՝ 1601 հոդվածով.

«Հոդված 1601 . Վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող  ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձը

1. Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը:

2.Եկամտային հարկի հաշվարկման եւ վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում սույն հոդվածով եւ Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված արտոնություններից միաժամանակ օգտվելու իրավունք ունեցող ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է օգտվել դրանցից միայն մեկից:

3.Սույն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից.

1) չեն կարող օգտվել ոչ ռեզիդենտ եկամտային հարկ վճարողները,

2) վարձու աշխատող հանդիսացող սովորող (ուսանող) ֆիզիկական անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ:

4.Սույն հոդվածի նկատմամբ կիրառելի են Օրենսգրիքի 160-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերը եւ 5-րդ մասի 1-ին, 2-րդ կետերը:

5.Սույն հոդվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը»:

Հոդված 3.

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2020թ.-ի սեպտեմբերի մեկից հետո ծագող իրավահարաբերությունների վրա:

2.Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը, ինչպես նաեւ համապատասխան մասնագիտությունների ցանկը կառավարությունը սահմանում է օրենքը ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ