Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-491-27.02.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածում լրացնել նոր՝ 3-րդ մաս.

«3. Արգելվում է սպառողական կրեդիտի տրամադրման ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի (սոցիալական էջի) եւ բջջային հավելվածի կամ կրեդիտավորողի գրանցման/գործունեության հասցեի կամ սրահների ներսում: Սպառողական կրեդիտի գնի (տոկոսադրույքի) վերաբերյալ տեղեկատվությունը գովազդում պետք է ներկայացված լինի բացառապես տարեկան փաստացի տոկոսադրույքի միջոցով: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկը չպետք է պարունակի պայմանականություն, հաճախորդի վարքագծից կախված գնանշում, որը սպառողի մոտ կառաջացնի շփոթություն կամ մոլորություն տվյալ կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի կամ այլ ծախսերի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ սպառողական կրեդիտի գովազդը չպետք է ստեղծի տպավորություն, որ կրեդիտը տրամադրվում է անվճար կամ անտոկոս, կամ պարունակի վարկի գնի վերաբերյալ շփոթեցնող կամ մոլորեցնող այլ տեղեկատվություն: Սույն մասով նախատեսված գովազդը պետք է տեղադրված լինի այնպես, որ կրեդիտավորողի գրանցման/գործունեության հասցեի կամ սրահների տարածքից դուրս տեսանելի չլինի:»:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր պարբերություն.

«Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչեւ երեք ամիս ժամկետով կնքվող մինչեւ 200,000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկերի համար սահմանում է պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ, հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտերը Կենտրոնական բանկն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը երկու ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Գործող իրավակարգավորումները ֆինանսական կազմակերպություններին թույլ են տալիս տրամադրվող վարկերի եւ փոխառությունների օրենքով նախատեսված դրույքաչափը (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը չգերազանցող չափ) պահպանելով հանդերձ, օգտագործելով օրենքով չարգելված այլ ֆինանսական գործիքներ, մասնավորապես` գործառնական ծախսեր, կիրառել փաստացի իրական տոկոսադրույք, որը որոշ դեպքերում կարող է տասնապատիկներով գերազանցել բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

Այսպես կոչված սպասարկման վճարները որոշ դեպքերում գերազանցում են ֆինանսական կազմակերպության կողմից առաջարկվող վարկերի կամ փոխառությունների տոկոսադրույքը, ինչն անթույլատրելի վարքագիծ է հատկապես ֆինանսական գրագիտության ներկա պայմաններում: Նման ֆինանսական կազմակերպությունները, վարկառուներին առաջարկելով որոշ թվացյալ բարենպաստ պայմաններ (վարկի արագ տրամադրում, գրավի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելու պայման եւ այլն), ֆինանսական շուկայում բարձրացնում են իրենց գրավչությունը:

Ակնհայտ է, որ չնայած ֆինանսական գրագիտությանը միտված միջոցառումներին, դրանց արդյունավետությունը հեռու է բավարար լինելուց. այս առումով ֆինանսական կազմակերպություններն, օգտվելով քաղաքացիների ֆինանսական գրագիտության պակասից, նույնիսկ երկարաժամկետ սպառողական վարկերի համար սահմանում են ԿԲ հաշվարկային դրույքաչափից մի քանի անգամ ավելի բարձր փաստացի տոկոսադրույքներ՝ դրան զուգահեռ իրականացնելով ոչ բարեխիղճ գովազդ եւ չիրականացնելով բնակչության ֆինանսական գրագիտության աճին միտված որեւէ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քայլ:

Տարիների փորձը ցույց է տալիս, որ առանց քաղաքականության կարգավորումների բնակչությունն «անպաշտպան» է ֆինանսական կազմակերպությունների առջեւ: Առնվազն հայկական իրականության մեջ շուկայի ինքնակարգավորումը այս դեպքում չի գործել, իսկ խնդիրը զարգանում է ահագնացող տեմպերով: Որպես հակափաստարկ կարող է դիտարկվել բարձր տոկոսադրույքներով եւ արագ վարկերի տրամադրման սոցիալական էֆեկտը, որը կարծում ենք եկամուտներ ունեցող խավը կարող է իրականացնել ապահովագրության միջոցով: Այսինքն, այս օրինագիծը միտված է նաեւ քաղաքակրթական փոփոխություններին:

Սույն նախագծով մեր կողմից սահմանափակվել ու խստացվել են անբարեխիղճ գովազդի գրավչությունը, այսինքն փորձել ենք ազդել/կանոնակարգել առաջարկը:

Ի լրումն, փորձել ենք կանոնակարգել տոկոսադրույքների մասով մոտեցումները եւ դրա հիմքում դնել հաճախորդների եկամուտներ գեներացնելու հնարավորությունը՝ նպաստելով վարկունակության եւ ֆինանսական հատվածի առողջացման բարձրացմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի  65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքների նախագծերը,

2. օրենքրենքների նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝            ԱՐՏԱԿ  ՄԱՆՈՒԿՅԱՆ
                                   ՎԱՐԱԶԴԱՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ