Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-4912-27.02.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 169.14-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության՝ «երկուհազարապատիկի» բառը փոխարինել «երեքհազարապատիկի» բառով, իսկ 4-րդ պարբերության «չորսհազարապատիկի» բառը փոխարինել «հինգհազարապատիկի» բառով:

Հոդված 2. Օրենսգրքում լրացնել նոր՝ 16929 հոդված.

«16929 . Առեւտրի օբյեկտներում, այդ թվում խանութներում, կրպակներում եւ առեւտրի իրականացման վայրերում վարկերի, կրեդիտների, փոխառությունների տրամադրումը, վարկավորումը

1. Առեւտրի օբյեկտներում, այդ թվում խանութներում, կրպակներում եւ առեւտրի իրականացման վայրերում բանկի կամ վարկային կազմակերպության գլխամասից եւ մասնաճյուղից դուրս «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով եւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված ֆինանսական գործառնությունների իրականացումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. Սույն մասով նախատեսված արարքը տուգանքի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 2442 հոդվածում «16915 ,» թվից հետո լրացնել «16929 ,» թիվը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Գործող իրավակարգավորումները ֆինանսական կազմակերպություններին թույլ են տալիս տրամադրվող վարկերի եւ փոխառությունների օրենքով նախատեսված դրույքաչափը (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը չգերազանցող չափ) պահպանելով հանդերձ, օգտագործելով օրենքով չարգելված այլ ֆինանսական գործիքներ, մասնավորապես` գործառնական ծախսեր, կիրառել փաստացի իրական տոկոսադրույք, որը որոշ դեպքերում կարող է տասնապատիկներով գերազանցել բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

Այսպես կոչված սպասարկման վճարները որոշ դեպքերում գերազանցում են ֆինանսական կազմակերպության կողմից առաջարկվող վարկերի կամ փոխառությունների տոկոսադրույքը, ինչն անթույլատրելի վարքագիծ է հատկապես ֆինանսական գրագիտության ներկա պայմաններում: Նման ֆինանսական կազմակերպությունները, վարկառուներին առաջարկելով որոշ թվացյալ բարենպաստ պայմաններ (վարկի արագ տրամադրում, գրավի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելու պայման եւ այլն), ֆինանսական շուկայում բարձրացնում են իրենց գրավչությունը:

Ակնհայտ է, որ չնայած ֆինանսական գրագիտությանը միտված միջոցառումներին, դրանց արդյունավետությունը հեռու է բավարար լինելուց. այս առումով ֆինանսական կազմակերպություններն, օգտվելով քաղաքացիների ֆինանսական գրագիտության պակասից, նույնիսկ երկարաժամկետ սպառողական վարկերի համար սահմանում են ԿԲ հաշվարկային դրույքաչափից մի քանի անգամ ավելի բարձր փաստացի տոկոսադրույքներ՝ դրան զուգահեռ իրականացնելով ոչ բարեխիղճ գովազդ եւ չիրականացնելով բնակչության ֆինանսական գրագիտության աճին միտված որեւէ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քայլ:

Տարիների փորձը ցույց է տալիս, որ առանց քաղաքականության կարգավորումների բնակչությունն «անպաշտպան» է ֆինանսական կազմակերպությունների առջեւ: Առնվազն հայկական իրականության մեջ շուկայի ինքնակարգավորումը այս դեպքում չի գործել, իսկ խնդիրը զարգանում է ահագնացող տեմպերով: Որպես հակափաստարկ կարող է դիտարկվել բարձր տոկոսադրույքներով եւ արագ վարկերի տրամադրման սոցիալական էֆեկտը, որը կարծում ենք եկամուտներ ունեցող խավը կարող է իրականացնել ապահովագրության միջոցով: Այսինքն, այս օրինագիծը միտված է նաեւ քաղաքակրթական փոփոխություններին:

Սույն նախագծով մեր կողմից սահմանափակվել ու խստացվել են անբարեխիղճ գովազդի գրավչությունը, այսինքն փորձել ենք ազդել/կանոնակարգել առաջարկը:

Ի լրումն, փորձել ենք կանոնակարգել տոկոսադրույքների մասով մոտեցումները եւ դրա հիմքում դնել հաճախորդների եկամուտներ գեներացնելու հնարավորությունը՝ նպաստելով վարկունակության եւ ֆինանսական հատվածի առողջացման բարձրացմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 


 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի  65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքների նախագծերը,

2. օրենքրենքների նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝            ԱՐՏԱԿ  ՄԱՆՈՒԿՅԱՆ
                                   ՎԱՐԱԶԴԱՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ