Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-516-13.03.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կերի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի թիվ ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում կատարել հետեւյալ փոփոխությունները.

1. 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. 30-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«30) կերային հավելումներ՝  կենդանիների ֆիզիոլոգիական լիարժեքության, հիվանդությունների կանխարգելման (բացառությամբ դեղամիջոցների), նրանց աճի եւ մթերատվության խթանման (բացառությամբ դեղամիջոցների), կերային բաղադրիչների  պահպանման, օրգանիզմի կողմից կերերի սննդարար նյութերի յուրացման մակարդակի բարձրացման, նաեւ կերերի համային եւ տեխնոլոգիական հատկությունների բարելավման նպատակով կերաբաժիններին եւ կերերին ավելացվող բուսական, կենդանական կամ մանրէաբանական, հանքային եւ սինթետիկ ծագման արտադրանք կամ դրանց խառնուրդ.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն

«Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է  անասնաբուծության մեջ հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությամբ: Հարկ է նշել, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայումս հանդիսանում է  համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարը հանդիսանում է ոչ միայն առողջապահության, այլ նաեւ գյուղատնտեսության հիմնախնդիրներից մեկը, քանի որ անասնաբուժության, անասնաբուծության, թռչնաբուծության եւ ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերի կիրառման արդյունքում դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն՝ սննդային շղթայի միջոցով: Ըստ միջազգային տվյալների՝ ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ որպես կերային հավելում: Ուստի անհրաժեշտ է հրատապ միջոցառումներ ձեռնարկել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործման կանոնակարգման ուղղությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հակաբիոտիկների կիրառումը գյուղատնտեսության ոլորտում կանոնակարգված չէ: Հակաբիոտիկները լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաեւ  աճի խթանման նպատակով, որը պատճառ է հանդիսանում մարդկանց մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման համար: Առողջապահության ոլորտում իրականացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ ներկայումս ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարը հանդիսանում է առողջապահության ոլորտի կարեւորագույն խնդիրներից մեկը, որը պահանջում է հրատապ միջոցառումներ իրականացնել այդ խնդրի լուծման նպատակով:

3. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը

«Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես՝ բացառել հակաբիոտիկների որպես կերային հավելում, ինչպես նաեւ դեղային կերերի օգտագործումը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց  դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում իրավական կարգավորում կստանա անասնաբուծության մեջ հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործումը:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

27 փետրվարի 2020 թվականի  N   224 - Ա

«ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հավանություն տալ «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մարտի 2
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

6 մարտի 2020 թվականի  N  302  - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մարտի 6
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 27-ի N 224-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
 

Հարգանքով՝  ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ