Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-518-19.03.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 211 -րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«ե) խորհրդի քանակական կազմի հաստատումը, ինչպես նաեւ դրա անդամների ընտրությունը եւ նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, բացառությամբ սույն օրենքի 213 -րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի, երբ ընդհանուր ժողովը չունի խորհրդի անդամների ընտրության եւ լիազորությունների դադարեցման իրավասություն: Խորհրդի քանակական կազմի հաստատման եւ դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ընդհանուր ժողովներում, բացառությամբ սույն օրենքի 213 -րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի, երբ խորհրդի քանակական կազմը կարող է հաստատվել արտահերթ տարեկան ժողովում: Խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ընդհանուր ժողովում կարող է քննարկվել նաեւ, եթե վերջինս որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.»:

Հոդված 2. Օրենքի 213 -րդ հոդվածում՝

1) 1-ին մասի վերջում լրացնել նոր պարբերություն.

«Սույն մասի 2-րդ եւ 3-րդ պարբերությունները չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա:».

2) 4-րդ մասի 3-րդ պարբերությունից «մասնակցում են» բառից հետո նշված «միայն ընդհանուր ժողովի նիստին ներկա» բառերը հանել.

3) 4-րդ մասի 4-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի առաջադրման, ընտրության եւ բանկի խորհրդում ընդգրկման, ինչպես նաեւ բանկի մասնակիցներին տեղեկատվության ներկայացման կարգը սահմանվում է կանոնադրությամբ:».

4) լրացնել նոր՝ 5-րդ մաս.

«5. Սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերում խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարման (դադարեցման) կարգն ու պայմանները սահմանվում են կանոնադրությամբ:».

5) լրացնել նոր` 6-րդ մաս.

«6. Բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ, եթե նա ունի բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն վեց տարվա մասնագիտական ստաժ, որից երեք տարին ընկերության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, խորհրդի անդամի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամի պաշտոնում, կամ հանդիսանում է միջազգային ֆինանսական  կազմակերպության ներկայացուցիչ, կամ ունի միկրոտնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն չորս տարվա մասնագիտական ստաժ կամ ում կողմից այլ բանկի խորհրդի անդամ հանդիսանալը չի ունենա բացասական ազդեցություն կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի բնականոն գործունեության վրա եւ ում նկատմամբ կիրառելի կլինեն բանկի ղեկավար լինելը բացառող՝ օրենքով սահմանված հիմքերը:

Սույն մասով նախատեսված անձը կարող է խորհրդի անդամ լինել ոչ ավել, քան Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի կեսում:»:

Հոդված 3. Օրենքի 219 -րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «իր դիմումի համաձայն կամ» բառերը.

2) լրացնել նոր՝ 1.1 մաս.

«1.1 Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են՝

ա) իր դիմումի համաձայն.

բ) մահանալու դեպքում.

գ) բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում:»:

 Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունում լրացնել նոր նախադասություն՝

«Սույն օրենքի 213 -րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի կամ վարկային կազմակերպության խորհրդի անդամ:»:

Հոդված 5.  Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում ««դ», «ե», «ժ» եւ «ժբ»» բառերը փոխարինել «5), 11) եւ 13)» թվերով եւ բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ներկա իրավիճակը եւ առաջարկվող կարգավորումները:

Նշված օրենքի նախագծով առաջարկվում է կատարել հետեւյալ փոփոխությունները՝

Բանկի խորհրդի անդամների ձեւավորման վերաբերյալ բանկի ընդհանուր ժողովի իրավասություններում:

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 211-րդ հոդվածով սահմանվում է, որ բանկի ժողովի բացառիկ իրավասություններից է խորհրդի անդամների նշանակումը, այնինչ նույն օրենքի 213-րդ հոդվածով նախատեսված է առանց ժողովի ընտրության խորհրդի անդամների ավտոմատ կարգով խորհրդում ընդգրկման, ինչպես նաեւ բաժնետերերի կողմից խորհրդի անդամների նշանակման հնարավորություն.

Որոշակի հարցեր բացառապես բանկի բաժնետերերի տարեկան ժողովում քննարկման վերաբերյալ:

Այն դեպքում, երբ բաժնետերը ձեռք է բերում որոշակի թվով բաժնետոմսեր, ապա իրավունք է ստանում իր ներկայացուցչին ընդգկել խորհրդում: Սակայն օրենքի կարգավորումները սահմանում են, որ խորհրդի քանակական կազմի հաստատման եւ դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ընդհանուր ժողովներում: Փաստորեն բաժնետիրոջ նշված իրավունքը հետաձգվում է մինչեւ տարեկան ժողովի անցկացումը, ինչը խոչընդոտում է առկա կարգավորումը եւ խախտում մանր բաժնետերերի իրավունքները.

- Հղումներում

Օրենքի 39-րդ հոդվածը հղում է պարունակում նույն օրենքի 34-րդ հոդվածին, որտեղ կետերը սահմանված են թվերի, այլ ոչ տառերի ձեւով:

- Խորհրդի անդամի կողմից այլ բանկում կամ վարկային ընկերությունում խորհրդի անդամ լինելու վերաբերյալ:

Ներկա օրենսդրական կարգավորումներով թեեւ հնարավորություն է տրված բանկերի մասնակիցներին իրենց շահերը պաշտպանելու նպատակով բանկի խորհրդի կազմում ունենալ ներկայացուցիչներ, սակայն, երբեմն անհրաժեշտություն է առաջանում առավել ամբողջական եւ համակարգային մոտեցման, որի առկայությունը կարող են ապահովել բանկի խորհրդի որոշ անդամներ, ովքեր նշված գործառույթը հնարավորություն կունենան իրականացնել մեկից ավել բանկերում կամ վարկային կազմակերպություններում: Ներկայացված փոփոխությունները միտված են հնարավորություն ընձեռնելու բանկերի խորհուրդներին առավել բարձր կառավարման որակ ապահովելուն:

Նշված ինստիտուտի ներդնումն արդարացված է օտարերկրյա ներդրումներ խրախուսող երկրների համար, քանի որ այն հնարավորություն է տալիս ինստիտուցիոնալ օտարերկրյա ներդրողներին մի քանի ֆինանսական կառույցներում ներդրում իրականացնելով ունենալ մեկ խորհրդի անդամ, ինչը կխրախուսի նրանց ներդրումներ կատարել, որոնք պակաս ծախսատար կլինեն: Իսկ մյուս կողմից էլ նման կարգավորումը հնարավորություն կտա նման խորհրդի անդամների փորձն ու հեղինակությունը ներմուծել ֆինանսական համակարգ եւ բարձրացնել կոնկրետ կազմակերպության կորպորատիվ կառավարման մշակույթը:

Նշված խորհրդի անդամները միջազգային պրակտիկայում անվանվում են խորհրդի «համատեղող» անդամներ /interlocking directorates/, որոնք իրենց փորձի կամ հեղինակության հիման վրա «հսկողություն» են իրականացնում ընկերության իրավական համապատասխանության, ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաեւ ընկերության ընդհանուր կառավարման վերաբերյալ այլ հարցերի նկատմամբ: Բացի դրանից, այդ ինստիտուտի առկայությունը հնարավորություն է տալիս ձեւավորել տվյալ ոլորտում միասնական քաղաքականություն: Այսինքն՝ ըստ էության նշված ինստիտուտի ներդնումը հնարավորություն է տալիս ապահովելու ոլորտում առկա գործելաոճի միասնականությունը:

Այս ինստիտուտը ծագել է 1970-ականներին ԱՄՆ-ում, այնուհետեւ լայնորեն տարածվել եվրոպական երկրներում: Եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Անգլիայում առկա է նման ինստիտուտ: Այնուամենայնիվ առկա են նաեւ այլ համակարգեր, որոնք արգելում են նման խորհրդի անդամների ինստիտուտի առկայությունը (օրինակ՝ Իտալիա):

Կան դեպքեր, երբ խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման համար տրամաբանական չէ ժողովի կողմից որոշում կայացնելը, այն պետք է լինի փաստի ուժով, ինչը Օրենքը չի նախատեսում, օրինակ, խորհրդի անդամի դիմումը կամ նրա մահը: Նշված դեպքերի համար առաջարկվում է խորհրդի անդամի լիազորությունների դադարեցում անկախ բանկի ընդհանուր ժողովի որոշումից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1.  օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝    ԱՐՏԱԿ    ՄԱՆՈՒԿՅԱՆ