Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-522-24.03.2020-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 44-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Հանրային պաշտպանի հետ կնքվում է մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի ժամկետը փաստաբանների պալատի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով կարող է երկարացվել մեկական տարով:»:

Հոդված 4. Օրենքի 45-րդ հոդվածում.

1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ նոր՝ խմբագրությամբ.

«5. Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեից, որոնք ներառում են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, տեղակալների եւ հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերը, լրացուցիչ աշխատավարձերի գումարները, ինչպես նաեւ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման, այդ թվում նաեւ՝ օժանդակ աշխատակազմի վարձատրության, նրանց ճանապարհային եւ հեռախոսային խոսակցության ծախսերի փոխհատուցման հետ կապված այլ ծախսերը:»:

2) 6-րդ մասի երկրորդ նախադասությունում «աշխատանքային» բառից հետո լրացնել «կամ ծառայությունների վճարովի մատուցման» բառերով.

3) 8-րդ մասում «նախատեսված գումարի» բառերից հետո լրացնել «(չհաշված լրացուցիչ աշխատավարձի համար նախատեսված գումարը)» բառերը:

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ մաս.

«9. Լրացուցիչ աշխատավարձի գումարը հաշվարկվում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, տեղակալների եւ հանրային պաշտպանների աշխատանքի վարձատրության համար նախատեսված գումարի տասը տոկոսի չափով: Լրացուցիչ աշխատավարձի գումարը կարող է ծախսվել միայն հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին, տեղակալներին եւ հանրային պաշտպաններին լրացուցիչ աշխատավարձ տալու համար՝ փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված կարգով:»:

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ մաս.

«10. Հանրային պաշտպանի՝ փաստաթղթերով չհիմնավորված տրանսպորտային ծախսի ամսական թույլատրելի չափը Երեւան քաղաքի եւ մարզերի համար հաստատում է արդարադատության նախարարը: Սույն մասում նշված ծախսի ամսական թույլատրելի չափը չգերազանցող տրանսպորտային փոխհատուցումը չի հարկվում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Առկա իրավիճակը եւ կարգավորման ենթակա խնդիրները.
 

  •  Հանրային պաշտպանների սոցիալական երաշխիքների մասով

    «Փաստաբանության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտպանի եւ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով:

    Այս կարգավորման նպատակն այն է, որ հանրային պաշտպանը` որպես քրեական արդարադատության ոլորտում դատախազության ներկայացուցիչներին հավասարազոր մրցակից կողմ, ունենա նույնանման սոցիալական երաշխիքներ:

    Մյուս կողմից, այս կարգավորման նպատակը հանրային պաշտպանի աշխատանքի համար դատախազության ներկայացված պաշտոնին համարժեք կադրերի ներգրավվումը, մրցունակ առաջարկ ունենալն է եւ դրա արդյունքում պատշաճ որակի իրավաբանական օգնության ցուցաբերելը:

    Գործնականում, սակայն, իրավիճակն այդ նպատակադրմանը չի համապատասխանում: Իրականում հավասարեցված են միայն դատախազի եւ հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափերը, մինչդեռ դատախազները հիմնական աշխատավարձից բացի ստանում են նաեւ հավելավճարներ եւ պարգեւատրումներ, իսկ հանրային պաշտպանների համար այդպիսի հնարավորություն առկա կարգավորումները չեն նախատեսում: Ավելին, ի տարբերություն հանրային պաշտպանների՝ դատախազներն օգտվում են նաեւ այլ սոցիալական երաշխիքներից, օրինակ՝  30 աշխատանքային օր տեւողությամբ ամենամյա հերթական վճարովի արձակուրդ, պարտադիր բժշկական ապահովագրություն, սոցիալական փաթեթի հավելյալ բաղադրիչներ եւ այլն: Այսպես.

    «Դատախազության մասին» օրենքի 64-րդ հոդվածի համաձայն՝ դատախազների վարձատրության, այդ թվում` հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

    Ըստ վկայակոչված օրենքի 6-րդ հոդվածի՝ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է նույն օրենքով սահմանված հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշ:խատավարձից եւ պարգեւատրումներից: Լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները եւ հավելավճարները:

    ա) Պարգեւատրման մասով

    Նույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր մարմնի համար պարգեւատրման ֆոնդը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի առնվազն 10 տոկոսը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական ծառայողի պարգեւատրման չափը հաշվարկվում է նրա հիմնական աշխատավարձի նկատմամբ:

    Փաստորեն օրենքի ուժով յուրաքանչյուր պետական մարմնի, այդ թվում՝ դատախազության աշխատավարձի տարեկան ֆոնդի առնվազն 10 տոկոսի չափով նախատեսվում է պարգեւավճարների ֆոնդ, դրան հակառակ, հանրային պաշտպաններին նույնիսկ առանձին դեպքերում պարգեւատրում տրամադրելու հնարավորություն օրենսդրորեն առկա չէ:

    Ուստի առաջարկվում է  օրենքով պարգեւատրումների համար սահմանել հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ միջոցներ հատկացնելու պարտադիր պահանջ:

    բ) Հավելավճարի մասով

    «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն՝ դատախազին վճարվում է հավելավճար դատախազի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով: Բացի այդ, դատախազը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար:

    Քանի որ հանրային պաշտպանները պետական ծառայության մեջ չեն գտնվում եւ հետեւաբար չեն գտնվում դասային աստիճանակարգության մեջ, նրանց նկատմամբ կիրառելի է նույն օրենքի միայն այն դրույթը, որը հավելավճար՝ որպես պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում վճարելու հիմք է դիտում աշխատանքային ստաժը, օտար լեզուների իմացությունը:

    Հանրային պաշտպաններն ինչպես աշխատանքային ստաժի, այնպես էլ օտար լեզուների իմացության համար հավելավճար չեն ստանում՝ պետության կողմից այդ նպատակով միջոցներ չհատկացվելու պատճառով: Դրա արդյունքում գրասենյակում աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող հանրային պաշտպանները գտնվում են հավասար պայմաններում այդպիսի փորձ չունեցող հանրային պաշտպանների նկատմամբ, ինչը անհամաչափ մոտեցում է նրանց նկատմամբ: Բացի այդ, աշխատանքային ստաժի եւ օտար լեզուների իմացության համար հանրային պաշտպաններին հավելավճար տրամադրելու հնարավորության առկայության դեպքում հնարավոր կլինեն կանխել փորձառու եւ բարձր որակավորում ունեցող հանրային պաշտպանների արտահոսքը՝ ապահովվելով ցուցաբերվող անվճար իրավաբանական օգնության պատշաճ որակը:

    Նշված նպատակադրումից ելնելով՝ առաջարկվում է աշխատանքային ստաժի եւ օտար լեզուների իմացության համար հանրային պաշտպաններին հավելավճար տրամադրելու նպատակով օրենքով սահմանել հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ միջոցներ հատկացնելու պարտադիր պահանջ:

    Նշված փոփոխությունները գործնականում իրականացնելու համար հանրային պաշտպանի գրասենյակին պետական միջոցներից անհրաժեշտ է տրամադրել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի եւ հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերի առնվազն 10 տոկոսի չափով հավելյալ միջոցներ, որը տարեկան կազմում է  32,114,277 (երեսուն երկու միլիոն, հարյուր տասնը չորս հազար, երկու հարյուր յոթանասուն յոթ) ՀՀ դրամ: 

  •   Տրանսպորտային ծախսերի հատուցման մասով

    Հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսերի փոխհատուցման համար նախատեսված է աշխատավարձի ֆոնդի երեսուն տոկոսի չափով գումար:

    Այդ գումարով է կատարվում նաեւ հանրային պաշտպանների տրանսպորտային ծախսերը:

    Երեւան քաղաքում 31 հանրային պաշտպանի փոխադրումը կազմակերպվում է երկու տրանսպորտային միջոցներով, որոնք սակայն չեն հասցնում: Այդ պատճառով քրեական գործերով հանրային պաշտպաններին լրացուցիչ փոխհատուցվում է ամսական որոշակի գումար՝ երթուղային տրանսպորտից օգտվելու համար:

    Խնդիրը կայանում է նրանում, որ առկա իրավակարգավորումներում, Փաստաբանների պալատը տրանսպորտային փոխհատուցման դիմաց ստիպված վճարում է եկամտային հարկ, քանի որ անհարկի բարդացվում է փաստաթղթավորված տրանսպորտային ծախս ցույց տալը: Օրինակ, որպեսզի հանրային պաշտպանը դատարան գնալու եւ վերադառնալու համար ստանա 200 ՀՀ դրամ, ապա պետք է ներկայացնի դատական նիստի ծանուցագիրը, դատարանում մասնակցելու փաստը հաստատող ապացույց: Դժվարություններ են առաջացնում, երբ նույն օրվա ընթացքում քննչական գործողություններին եւ դատական նիստերին մասնակցելու համար հանրային պաշտպանը ստիպված պետք է քրեական գործի բոլոր հատորներն իր մոտ պահել, ինչը երթուղային տրանսպորտով ապահովելը գրեթե անհնար է դարձնում:

    Հարկ է նկատել, որ ներքաղաքային տրանսպորտի ծառայությունների համար կատարված ծախսերը հանրային պաշտպանները չեն կարող ներկայացնել նաեւ համապատասխան վճարումը հավաստող փաստաթուղթ չտրամադրվելու պատճառով:

    Խնդիրը կարող է լուծվել «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսելով, որ որոշակի գումար հատկացնելը տրանսպորտային ծախսի դիմաց չի հարկվում: Ընդ որում, փոխհատուցման թույլատրելի չափի սահմանումը առաջարկվում է վերապահել համապատասխան պետական մարմնին:
     

  • Հանրային պաշտպանների աշխատանքային պայմանագրերի ժամկետների մասով

    Հաշվի առնելով, որ հանրային պաշտպանների հաստիքների քանակը պայմանավորված է յուրաքանչյուր տարվա համար պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման չափից, ՀՀ փաստաբանների պալատը չի կարող երաշխավորել հանրային պաշտպանների հաստիքների հաստատուն քանակ եւ չի կարող հանրային պաշտպանների հետ կնքել աշխատանքային պայմանագրեր անորոշ ժամկետով, ուստի առաջարկվում է խնդիրը լուծել օրենսդրական փոփոխությամբ: Մասնավորապես առաջարկվում է «Փաստաբանության մասին» օրենքում կատարել լրացում՝ ամրագրելով, որ հանրային պաշտպանի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով, որի ժամկետը ՀՀ փաստաբանների պալատի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով կարող է երկարացվել մեկական տարով:

    ՀՀ փաստաբանների պալատում գործում է խորհրդի եւ նախագահի կողմից հաստատված ներքին իրավական ակտեր, որոնք առնչվում են հանրային պաշտպանի մրցույթին եւ հանրային պաշտպանի ջանասիրության գնահատմանը: Այս իրավական ակտերով, առավել ցածր միավորներ ստացած հանրային պաշտպանների որոշակի տոկոսի հետ աշխատանքային պայմանագրերը չեն երկարացվում եւ նրանք պետք է կրկին մրցույթի մասնակցեն: Այս համակարգը լրացուցիչ խթանման միջոց է ծառայում:

  • Հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների մասով

    «Փաստաբանության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ մասը  հնարավորություն է տալիս փաստաբանների պալատի նախագահին անհրաժեշտության դեպքում ժամավճարային դրույքաչափեր նախատեսող «աշխատանքային պայմանագրեր» կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ:

    Հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբաններին հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքներում ընդգրկելն առավել հաճախ անհրաժեշտ է լինում  առանձին գործերով, որպիսի հարաբերություններն իրենց բնույթով ծառայությունների մատուցում են ենթադրում, եւ այդ դեպքերում բովանդակային առումով պետք է կնքվեն ծառայությունների մատուցման պայմանագրեր: Աշխատանքային պայմանագրեր կնքելու պարտականությունը խնդիր է առաջացնում, քանի որ նույնիսկ մի քանի ժամ ծառայության դիմաց աշխատանքային պայմանագիր կնքելով, ՀՀ փաստաբանների պալատը պարտադրված է լինելու ապահովել աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված բոլոր երաշխիքները, որոնք լրացուցիչ ծախսեր են առաջացնելու փաստաբանների պալատի, հետեւաբար եւ պետության համար: Ուստի, անհրաժեշտ է կարգավորման ձեւակերպման մեջ կատարել համապատասխան լրացում:

    2. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

    Առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների կատարման նպատակն այն է, որ որոշակի չափով համահարթեցվի հանրային պաշտպանների` որպես քրեական արդարադատության ոլորտում դատախազության ներկայացուցիչներին հավասարազոր մրցակից կողմի, եւ դատախազների սոցիալական երաշխիքներ: Հնարավոր լինի հանրային պաշտպանի աշխատանքի համար ներգրավվել որակյալ կադրեր, որպես գործատու ունենալ մրցունակ առաջարկ, կանխել որակյալ մասնագետների արտահոսքը:

    Որպես վերջնական արդյունք ակնկալվում է կանխել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից ցուցաբերվող անվճար իրավաբանական օգնության որակի հնարավոր անկումը եւ ապահովել տրամադրվող օգնության որակի աճ:

    3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

    Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի, պատգամավոր Շաքե Իսայանի եւ ՀՀ փաստաբանների պալատի կողմից:

    3. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

    Առաջարկվող կարգավորումների նորմատիվ բնույթը պայմանավորված է նրանով, որ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, իսկ հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորման եւ գործունեության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Փաստաբանության մասին» օրենքով:

    Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
    ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

    ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

    23 մարտ 2020թ.


    ՀՀ  ԱԶԳԱՅՆԻՆ ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
    ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

                 Հարգելի՛ պարոն Միրզոյան,

    Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության, 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ՀՀ «Փաստաբանության  մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը:

    Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

    1) օրենքի նախագծի (հիմնական զեկուցող՝ Շաքե Իսայան).

    2) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը.

    3) գործող օրենքի   փոփոխվող եւ լրացվող  հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

    Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
     
     

    Հարգանքով՝ 
    ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
    ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆ