Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-525-25.03.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14) համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը, ներառյալ համայնքում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության խթանումը»:

Հոդված 2. Օրենքի 46-րդ hոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) աջակցում է համայնքում իրականացվող էկոլոգիական ոչ ֆորմալ կրթության եւ դաստիարակության ծրագրերի իրականացմանը»:

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ, վավերացրել է մի շարք միջազգային բնապահպանական համաձայնագրեր (կոնվենցիաներ եւ դրանց արձանագրություններ), որոնցով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներում մեծ նշանակություն է տրվում Էկոլոգիական կրթությանը եւ դաստիարակությանը: Բնապահպանական ուղղվածության կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է միջազգային պարտավորություններ, ինչպիսիք են` բնապահպանական հիմնախնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացումը, համապատասխան կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումը եւ էկոլոգիական կրթության խթանումը:

2018 թվականի փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության զարգացման ռազմավարությունը»: Այն նախանշում է Հայաստանում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառի զարգացման ուղիները: Ռազմավարությունը վեր է հանում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության հիմնախնդիրները, ներկայացնում է համակարգի զարգացումն ապահովող ռազմավարական գործողությունները, ինչպես նաեւ նախադպրոցական, միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն, հետբուհական եւ լրացուցիչ կրթության ոլորտներում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության համակարգի զարգացումը:

Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության զարգացման ռազմավարությունը սահմանում է մի շարք իրավական ակտերում փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որոնց շարքում են նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես վերը նշված խնդիրներով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 22-ի «2018 թվականի փետրվարի 22-ին «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» N7 արձանագրային որոշմամբ հաստատված աղյուսակ 6-1 կետի` 1.«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը միջոցառման իրականացման անհրաժեշտությունից:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված չեն էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառում համայնքների լիազորությունները եւ պարտականությունները: Այս իմաստով համայնքների դերը անկյունաքարային է եւ անհրաժեշտություն է առաջանում սահմանել այն իրավական ակտով, ինչի արդյունքում համայնքներում կմեկնարկի այս գործառույթի իրականացումը եւս:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում, որպես համայնքի պարտադիր խնդիր ներառված է «համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը» խնդիրը: Հոդվածով առաջարկվող լրացումը` «ներառյալ համայնքում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության խթանումը» պահանջի կիրառումը կնպաստի համայնքներում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության դերի բարձրացմանը, մատաղ սերնդի, ինչպես նաեւ ողջ հասարակության էկոլոգիական աշխարհայացքի, հայրենի բնության նկատմամբ պատասխանատու եւ հոգատար վերաբերմունքի ձեւավորմանը, ներկա եւ ապագա սերունդների համար էկոլոգիապես անվտանգ շրջակա միջավայրի ապահովմանը, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Այս ամենը հիմք կհանդիսանա իրականացնելու համար «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում ներառված «համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը» խնդիրը, քանի որ միայն էկոլոգիական գիտելիքներ ունեցող եւ իրազեկ քաղաքացին կարող է նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը:

Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է հետեւյալ բովանդակությամբ նոր կետով` «աջակցում է համայնքում իրականացվող էկոլոգիական ոչ ֆորմալ կրթության եւ դաստիարակության ծրագրերի իրականացմանը»:

Որպես կրթության յուրահատուկ ձեւ` ոչ ֆորմալ կրթությունը թույլ է տալիս համայնքի տարբեր խմբերի ներկայացուցիչներին /նախադպրոցական, դպրոցական, երիտասարդներ, բնակիչներ/ ձեռք բերել եւ զարգացնել շարունակ փոփոխվող շրջակա միջավայրի պահանջներին /պայմաններին/ համապատասխան հմտություններ, կարողություններ եւ գիտելիքներ:

Դրանք կարող են ձեռք բերվել տարաբնույթ կրթական միջոցառումների եւ տեղեկատվական նախաձեռնությունների տեսքով, որոնք տեղի են ունենում ֆորմալ կրթական համակարգից դուրս: Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում համայնքների բնակչության տարբեր խմբերի համար իրականացվելու են յուրաքանչյուր տարիքային խմբին համապատասխան ծրագրեր: Ոչ ֆորմալ կրթական ծրագրերը համայնքները կարող են իրականացնել շրջակա միջավայրի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների, ինչպես նաեւ միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Հասարակության տարբեր խմբերի /երեխաներ, երիտասարդներ, համայնքի այլ բնակիչներ/ համար իրականացված ծրագրերը ուղղված են մատաղ սերնդի էկոլոգիական աշխարհայացքի, հայրենի բնության նկատմամբ պատասխանատու եւ հոգատար վերաբերմունքի ձեւավորմանը, համայնքի երիտասարդների եւ բնակչության էկոլոգիական գիտակցության եւ մշակույթի բարձրացման նպաստմանը, էկոլոգոտնտեսական որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության արդյունավետության բարձրացմանը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն:

4. Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող օրենքի փոփոխությունով կկատարելագործվի բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը` ՀՀ տնտեսական եւ կրթական բարեփոխումներին ներդաշնակ եւ «Կրթություն` հանուն կայուն զարգացման ռազմավարության» սկզբունքներին համահունչ, նպատակ ունենալով ուժեղացնելու բնապահպանական կրթության եւ դաստիարակության դերը:

Նախագծի ընդունումը կնպաստի նաեւ ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հանրության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայով (Օրհուս, 1998թ.), «Կենսաբանական բազմազանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով, «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով, «Անապատացման դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաով ստանձնած էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառին վերաբերվող պարտավորվածությունների իրականացմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

12 մարտի 2020 թվականի N 269 - Ա

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Տ. ԱՎԻՆՅԱՆ

2020 թ. մարտի 12
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

23 մարտի 2020 թվականի N 380 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մարտի 23
Երեւան



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 269-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Հարգանքով`
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ