Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-549-07.04.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239 Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 203. Հողամաս, շենք, շինություն եւ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելու եւ գույք տեղադրելու արգելքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր օրինական տիրապետման ներքո գտնվող հողամասը, շենքը, շինությունը եւ այլ անշարժ գույքի տարածք այլոց մուտք գործելուց զերծ պահելու իրավունք:

2. Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն եւ այլ անշարժ գույքի տարածք կամ այդ տարածքում  առանց օրինական տիրապետողի թույլտվության տեղադրել որեւէ շարժական գույք (այսուհետ՝ ներխուժում):

Ներխուժում է համարվում նաեւ՝

1) օրինական տիրապետողի թույլտվությամբ հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը  հեռացնելու  վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը.

2) օրենքով սահմանված հիմքերով հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից այդ հիմքերի դադարումից կամ օրենքով նախատեսված համապատասխան գործողություններ կատարելուց հետո հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը:

3. Ներխուժում առկա չէ այն դեպքերում, երբ հողամասը ցանկապատված, պարսպապատված չէ, կամ չկա հողամասը մուտք գործելն արգելող որեւէ գրավոր կամ ձայնային հայտարարություն կամ պատկերային նշան, եւ հողամաս մուտք գործելը վնաս չի պատճառի հողամասին:

4. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ներխուժում առկա չէ մինչեւ Կառավարության սահմանած կարգով համապատասխան իրավասու մարմնի կողմից հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու պահը:

5. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն` առանց որեւէ թույլտվության, գտնվելու պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող` բոլորի համար բաց հողամասերում եւ օգտվելու դրանցում եղած բնական օբյեկտներից` պահպանելով օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված նորմերը:

6. Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողն իրավունք ունի խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ ներխուժման հետեւանքին համարժեք ուժ գործադրելու, եթե ոչ ուժային միջոցները չեն կարող կանխել կամ վերացնել ներխուժումը: Օրինական տիրապետողն իրավունք ունի հեռացնելու իր հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի գույքը: Սույն մասով նախատեսված պայմաններում ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով ձեռնարկված գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ:

7. Հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը եւ պայմանները սահմանում է կառավարությունը:

8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու, հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 2. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը ընդունում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու, հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու կարգը սահմանող համապատասխան որոշում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածը կարգավորում է հողամասի, շենք, շինության եւ այլ անշարժ գույքի տարածք առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հետ կապված իրավահարաբերությունները՝ սահմանելով ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողի կողմից  խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու իրավունքի իրականացման մեխանիզմները: Մասնավորապես, վկայակոչված հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը եւ պայմանները սահմանում է կառավարությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի կարգավորումից ուղղակիորեն բխում է, որ օրենսդիրը  որեւէ իրավակարգավորում չի նախատեսում  այն դեպքերի համար, երբ անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա տեղադրված կամ կառուցված է շարժական գույք եւ հողամասի սեփականատիրոջը անհրաժեշտ է հողամասն ազատել այդ շինություններից: Ավելին, նշյալ հոդվածի 2-րդ մասի իմաստով ներխուժում է համարվում միայն ֆիզիկական անձի կողմից շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելը:

Իր հողամասում գտնվող շարժական գույքն հեռացնելու օրենսդրորեն սահմանված միակ արդյունավետ եղանակը դատական ընթացակարգն է: Ստացվում է, որ ներկա կարգավորման պայմաններում անշարժ գույքի սեփականատերը իր հողամասի վրա տեղադրված շարժական գույքի ապամոնտաժման համար յուրաքանչյուր դեպքում ստիպված է հարցը լուծել դատական կարգով, ինչը կարող է լինել բավականին ժամանակատար եւ հանգեցնել իրար հակասող դատական ակտերի կայացման, հետեւաբար ոչ միատեսակ դատական պրակտիկայի ձեւավորման:

Վերոգրյալից բխում է, որ անհրաժեշտ է սահմանել համապատասխան կարգավորում այն դեպքերի համար, երբ սեփականատիրոջը պատկանող հողամասում այլ անձի կողմից տեղադրվել է  շարժական գույք եւ հողամասի սեփականատիրոջը անհրաժեշտ է հողամասն ազատել այդ շինությունից:

Հատկանշական է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունից եւս բխում է նման կարգավորումների առկայության մասին:

Անգլիայի «Պարտավորությունների մասին» օրենքը նախատեսում է ներխուժման ինտիտուտը: Մասնավորապես Անգլիայում առանձին կարգավորվում է նախատեսվում ուրիշի հողամաս ներխուժելու դեպքերի համար (Անգլիական իրավունքում նշված տերմինը հայտնի է որպես Trespass to land):

Անգլիական իրավունքի համաձայն՝ ներխուժում է դիտարկվում մուտքը ուրիշի հողամաս, այնտեղ մնալը կամ այնտեղ որեւէ նյութական առարկա դնելը  կամ նետելը:

Ներխուժող համարվում այն անձը, ով առանց թույլտվության գտնվում է այլ անձի տարածքում, որի սեփականատերը տեղյակ չէ նրա ներկայության մասին կամ տեղեկացված լինելու դեպքում դեմ է դրան: Ընդհանուր կանոնը կայանում է նրանում, որ սեփականատերը չունի ոչ մի տեսակի պարտականություն ներխուժող անձի նկատմամբ, ով ներխուժել է իր ռիսկով: Այն դեպքում, երբ ներխուժածի ներկայությունը հայտնի է սեփականատիրոջը, նա իրավունք չունի մտադրված վնաս պատճառել ներխուժողին կամ ստեղծել մի իրավիճակ, որի պարագայում կարող է մտադրված վնասել ներխուժողին:
Հողի սեփականատիրոջն է պատկանում այն ամենը, ինչ գտնվում է հողի վրա եւ դրա տակ: Հետեւաբար, հողամասի սեփականատերը իրավունք ունի պահանջելու ներխուժման վերացում:

2. Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը եւ բնույթը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բացակայում է որեւէ կարգավորում հողամասի սեփականատիրոջ տարածքում տեղադրված շարժական գույքի հեռացման կամ ապամոնտաժման հարցերի կանոնակարգման դեպքերի համար:

Մինչդեռ, պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ նման դեպքերը բավականին շատ են, իսկ ներկա կարգավորման պայմաններում բարձրացված խնդրի իրավական լուծումը միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ եւ 277-րդ հոդվածնորով նախատեսված մեխանզիմներ են, որոնք անշարժ գույքի սեփականատիրոջը հնարավորություն են տալիս դիմել դատարան՝ պահանջելով իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից կամ վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզեւ այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

Հետեւաբար, նման պայմաններում անշարժ գույքի սեփականատերը իր հողամասի վրա տեղադրված շարժական գույքի ապամոնտաժման կամ հեռացման համար յուրաքանչյուր դեպքում ստիպված է հարցը լուծել դատական կարգով, քանի որ օրենսդրությունը նման հարցերի լուծման արտադատական մեխանիզմներ չի նախատեսում:

Մինչդեռ, ակնհայտ է, որ նման հարցերի լուծման արտադատական մեխանիզմի նախատեսումը կարեւոր է եւ ժամանակի եւ միջոցների խնայողության տեսանկյունից:
Այս նպատակը իրագործելու համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի իրավակարգավորում, որը հնարավորություն կտա սեղմ ժամկետներում ապամոնտաժել սեփականատիրոջ հողամասում տեղակայված շարժական գույքը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել քաղաքացիական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան լուծել ոչ հիմնական շինություններ հետ կապված խնդիրները: Իրավակարգավորումների ստեղծումից հետո Կառավարության որոշմամբ արդեն մանրամասն կկարգավորվեն անշարժ գույքի տարածքում տեղադրված շարժական գույքի ապամոնտաժման հարցերը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության եւ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի արտադատական կարգով լուծել շարժական գույքերի ապամոնտաժման հարցը, որը հնարավորություն կտա անշարժ գույքի սեփականատերերին առանց ժամանակի մեծ կորստի եւ ծախսերի ազատել իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքը ոչ հիմնական շինություններից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

26 մարտի 2020թվականի  N364  - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ      Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 2020թ. մարտի 27
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 ապրիլի 2020 թվականի  N 426 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության արդարադատությաննախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ      Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 2020թ. ապրիլի 6
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 364-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հարգանքով`              ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ