Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-551-07.04.2020-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵԿԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2012 թվականի հունիսի 24-ին ընդունված «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵԿԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2012թ. հունիսի 20-ից-26-ը Պեկինում կայացած տեսալսողական կատարումների պահպանության դիվանագիտական համաժողովում ընդունվեց Տեսալսողական կատարումների մասին Պեկինի պայմանագիրը: Պայմանագիրը վերաբերում է կատարողների` տեսալսողական կատարումների նկատմամբ իրավունքների պահպանությանն ու պաշտպանությանը:

Պայմանագիրն արդիականացնում է երգչների, երաժիշտների, պարողների եւ դերասանների իրավունքները տեսալսողական կատարումների նկատմամբ` լրացնելով 1961թ-ին Հռոմում ընդունված կատարողների, հնչյունագիր արտադրողների եւ հեռարձակող կազմակերպությունների իրավունքների պաշտպանության մասին Հռոմի կոնվենցիան, ինչպես նաեւ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) Կատարողների եւ հնչյունագիր արտադրողների մասին պայմանագիրը:

Տեսալսողական կատարումների մասին Պեկինի պայմանագիրը կարգավորում է դերասանների կատարումները, որոնք հաղորդվում են կինեմատոգրաֆիայի եւ հեռուստատեսության միջոցով, ինչպես նաեւ երաժշտական կատարումները, երբ դրանք ամրագրված են տեսասկավառակների վրա կամ որեւէ այլ տեսալսողական հարթակում:

Պեկինյան պայմանագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է հատկապես նոր թվային տեխնոլոգիաների զարգացմամբ եւ կատարողներին ավելի լայն իրավական պաշտպանության տրամադրմամբ:

Տեսալսողական ամրագրումներում ամրագրված կատարումների համար Պայմանագրում նախատեսված են վերարտադրության, տարածման, վարձույթով տալու եւ մատչելի դարձնելու գույքային իրավունքները, իսկ չամրագրված կատարումների համար` դրանց ամրագրման, հեռարձակման եւ հանրությանը հաղորդման իրավունքները:

Պայմանագրին միացած պետությունների համար.

1. կստեղծվի նպաստավոր պայմաններ ազգային մշակույթի, բանահյուսության եւ մշակութային արժեքների ներկայացման եւ փոխանակման համար:

2. մեկ անդամ պետությունը լիարժեք պահպանություն կապահովի մյուս անդամ պետության քաղաքացուն, դրանով իսկ երաշխավորելով տեղական արտադրողներին եւ կատարողներին օգտվելու իրենց գույքային իրավունքներից, երբ նրանց ֆիլմերը, հեռուստասերիալներն ու այլ տեսալսողական ստեղծագործությունները կցուցադրվեն կամ հասանելի կլինեն այլ երկրներում:

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Եզրակացություն

«Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ
նախատեսող դրույթների առկայության մասին

Պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն:

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ



ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՊԵԿԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Պայմանագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող դրույթներ, սակայն դրանում առկա են օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Պայմանագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից` համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության
գործակալության պետ` Կ. ԽՏՐՅԱՆ



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵԿԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ
ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանն անդամակցել է 1993 թվականից` միանալով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հիմնադրման մասին կոնվենցիային (Հայաստանի Հանրապետության համար համար ուժի մեջ է մտել 1993թ. ապրիլի 22-ին):

Հայաստանի Հանրապետությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության շրջանակներում միացել է շուրջ 19 միջազգային պայմանագրերի:

«Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրն (այսուհետ` Պայմանագիր) ընդունվել է 2012թ. հունիսի 24-ին:

Պայմանագրի նպատակն է հնարավորինս արդյունավետ եւ միասնականորեն զարգացնել եւ պահպանել կատարողների իրավունքները իրենց տեսալսողական կատարումների նկատմամբ, ընդունել կատարողների` իրենց տեսալսողական կատարումների նկատմամբ իրավունքների եւ հանրային շահերի միջեւ հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը մասնավորապես կրթության, հետազոտությունների եւ տեղեկատվության հասանելիության բնագավառներում:
Պայմանագրի 23-րդ հոդվածի 1-ին համաձայն` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ցանկացած անդամ պետություն կարող է դառնալ Պայմանագրի կողմ:

2019թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ Պայմանագիրն ուժի մեջ չի մտել:

2019թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ Պայմանագրին ստորագրել է 47 պետություն, միացել է 14 պետություն, վավերացրել է 13 պետություն (ցանկը կից ներկայացվում է):

Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն Պայմանավորվող կողմը կարող է սահմանափակել սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների եւ բացառությունների կիրառումն այն ստեղծագործությունների նկատմամբ, որոնք համապատասխան մատչելի ձեւաչափով չեն կարող առեւտրային ճանապարհով ձեռք բերվել շահառուների համար ողջամիտ պայմաններով այդ շուկայում: Այս հնարավորությունից օգտվող յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ այդ մասին հայտնում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին ի պահ հանձնված ծանուցման մեջ` Պայմանագիրը վավերացնելու, ընդունելու կամ դրան միանալու ժամանակ կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ (հայտարարություն անելու նպատակահարմարության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաեւ հայտարարության տեքստի նախագիծ):

Հաշվի առնելով վերոգրյալը` «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի նախարարի
տեղակալ Արտակ Ապիտոնյան



ՑԱՆԿ

«Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագրի մասնակից պետությունների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

9 հունվարի 2020 թվականի N 6 - Ա

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵԿԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2012 թվականի հունիսի 24-ին ընդունված «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրն վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունվարի 10
Երեւան



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

6 ապրիլի 2020 թվականի N 427 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2012 թվականի հունիսի 24-ին ընդունված «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. ապրիլի 6
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2012 թվականի հունիսի 24-ին ընդունված «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ