Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-467-04.02.2020,10.04.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 98-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը Կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի եւ կարգավիճակի վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրումը, ինչպես նաեւ բաժնետոմսերի եւ  բաժնետոմսերի սեփականատերերի  (անվանատերերի) վերաբերյալ ցանկացած ծառայողական տեղեկության տրամադրումը, այդ թվում` բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի), քանակի, տեսակի եւ դասի, թողարկողի, բաժնետոմսերով իրականացված գործարքների, բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունների,  թողարկողի բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ սույն օրենքի 197-րդ հոդվածի իմաստով Հայաստանյան անվանատերերին եւ Օտարերկրյա անվանատերերին հասանելի տեղեկությունների տրամադրումը.»:

2) 2-րդ մասի 7-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

3) լրացնել նոր` 3-րդ մաս.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունների  տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Կենտրոնական դեպոզիտարիան եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունները  տրամադրում են տվյալների էլեկտրոնային տեղեկատվական համակարգին հասանելիություն տալու միջոցով, իսկ այդպիսի համակարգ չմուտքագրված տեղեկությունների դեպքում` համապատասխան մարմնից ստացված հարցմանը գրավոր պատասխան ներկայացնելու միջոցով:

Տեղեկությունները տրամադրվում են անվճար, բացառությամբ թղթային ձեւով տրամադրված տեղեկությունների, որի համար հատուցման կարգը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 197-րդ հոդվածում լրացնել նոր` 13-րդ մաս.

«13. Սույն օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված անձանց կողմից` Հայաստանյան կամ Օտարերկրյա անվանատերերի մոտ առկա տեղեկությունների վերաբերյալ հարցումների դեպքում, Կենտրոնական դեպոզիտարիան սույն հոդվածում սահմանված ժամկետներում եւ կարգով դիմում է անվանատերերին եւ դիմումի հիման վրա ստացված տեղեկությունները փոխանցում է հարցումն իրականացնող մարմնին:»:

Հոդված 3. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը  հաջորդող օրը:

2. Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկատվության տրամադրման կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը: