Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-613-13.05.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 դեկտեմբերի 27-ի ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենքի) 19.7 հոդվածի 11-րդ մաս շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ամսվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը`բացառությամբ պահուստային տրանսպորտային միջոցների: Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների կամ միկրոավտոբուսների (բացառությամբ` պահուստային տրանսպորտային միջոցների) քանակից:»

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում 4-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն.

«Կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը ազատվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղեւորափոխադրումների կազմակերպման համար վճարվող պետական տուրքի վճարումից` պահուստային տրանսպորտային միջոցների մասով:»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 19.7 հոդվածի 11-րդ մասը սահմանում է, որ Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղեւորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ամսվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը: Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների կամ միկրոավտոբուսների (ներառյալ` պահուստային տրանսպորտային միջոցների) քանակից:

Այս իրավակարգավորման արդյունքում էականորեն բարձրանում է ուղեւորափոխադրողների կողմից վճարվող տուրքի չափը, քանզի պահուստային տրանսպորտային միջոցները նույնպես դրվում են տուրքի հաշվարկային հիմքում:

Սույն նախագծով առաջարկվում է սահմանել պետական տուրքի գծով արտոնություն տալ բացառապես պահուստային տրանսպորտային միջոցների համար, եթե կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերը զբաղվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործմամբ կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղեւորափոխադրումների կազմակերպմամբ, ինչը ոչ միայն կխրախուսի տվյալ ոլորտում գործունեություն իրականացնողներին, այլեւ կլինի արդարացի մոտեցում, քանզի ուղեւորափոխադրողները արդեն իսկ վճարում են այլ հարկեր ու տուրքեր, այդ թվում վճարում են գույքահարկ պահուստային տրանսպորտային միջոցների համար, եւ պայմանավորված այդ միջոցների չօգտագործմամբ կամ հիմնական տրանսպորտային միջոցների շահագործման անհնարինության դեպքում օգտագործմամբ, ողջամիտ է դրանց մասով պետական տուրքի արտոնության սահմանումը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են`

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Արթուր Դալլաքյան)

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը

Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով`

ԱՐԹՈՒՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ
ԱՐՏՅՈՄ ԾԱՌՈՒԿՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ