Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-629-01.06.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» ենթակետից հանել «(բացառությամբ տեղական արտադրության կոնյակի)» բառերը:

Հոդված. 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» պարբերության համաձայն` արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը` 06:00-ից մինչեւ 22:30-ը, ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի, գովազդը:

Վերոգյալ դրույթը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում տվյալ ոլորտում գործունեություն ծավալող միեւնույն ապրանքային շուկայում գործող կամ դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացողների համար:

Ինչպես նաեւ անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում տեղական եւ արտասահմանյան արտադրողների միջեւ` անհիմն խոչընդոտներ առաջացնելով վերջիններիս համար` Հայաստանի սահմաններից դուրս արտադրված ապրանքը գովազդելու մասով:

Միաժամանակ, համաձայն 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 75-րդ հոդվածի 1-ին մասի` ԵԱՏՄ անդամ պետություններն իրենց մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության նորմերը պետք է կիրառեն անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) նկատմամբ հավասար պայմաններով նույն կերպ եւ հավասար չափով` անկախ այդպիսի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կազմակերպաիրավական ձեւից եւ գրանցման վայրից:

Ծառայությունների առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին Արձանագրության 21-րդ կետի («Եվրասիական տնտեսական միության մասին» Պայմանագրի 16-րդ հավելված) համաձայն ծառայությունների առեւտրին առնչվող բոլոր միջոցների համար յուրաքանչյուր անդամ պետություն մյուս անդամ պետության ծառայությունների, ծառայությունների մատակարարների եւ ստացողների համար պետք է ապահովի այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ չէ սեփական նույն (նմանատիպ) ծառայությունների, ծառայությունների մատակարարների եւ ստացողների համար նույն (նմանատիպ) հանգամանքներում ապահովվող ռեժիմից:

Ըստ այդմ, վերոգրյալ հակասությունները վերացնելու եւ բոլոր տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը` վերացնելով միայն տեղական արտադրության կոնյակի գովազդի համար սահմանված թույլտվությունը:

Միաժամանակ, ս/թ հունվարի 31-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքի մասին Կարգադրությունը: Վերոնշյալ Կարգադրության 1-ին կետով` ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություններին հանձնարարվել է 3-ամսյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք ուղղված կլինեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացմանը:

Հարկ է նշել, որ նշված ցանկում ընդգրկված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի հունիսի 4-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման մասին» թիվ 85 որոշումը: Համաձայն Որոշման 1-ին կետի` Հայաստանի Հանրապետությունը ծանուցվում է 2019 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 75-րդ հոդվածի 1-ին կետի իրականացման մասին, այն է էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներում տեղական արտադրության կոնյակի գովազդի տեղակայման ժամանակ մրցակցության ընդհանուր սկզբունքների պահպանումը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը:

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման, ինչպես նաեւ բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու քաղաքականություն:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը:

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմանների ապահովումը եւ միջազգային պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

14 մայիսի 2020 թվականի N 741 - Ա

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մայիսի 15
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

25 մայիսի 2020 թվականի N 616 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մայիսի 25
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 741-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ