Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-630-01.06.2020-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 
  

Հիմնավորում

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» Համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում:

Համաձայնագրով կարգավորվում են կենսաթոշակային ապահովության բնագավառում ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները:

Ներկայումս ԱՊՀ անդամ մի շարք պետությունների միջեւ գործում է «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը, որի կողմ են նաեւ ԵՏՄ անդամ պետությունները, ըստ որի` կողմերի քաղաքացիների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «տարածքային» սկզբունքով. կենսաթոշակը նշանակում եւ վճարում է քաղաքացու բնակության վայրի պետությունը` անկախ այն հանգամանքից, թե որ պետության տարածքում է ձեռք բերվել աշխատանքային ստաժը: Այսինքն, համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում ձեռք բերված աշխատանքային ստաժերի համար կենսաթոշակը նշանակում եւ վճարում է քաղաքացու բնակության վայրի պետությունը:

Հաշվի առնելով 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագրի իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրները եւ այն հանգամանքը, որ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ նախատեսվում է աշխատուժի ազատ տեղաշարժ` անհրաժեշտություն է առաջացել ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կենսաթոշակային ապահովության հետ կապված հարաբերությունները կանոնակարգել նոր սկզբունքների ներքո (նոր իրողությունները հաշվի առնելով):
Համաձայնագրով նախատեսվում է, որ`

1. աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձեւավորվում եւ իրականացվում են այն պայմաններով եւ կարգով, որով ձեւավորվում եւ իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների  կենսաթոշակային իրավունքները,

2. կենսաթոշակն արտահանվելու է` յուրաքանչյուր պետություն հաշվարկելու եւ վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե Համաձայնագրի անդամ որ պետությունում է բնակվում անձը (կենսաթոշակային ապահովության իրավունքի իրացման «համամասնական» սկզբունք): Կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել Համաձայնագրի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով,

3. Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակում եւ վճարում է այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը, իսկ մինչեւ Համաձայնագրի ուժի մեջ մտնելը ձեռք բերված աշխատանքային ստաժի համար շարունակվելու է կիրառվել 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը,

4. Համաձայնագրի կիրարկումն ապահովվելու է լիազոր, իրավասու մարմինների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ Համաձայնագրի կիրառության փոխգործակցության կարգով (այսուհետ` Կարգ), որը հաստատելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը:

Հաշվի առնելով Համաձայնագրի կարեւորությունը նոր իրողությունների համատեքստում` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում նշյալ Համաձայնագրի վավերացումը:

Տեղեկացնում ենք նաեւ, որ Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
 
 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումը
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում:

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը մշակվել է 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի» դրույթներին համապատասխան` ղեկավարվելով ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կենսաթոշակային ապահովության բնագավառում հարաբերությունները կարգավորելու ձգտումով:

Համաձայնագրով նախատեսված է աշխատողի կենսաթոշակային իրավունքների ձեւավորվում եւ իրականացում այն պայմաններով եւ կարգով, որով ձեւավորվում եւ իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները, կենսաթոշակն արտահանվելու է` յուրաքանչյուր պետություն հաշվարկելու եւ վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե համաձայնագրի անդամ որ պետությունում է բնակվում անձը: Կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել Համաձայնագրի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով: Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակում եւ վճարում է այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը, իսկ մինչեւ Համաձայնագրի ուժի մեջ մտնելը ձեռք բերված աշխատանքային ստաժի համար շարունակվելու է կիրառվել 1992 թվականի մարտի 13-ի` «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» Համաձայնագիրը:

Հաշվի առնելով վերոգրյալը` «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
                                                                                                                                 ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ
 
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ





Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, ինչպես նաեւ օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից` համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ  կետերի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության
գործակալություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) 7 րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե մեկ անդամ պետության տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժը բավարար չէ կենսաթոշակի իրավունքի ծագման համար, ապա հաշվի է առնվում մյուս անդամ պետությունների տարածքներում այդ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ձեռք բերված աշխատանքային ստաժը` բացառությամբ այն դեպքերի, երբ նման ստաժը ժամանակի առումով համընկնում է:

Համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակվում եւ վճարվում է այն անդամ պետության կողմից, որի տարածքում ձեռք է բերվել համապատասխան աշխատանքային ստաժը:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ Համաձայնագրի վերոհիշյալ հոդվածները Հայաստանի Հանրապետության համար ենթադրում են ֆինանսական պարտավորություններ, ուստի եւ` պետական բյուջեի ծախսերի ավելացում:

Միաժամանակ Համաձայնագիրը եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻՆ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ

Հարգելի գործընկերներ

Ի պատասխան ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2020 թվականի փետրվարի 12-ի թիվ ԶԲ/ԱՆՄ-1-3/3521-2020 գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի` հայտնում ենք, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով`  ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

26 մարտի 2020 թվականի  N   407 - Ա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մարտի 30
Երեւան  
  
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

25 մայիսի 2020 թվականի  N 615 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ           Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մայիսի 25
Երեւան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Հարգանքով`       ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ